Մեկնաբանություն

08.10.2019 10:25


«Վնգստացող արդարադատության» պարադոքսները (տեսանյութ)

«Վնգստացող արդարադատության» պարադոքսները (տեսանյութ)

«ՎԵՏՕ» նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանի հրապարակած տեսանյութը, որտեղ պարզ երեւում են մարտի 3-ի լույս 4-ի գիշերը իր տան շքամուտքի մոտ սորոսական ակտիվիստների կողմից կազմակերպված խմբակային հարձակման եւ առեւանգման փորձի մանրամասները, եւս մեկ անգամ ընդգծում է երկակի ստանդարտների «քաղաքականությունը», որով առաջնորդվում է «նոր Հայաստանի դատախազությունը»՝ 2018-ի ապրիլին չորով մերժված «հին Հայաստանից» օրըստօրե ավելի ու ավելի «քյառթու» ձեւեր ընդունող «նոր Հայաստանին» փոխանցված Արթուր Դավթյանի գլխավորությամբ։

Եվ դա անում է անթաքույց`իր տեսադաշտում հայտնված, տարբեր օրինախախտումների մեջ մեղադրվող անձանց ցուցադրաբար բաժանելով սեւերի եւ սպիտակների, յուրայինների եւ թշնամիների, հեղափոխականների եւ հակահեղափոխականների, կարծես այդպես էլ պիտի լինի։

Տեսանյութում պարզ երեւում է, թե սորոսասուն «Ռեստարտ» կազմակերպության «քաջարի մարտիկները»`«փողկապավոր» խուլիգանները, ինչպես են դարանակալել` սպասելով «օբյեկտի» հայտնվելուն, ինչպես են գաղտագողի հետեւում (կամ հետապնդում` ինչպես կուզեք) մինչեւ շքամուտքը, «մենակ բռնացնելով»` տապալում գետնին, 8-9 հոգով վրա տալիս եւ, «անսպասելիորեն» դիմադրության հանդիպելով`գործի դնում բռունցքները (երեւի «սորոսական պապաներն» են սովորեցրել, որ հակառակորդին ծնկի բերելու ամենահեշտ ճանապարհը բանդայի կանոններին համահունչ գործելն է` «զոհի» վրա խմբակային հարձակում գործելը եւ թիկունքից խփելը)։

Իգական սեռի մի ներկայացուցիչ էլ պրոֆեսիոնալ տեսախցիկով ֆիքսում է այդ «հոգեպարար» տեսարանը, որ հետո գցեն համացանց, ցույց տան բոլորին, թե ինչպես են «նոր Հայաստանում» հաշվեհարդար տեսնում նրանց հետ, ովքեր հանդգնում են իրենց սիրասուն վարչապետի «էշին չու ասել» (հետաքրքիր է, հե՛չ «դիսկոմֆորտ» չէ՞ր զգում՝ տեսնելով, թե ինչպես են 9 հոգով հարձակվել մեկի վրա)։

Հիշեցնենք, որ միջադեպի առնչությամբ քրեական գործ էր հարուցվել «մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առեւանգում կատարելու» հատկանիշներով։ Նախաքննությունն ավարտվել է, գործն ուղարկվել է դատարան եւ, «երջանիկ զուգադիպությամբ», մակագրվել Քոչարյանի կալանքն, ի հեճուկս ՍԴ սեպտեմբերի 4-ի որոշման անփոփոխ թողած դատավոր Աննա Դանիբեկյանին։

Մեղադրական եզրակացության մեջ ասված է, որ «ռեստարտական» վեց գրոհայիններ` «Յուրի Ավագյանը, Դավիթ Պետրոսյանը, Հրաչյա Խլղաթյանը, Արամայիս Պետրոսյանը, Գարիկ Միսակյանը և Դավիթ Սիմոնյանը, նախնական համաձայնության գալով, խմբի կազմում, մարտի 04-ին` ժամը 00:40-ի սահմաններում, Երևանի Ամիրյան փողոցում բռնություն գործադրելով, փորձել են բացահայտ առևանգել Նարեկ Մալյանին, սակայն հանցագործությունն ավարտին չեն հասցրել իրեն կամքից անկախ հանգամանքներով»։

Ասել է թե` դատախազությունն էլ ընդունել է, որ կատարվել է նախապես պլանավորված կազմակերպված խմբակային հանցագործություն, ինչը ինքնին ծանրացուցիչ հանգամանք է։ Բայց արի ու տես, որ դատախազությունը հարկ չի համարել կալա՛նքը կիրառել որպես խափանման միջոց «թավշյա» օրինախախտների նկատմամբ` բավարարվել է չհեռանալու մասին ստորագրությամբ։ Ինչը, ի դեպ, չի խանգարել, որ սրանք, թքած ունենալով օրենքի եւ «նոր Հայաստանի դատախազության» վրա, հատեն Հայաստանի սահմանը եւ սլանան հարեւան Վրաստան` միանալու հակառուսական ցույցերի։

Օրենքները եւ օրինականությունը, ինչպես հայտնի է, «թավշյահեղափոխական» ակտիվիստների համա՛ր չեն։ Ուրի՛շ բան, եթե խոսքը վերաբերում է Քոչարյանի աջակիցներին։ Այս դեպքում «օրենքը» կիրառվում է ամենայն խստությամբ, դեռ մի բան էլ` ավելին։ Ինչպես, օրինակ, Նարեկ Մութաֆյանի եւ Սարգիս Օհանջանյանի դեպքում, երբ իրավապահ մարմինները հաշված ժամերի ընթացքում ֆիքսեցին դատավոր Դանիբեկյանին «հետապնդողներին», որոնք փափկասուն սույն տիկնոջը մատով անգամ չէին կպել. ընդամենը մոտեցել էին եւ փորձել պարզել` ինչպե՞ս է վերաբերվում «վնգստացող դատավորների» մասին վարչապետի թեւավոր արտահայտությանը եւ հարցրել` իրեն այդպիսին համարո՞ւմ է, թե՞ ոչ։

Գիշերը ժամը 4-ին, չսպասելով` լույսը բացվի, խաբեությամբ մտան Մութաֆյանենց բնակարան, օպերատիվ կերպով բերման ենթարկեցին, ոստիկանատան մոտ «կըզզացրին», դիմակներով շոու սարքեցին, հետո նոր ձերբալալեցին։ Ձեռքները հույժ վտանգավոր «տեռորիստ էր ընկել` բա մի հատ չնկարահանեի՞ն էդ էքսկլյուզիվ տեսարանը, ցույց չտայի՞ն Ազատություն-թիվիով, Հանրայինով, «Շանթով», Նիկոլի անձնական օգտագործման «անաչառ եւ անկախ» այլ լրատվամիջոցներով։

Մի դեպքում հանցակազմն ակնհայտ է, հանցագործներն ազատության մեջ են եւ ձեռքերը ջեբը դրած, շվշվացնելով ման են գալիս։

Մյուս դեպքում հանցակազմ չկա, բայց տղաները կալանքի տակ են եւ, դատելով ամենից, կմնան ճաղերի հետեւում, այնքան, ժամանակ, որքան «մեծն կոմբինատորը» եւ իր թելերը քաշողները`«վնգստացող արդարադատության» ներսուդրսի պատվիրատուները հարմար կգտնեն։

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը