Մեկնաբանություն

12.09.2019 08:40


Տղամարդ են` թո՛ղ վստահության հանրաքվե անցկացնեն, հասկանանք` ժողովրդի ուզածն ի՞նչ է

Տղամարդ են` թո՛ղ վստահության հանրաքվե անցկացնեն, հասկանանք` ժողովրդի ուզածն ի՞նչ է

Վերջապես քայլարածներից մի ողջամիտ «առաջարկություն» լսեցինք։

ՔՊ-ական ամենափորձառու կադրը`աղմկահարույց, մեղմ ասած, վիճահարույց, մի քիչ էլ էքսցենտրիկ ու հաճախ՝ գիքորական իր հայտարարություններով հայտնի Հովիկ Աղազարյանը, որ հաճախ է իրադարձություններից առաջ ընկնում` ժամանակից շուտ բարձրաձայնելով կուսակցական խոհանոցում խմորվող «կոնցեպտուալ քննարկումների» մասին, եւ առաջինը հանրայնացրեց հարուստներին կուլակաթափ անելու`ունեցվածքի ոչ ավել, ոչ պակաս, 70 տոկոսը բռնագրավելու ծրագիրը, լրագրողների հետ զրույցում ուշագրավ միտք է հայտնել։

Ասել է`կարելի է Ամուլսարի հարցով հանրաքվե անցկացնել, նույնիսկ` դնել վարչապետի վստահության (կամ անվստահության) խնդիրը։ Եթե ժողովուրդը «չէ» ասի «Ամուլսարի» շահագործմանը` կատարել հաջորդ քայլը. նշանակել արտահերթ ընտրություններ եւ կրկին հայցել ժողովրդի քվեն։ Իրենք կպնդեն իրե՛նց դիրքորոշումը (պարզվում է` կա՛ այդպիսին. մենք էլ «միամտաբար» կարծում էինք, թե ոչ մի կերպ համաձայնության չեն գալիս այդ հարցում), մյուսները կներկայացնեն իրե՛նց կարծիքը` որ Ամուլսարը չպետք է հանք դառնա (ինչի՞ց են որոշել, թե իրենք եզակի են Հայաստանի «գործարար» վարկանիշը փրկելու ցանկության մեջ` դժվար է ասել), եւ մի հարվածով լուծել այս թնջուկը։

Աղազարյանն, իհարկե, կասկած չունի, որ «համաժողովրդական վստահության» քվեն Նիկոլի գրպանում է`հպարտ քաղաքացին «ճիշտ որոշում կկայացնի» եւ թույլ կտա Նիկոլին` շարունակել իր անհոդաբաշխ քաղաքականությունը։ Բայց մենք հո գիտենք, որ այդպես չէ։

Ինքն էլ լա՛վ գիտի` զոմբիների շարքերը նոսրացել են, հեղափոխական էնտուզիազմը քչություն է անում։ Դրա համար էլ Անկախության օրվա «հիմնական հանդիսությունները» տեղափոխել է Գյումրի`կոչ է անում «բոլորով միասին» գնալ «հայրաքաղաք», եւ այնտեղ նշել ոգու այդ խրախճանքը, որին, ի դեպ, անձամբ չի մասնակցելու. ավելի կարեւոր գործեր ունի` պատրաստվում է ՄԱԿ-ի «գագաթաժողովին»։ Եթե շատ մարդ չհավաքվեց, միշտ կարելի է ասել` շատերն էին ուզում, բայց չկարողացան մասնակցել, իսկ մայրաքաղաքում «անհրաժեշտ» զանգված չհավաքելու դեպքում ստիպված կլինեն բացատրել` ինչու մասնակցությունն «այն չէր»։

Ընդհանրապես, չի սիրում մարդամեջ դուրս գալ, «մասսովկաներ» չի նախաձեռնում`զանգվածային աջակցության պատրանք ստեղծելու համար օգտագործում է այն, ինչ ձեռքի տակ է ընկնում։ Մի դեպքում`Գյումրիի տոնը, մյուս դեպքում`համահայկական խաղերի բացման արարողությունը Ստեփանակերտի հրապարակում... Առաջիկայում էլ պատրաստվում է Լոսի հայության միջոցով «մասսայական» էյֆորիայի էֆեկտ ստեղծել։

Եվ դա հասկանալի է`վաղուց կտրվել է իրականությունից, ամբողջությամբ խճճվել ինքնահոսի մատնած «քաղաքականության» խոչուխութերում, Ղարաբաղի հարցը` հասցրել աղետալի մի հանգրվանի, երբ միջազգային հանրությունն՝ ի դեմս Մինսկի խմբի համանախագահների, այդ թվում` Ռուսաստանի, մե՛զ է մեղադրում ապակառուցողականության, իրավիճակն անհարկի սրելու մեջ, իրատեսության կոչում, փորձում հասկացնել, որ «միացում» գոռալով, «Արցախը Հայաստան է, եւ վե՛րջ» ասելով` հարց չի լուծում, ընդամենը փակուղի է մտցնում բանակցությունները։

Ձեռքի հետ էլ նենգափոխում է պատմությունը` հայտարարելով, որ 1991թ. դեկտեմբերի 2-ին Արցախն «անջատվել է սովետական Ադրբեջանից»՝ դրանով իսկ վավերացնում «Պրավդայի» միջոցով ժամանակին ասպարեզ նետված ադրբեջանական թեզը «ղարաբաղցի անջատողականների» մասին, որոնք իբր ապակայունացնում են իրավիճակը տարածաշրջանում` ոտնձգություն գործելով Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» նկատմամբ։

Այնպես որ, պետք չէ առանձնացնել Ամուլսարը մնացած խնդիրներից։ Եթե ինչ-որ բան պետք է դրվի հանրաքվեի, ապա`Նիկոլի անվստահության թնջուկը։ Եվ թո՛ղ ժողովուրը որոշի` ուզո՞ւմ է, որ Հայաստանն իսկապես դառնա ինստիտուցիոնալ առումով ամբողջությամբ ձախողված երկիր, դատաիրավական համակարգը դարձնել մեկ մարդուց վրեժխնդիր լինելու`«Քոչարյանին փակելու» գործիք։ Պատրա՞ստ է ԼԳՊՏ-ներին գլխին դրած`ման տալ, Սորոսին եւ իր վկաներին դարձնել իրավիճակի տերը` իշխանության վերահսկիչ փաթեթը հանձնել դրսից ֆինանսավորվող օտար ուժերին։

Համաձա՞յն է առաջ նայելու փոխարեն փորփրել անցյալը, խրվել-մնալ անցյալում, մինչ հակառակորդը շարունակում է զինվել, բազմապատկել իր ռազմական պոտենցիալը` պատրաստվելով վճռական ճակատամարտին։

Ի վերջո` թո՛ղ անցկացնեն այդ հանրաքվեն, մենք էլ իմանանք`ժողովրդի ուզածն ինչ է։ Եթե պարզվի, որ անգրագետ Պողոսն է մեր հասարակութան մեջ եղանակ ստեղծում, ո՞վ ենք մենք, որ «չէ» ասենք նրա եւ իր անգրագետ բազմամարդ ընտանիքի` պետությունը ոչնչացնելու «նվիրական երազանքին»։

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը