Կարծիք

03.05.2010 14:45


Հասանք, իջե՛ք

Հասանք, իջե՛ք

Հարավկովկասյան երկաթուղիների գլխավոր տնօրեն Շևքեթ Շայդուլինի անցյալի «վահաբիստական» էջերի մասին տեղեկությունները միգուցե տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվեցին։ Ոմանք դրան կնայեն մատների արանքով, ոմանք լուրջ չեն ընդունի, ոմանք էլ լուրջ մտահոգություններ կարտահայտեն։

Այն հրամանը, որ Հարավկովկասյան երկաթուղու ղեկավարը տվել է սույն թվականի ապրիլի 1-ին, գալիս է լրացնելու այդ մտահոգությունները։ Մասնավորապես՝ Շայդուլինի 60/9/H 01.04.2010թ. հրամանով նախատեսվում է փակել Գետափ, Մարալիկ, Սոլակ և Իջևան երկաթուղային կայարանները։ Ուշադրություն դարձրեք՝ ոչ թե ժամանակավորապես դադարեցնել, այլ փակել։ Հիմնավորումն առավել քան վիճելի ու անտրամաբանական է. «Բեռնափոխադրումների ծավալը փոքրացնելու, շահագործման ծախսերի խնայողության, գնացքների երթևեկության կառավարման համակարգը կատարելագործելու, փոխադրման աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու և աշխատաժամանակի օպտիմալացման» նպատակներով (ռուսերեն բնագրից թարգմանությունը՝ հեղինակի)։ Զարմանալի է, որ ընդամենը մի քանի օր առաջ նույն Շայդուլինը մամլո ասուլիս էր հրավիրել ու բոլոր լրատվամիջոցներին տեղեկատվություն էր հրամցնում Հարավկովկասյան երկաթուղիներում իր կողմից իրականացված նորամուծությունների, սեզոնային սակագնային փոփոխությունների ու երկաթուղու հեռանկարային զարգացումների մասին։ Թե ի՞նչ իրական աղբյուրներից է այդ ամենն իրականացվելու, դեռ կպարզենք, բայց այսօր արդեն պարզ է, որ մեր երկաթուղու գլխավոր տնօրենը «ունքը սարքելու փոխարեն աչքը հանելու» քաղաքականությունն է որդեգրել։ Խոսքերիս ապացույցը հենց հրամանի տողերում է։ Դրանով նախատեսվում է մինչև սույն թվականի հունիսի 1-ը կազմաքանդել Գետափ, Մարալիկ, Սոլակ և Իջևան կայարանները, այդ կայարանների բոլոր կառույցները և ենթակառուցվածքները։ Միաժամանակ երկաթգծի էլեկտրապահովման և էներգամատակարարման ծառայությանը հրամայված է կազմաքանդել և ըստ անհրաժեշտության այլ կայարաններում օգտագործել վերոհիշյալ կայարանների տրանսֆորմատորային ենթակայանները։

Նույն այդ հրամանով կարգադրվել է կազմաքանդել այդ կայարանների գնացքների երթևեկության կառավարման և կապի համակարգերը, քանդել կայարանների երկաթգծերն ու սլաքային փոխանցումները և ժամանակավորապես դադարեցնել կայարանապատկան շինությունների ու սպասասրահների աշխատանքները։

Վերջերս տեղի ունեցած սողանքի հետևանքով տևական ժամանակով շահագործումից դուրս է եկել Դիլիջան-Իջևան ավտոճանապարհը, որի վերակառուցման համար պետությունը միլիոնավոր դրամի ներդրումներ պետք է անի։ Արդյոք մեր կառավարության մտքով անցե՞լ է օգտագործել այլընտրանքային այդ ճանապարհը, որը Շայդուլինի համոզմաբ անեկամտաբեր ու անպիտան է։ Հաստատաբար՝ ո՛չ։ Ավելին, այդ հարցը հավանաբար ընդհանրապես չի քննարկվել, այլապես հանրային ու ռազմավարական կարևորագույն նշանակության երկաթուղային ուղղությունը չի քանդվի, ինչպես Սարի թաղի երկաթգիծն ու Երևանի տրամվայի գծերը։ Իսկ միգուցե կազմաքանդվող երկաթգծերը նույն ճակատագրին արժանանան, ինչպես  տրամվայի՞ գծերը։

Եթե Հարավկովկասյան երկաթուղիների ղեկավարությունը նման կարևորագույն որոշումները չի քննարկում ՀՀ կառավարության հետ, ապա դա մի քանի բան կարող է նշանակել.

1.Կոնցեսիոն կառավարիչը հաշվի չի առնում ՀՀ կառավարությանը,

2.ՀՀ կառավարությունը կոմպետենտ չէ,

3.ՀՀ կառավարությունը և Հարավկովկասյան երկաթուղիների ղեկավարությունը համագործակցում են։

Մի հանգամանք էլ կա. գուցե Դուկու Ումարովի իսլամիստական պետությու՞նն է կառուցվում։

Էդուարդ Սարիբեկյան

Այս խորագրի վերջին նյութերը