Մեկնաբանություն

21.09.2019 09:10


Քոչարյանի «նստելը» լինել-չլինելու խնդիր է Նիկոլի և իր թայֆայի համար

Քոչարյանի «նստելը» լինել-չլինելու խնդիր է Նիկոլի և իր թայֆայի համար

Նրանք, ովքեր Փաշինյանի` Ռոբերտ Քոչարյանի դեմ սանձազերծած պատերազմը դիտում են զուտ որպես անձնական վրեժխնդրության «ակտ», թերագնահատում են հարցի «արժեքը»։

«Ստավկան» շատ ավելի բարձր է։ Արդեն անզեն աչքով էլ տեսանելի է, որ խնդիրը վաղուց դուրս է եկել անպարագիծ հավակնություններ ունեցող պուճուր մարդու անձնական բարդույթների, վախերի, խմբակային նեղ շահերի տիրույթից եւ սահուն կերպով մտել գերտերությունների աշխարհաքաղաքական շահերի դաշտ, ուր «թավշյա» նորհայաստանին ու «թավիշների» ձեռքը կրակն ընկած Արցախին ընդամենը մանրադրամի դեր է վերապահված։

Այն, ինչ Հայաստանին հաջողվում էր վերջին առնվազն 20 տարիներին, ինչից նախորդ «հանցավոր իշխանությունները» հաջողությամբ խուսանավում էին`դարձել է ցավալի իրողություն։ Մենք կորցրել ենք դիմադրողականությունն արտաքին մարտահրավերների հանդեպ, փոշիացրել գերտերություների շահերի համադրման դաշտում մանեւրելու հնարավորությունը եւ հայտնվել Արեւմուտք-Ռուսաստան հակասությունների կիզակետում։ Ու դրա համար շատ թանկ ենք վճարելու։

Տարածքներ հանձնած վրաց եւ ուկրաինացի «կոլեգաների» դափնիները համառորեն հանգիստ չեն տալիս Փաշինյանին`նա դանդաղ, բայց հաստատակամ, «դուխով»` առանց հետ նայելու, գնում է նախ` Արցախը, ապա` Հայաստանը աշխարհաքաղաքական մեծ խաղերի զոհասեղանին դնելու ճանապարհով։

Այդ ճանապարհին հիմնական խոչընդոտներից մեկը, որ կարող է խառնել «ժողովրդի վարչապետի» ու նրա թելերը ձգողների խաղաքարտերը, անկասկած, Ռոբերտ Քոչարյանն է։

«Դատավորի պատմուճան հագած» Աննա Դանիբեկյանը չէր կարող այլ որոշում կայացնել, քան մերժել նախագահին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը եւ եւս մեկ անգամ վավերացնել անօրինականությունը՝ թքելով Սահմանադրական դատարանի որոշման, Սահմանադրության եւ օրենքների, պետության եւ պետականության վրա` մի քանի պատճառով։

Պատճառներից մեկը օրերս բարձրաձայնեց տխրահռչակ Մեթյու Բրայզան` արձանագրելով. Բաքվում կա «նոր մակարդակի վստահություն» Փաշինյանի «բարի մտադրությունների» նկատմամբ, բայց կան նաեւ լուրջ կասկածներ` արդյոք, ի զորո՞ւ է ամրապնդել «սեփական իշխանությունը» եւ արդարացնել Ադրբեջանի եւ ոչ միայն Ադրբեջանի` աշխարհաքաղաքական հայտնի կենտրոն(ներ)ի «բարձր վստահությունը»։ Եվ պարզ, առանց ձեւականությունների ասաց` ամեն ինչ իր գինն ունի. եթե ուզում ես ինչ-որ բան ստանալ, պետք է վճարես։

Հիմա Նիկոլի համար լինել-չլինելու խնդիր է` ցույց տալ, որ իր վրա կարելի է հույս դնել` ինքը դեռ այնքան կա, որ կոնսոլիդացնի իր շուրջ հակամարտության շուտափույթ «կարգավորման», այսինքն` Արցախի հանձնման կողմնակիցներին (ՀԱԿ-ը եւ «ծռերը» արդեն իսկ կոնսոլիդացված են այդ առանցքի շուրջ), եւ դիմակայի «հին համակարգին», այսինքն՝ հանձնելուն դեմ արտահայտվողներին։

Մյուս պատճառը, որ «մայր պատճառի» ածանցյալն է, մատնանշեց զոհված որդու արյունը 30 արծաթով ծախած Սարգիս Քլոյանը։ Այն է` Քոչարյանին պետք է խստագույնս պատժել, քանզի բազմաթիվ ՀԿ-ներ, քաղաքական ուժեր միավորվել են նրա շուրջ եւ պատրաստվում են «նոր հեղափոխություն անել»։

Քլոյանի «մտավախությունը» հաստատեց իմքայլական քառակուսի ուղեղներից մեկը` պատգամավոր Հովիկ Աղազարյանը։ Վերջինս անկեղծացավ` կոտրեց «թավշյա» կարծրատիպը, թե Ռոբերտ Քոչարյան քաղաքական գործիչ բնության մեջ չկա եւ չի եղել` ավելի թույլ մրցակից, քան նրա շուրջ միավորված ընդդիմությունը, հնարավոր չէ հորինել, եւ պնդեց`Ռոբերտ Քոչարյանի շուրջ ձեւավորվել է ընդդիմադիր լուրջ համախմբում՝ տպավորիչ մեդիա եւ ֆինանսական ռեսուրսներով, եւ ոչ մի դեպքում չի կարելի թույլ տալ, որ նա հանկարծ հայտնվի ազատության մեջ։

Նաեւ բացահայտեց, թե ինչու են «նոր որակի»` «առաջնային մանդատ ունեցող միակ մարմնի», այսինքն, խորհրդարանի մակարդակով հարձակման անցել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ։ Ասաց`դրանք կարող էին եւ չլինել, եթե Թովմասյանը «տղա չբերեր» իրենց վրա` չդիմեր Վենետիկի հանձնաժողով եւ ՄԻԵԴ խորհրդատվական կարծիք ստանալու համար։

Մա մի բան է նշանակում`«դատարանների արգելափակման» այս երկրորդ փուլը` ՍԴ նախագահին անվստահություն հայտնելու գործընթացը, պայմանավորված էր ոչ այնքան ՍԴ արդեն կայացրած ակտի հիման վրա Քոչարյանի ազատ արձակվելու «աղետալի հեռանկարը» կանխելու, այլ Քր. օրենսգրքի 300.1 հոդվածի սահմանադրականության վերաբերյալ ՍԴ դեռեւս չկայացված որոշումը բնում խեղդելու «հրամայական անհրաժեշտությամբ»։

Ինչո՞ւ։ Որովհետեւ, եթե այդ որոշումը հոգուտ Քոչարյանի (իրականում`հօգուտ արդարադատության) լինի, դատարանն ուզած-չուզած`պիտի ոչ միայն կալանքը վերացնի որպես խափանման միջոց, այլեւ կասեցնի քրեական հետապնդումը որպես այդպիսին, ինչը մահվան համարժեք է Նիկոլի եւ իր թայֆայի համար։

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը