Մեկնաբանություն

21.10.2019 23:35


Ինչի՞ մասին են «ծռերի» հետ կոնֆիդենցիալ հանդիպումները

Ինչի՞ մասին են «ծռերի» հետ կոնֆիդենցիալ հանդիպումները

Հայաստանում ստեղծված իրավիճակը եւ հնարավոր զարգացումները ճիշտ հասկանալու համար պետք է արձանագրել շատ կարեւոր մի փաստ. միակ «քաղաքական» ուժը, որի հետ Փաշինյան Նիկոլը պարբերաբար հանդիպում է եւ ինչ-որ հարցեր քննարկում, Սորոսի «ծռերն» են։

Էն, որ սրանք իրենց «Սասնա ծռեր» են անվանում` այնպես, կոնսպիրացիայի` Պողոսների աչքին թոզ փչելու համար է. անզեն աչքով էլ տեսանելի է, որ սա ՀՀՇ-ՀԱԿ-ի «քյարթու» մոդիֆիկացիան է` կիլոմետրերով հեռու է այն ամենից, ինչը թեկուզ անուղղակի կապ ունի «ազգայինի» հետ։ Պատահական չէ, որ 2007-ին Տեր-Պետրոսյանի աջ թեւերից մեկը համարվող Ալեքսանդր Արզումանյանը «ծռերի» առաջին ջութակներից մեկի` Սեֆիլյանի հետ սկսեց չկայացած «ցախավելների հեղափոխությունը»։

Երիցս իրավացի է Վիտալի Բալասանյանը, երբ ասում է, որ «ծռերը» պարզապես «ժողովրդի կառավարության» հիմնական փայատերերից մեկի` «Բաց հասարակության հիմնադրամների» ռազմականացված ջոկատն են՝ անկախ նրանից, ընդունո՞ւմ են այդ փաստը, թե՞ ոչ։ ՊՊԾ գնդի գրավումը դրսի ուժերի թելադրանքն էր։

Այն ժամանակ Նիկոլի`շատերի համար անսպասելիորեն «դեպքի վայրում» հայտնվելը լավագույնս ցույց է տալիս, որ «հեղափոխության» հովանավորները դեռ 2016-ին էին ստավկա անում նրա վրա` հաշվի առնելով ուղեղներ լվանալու, մարդկանց զանգվածային հոգեխանգարմունքի հասցնելու, հանրային դժգոհության ալիքը թամբելու եւ անհրաժեշտ հունով ուղղորդելու «հմտությունը», որ ցուցաբերել էր 2008-ին` 10 մարդու սպանության պատճառ դառնալով։

Հատկանշական է, որ «ծռերի» հետ հանդիպումները գաղտնի են պահվում։ Առաջին անգամ, երբ Փաշինյանին հարցրին` քաղաքական խնդիրները զենքով լուծելու ջատագով տեռորիստական խմբավորման պարագլուխների հետ հանդիպել ես, որ ի՞նչ անես, չքմեղացավ, թե` շուն են, գել են, մեր «քաղաքական» ուժերից մեկն են, փողոցում տեսնելուց մի «բարեւ» էլ չտա՞մ։ Մինչդեռ խոսքը ոչ թե «փողոցի» եւ «մի բարեւի», այլ վարչապետի նստավայրի եւ «ներքաղաքական հարցերի քննարկման» մասին էր։

Նախօրեին էլ, ահավասիկ, լուր ստացանք օրերս «շատ ուշ ժամի» դարձյալ կառավարությունում տեղի ունեցած հերթական հանդիպման մասին, որ, ի տարբերություն նախորդի՝ լրիվ «կոնֆիդենցիալ» էր` ընդհանրապես չլուսաբանվեց։

Հարց է առաջանում` այս անգամ ի՞նչ հարցեր են քննարկվել փակ դռների հետեւում. ո՞րն է այն «միասնական օրակարգը», որ ընտրողների 80 (իրականում` առավելագույնը 35) տոկոսը ստացած քայլարածների առաջնորդին կապում է ընտրություններին 2 տոկոս վարկանիշ ունեցող «քաղաքական» ուժի հետ։

Առաջին եւ ամենահրատապ խնդիրը, բնականաբար, Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի շուրջ ստեղծված իրավիճակն է. ի՞նչ անել, եթե Թովմասյանի եւ իր ընտանիքի նկատմամբ իրականացվող հոգեբանական տեռորը չծառայի նպատակին` «օրենքով», այսինքն` «քվազիիրավական» հետապնդման ճանապարհով չհաջողվի կոտրել ՍԴ նախագահին։

Երկրորդ` ազդեցության ի՞նչ գործուն «միջոցներ» (ուժային, այդ թվում` ֆիզիկական ներգործության լծակներ) կիրառել, եթե Սահմանադրական դատարանը տեղի չտա ճնշումներին`ստանալով ՄԻԵԴ-ի կարծիքը, քննարկի ու որոշում կայացնի Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի սահմանադրականության վերաբերյալ։

Սորոսի «ծռերին», դատելով ամենից, վճռական դեր է վերապահված այդ գործում. առնվազն`արգելափակել ՍԴ-ն, ահաբեկել դատավորներին, խոչընդոտել նրանց ելումուտը, հարկ եղած դեպքում խունվեյբինների խմբերը` «ժողովրդական բրիգադները» համալրել վճռական գործողությունների պատրաստ թարմ «դեմքերով»։

Երրորդ` ինչպե՞ս փակել անհաճո լրատվամիջոցների բերանը, օրենքին ձեռք չտալով (օրինակ` «Հայելի» ակումբի դեմ գործարկված մեթոդներով), այդ պրոցեսում ներգրավել նոր մարդկանց, որոնք անմիջականորեն կապված չլինելով իշխող դասի հետ, կանեն սեւ գործը` Նիկոլին թողնելով «դափնիները»։

Չորրորդ` Արցախի հարցը։ Շատ հավանական է, որ Նիկոլը «ծռերին» ասել է`ինչ է խոսել Ալիեւի հետ «քեֆի սեղանի» շուրջ երկու ժամանոց հանդիպման ընթացքում, ինչի մասին է պայմանավորվել, ի՞նչ սպասել հետագա «գործընթացից», «հողերի» ո՞ր մասը դարձնել սակարկության առարկա առաջին փուլում եւ այլն։

Կա նաեւ Ամուլսարի խնդիրը։ «Ծռերը», ինչպես հայտնի է, փորձում են իրենցով անել «Ամուլսարը սար պահելու» համար շարժումը, եւ այստեղ եւս կարող են օգտակար լինել Փաշինյանին` բողոքի ալիքը վերահկողության տակ պահելու առումով։

Բացի այդ՝ «ծռերը» իշխանության դաշնակիցն են Ռուսաստանի մասով։ Մանավանդ` ինչ-որ տեղ, «խորքում», խմորվում է Ռուսաստանից Հայաստանի «պորտալարը կտրելու» եւ Գյումրիի ռազմակայանը հանելու խնդիրը։

Իսկ սա այն հարցն է, որտեղ «ծռերը» կարող են անգնահատելի օգնություն ցույց տալ Փաշինյանին...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը