Մեկնաբանություն

30.08.2019 10:35


Հայաստանն ունի նոր կառավարություն

Հայաստանն ունի նոր կառավարություն

Ամառային արձակուրդների ժամանակ Նիկոլ Փաշինյանը գաղտնի զեկույց հրապարակեց ու հայտարարեց, որ համաձայն այդ զեկույցի՝ մեր պետական ինստիտուտները ձախողված են, և ինքը համաձայն է այդ գնահատականի հետ։

Փաշինյանը ձախողված է համարում պետական ինստիտուտները, քանզի դա նրան հնարավորություն է տալիս խուսափել պատասխանատվությունից և դրական արդյունքներ չապահովելը հիմնավորել՝ «Վատ ժառանգություն եմ ստացել» բանաձևն օգտագործելով։

Իրականությունն այն է, որ ձախողված են ոչ թե մեր պետական ինստիտուտները, այլ «թավշյա» կառավարությունը և հատկապես դրա ոչ բռնի ու ժողովրդական ղեկավար Նիկոլ Փաշինյանը։

Երեկ այդ ձախողվածությունը շատ առարկայական դարձավ։ Պարզվեց, որ մեր երկրի վարչապետը չի կարողանում որոշում կայացնել։ Ավելի ճիշտ՝ սկզբում ձգում է որոշումը, հետո՝ կայացնում, ապա՝ «զադնի» դնում, այնուհետև մեղքը բարդում սրա ու նրա վրա, վերջում՝ կրկին որոշում չի կայացնում։

Խոսքն Ամուլսարի հետ կապված հարցի մասին է։

Երեկ սարսափելի տեսարան է ներկայացվել մեր հանրությանն ու ամբողջ աշխարհին։ Սեփական դիլետանտությունը, պոպուլիզմը և անկարողությունը Փաշինյանը մատուցեց՝ 2 ժամից ավելի հանքի թեման քննարկելով լիբանանյան «ELARD» ընկերության հետ։

Այդ քննարկումից հետո Փաշինյանը որոշում չկայացնելու և պատասխանատվությունից խուսափելու հնարավորություն գտավ՝ հայտարարելով, որ նոր հանգամանքներ են ի հայտ եկել։ Ու ոչ մի «Մուդիս» իր վարկանշային բաշխումներով չի փրկի մեր երկրի ներդրումային իմիջն ու տնտեսությունն ընդհանրապես։

Պատկերացնո՞ւմ եք, թե ուր ենք հասել, որ փորձագիտական խմբի հետ մեր երկրի ղեկավարը մարազմատիկ ու նեղ մասնագիտական տեսակոնֆերանս է կազմակերպում։ Ընդ որում՝ ժամերով։ Քննարկում է մի հարց, որից գաղափար չունի, և որը դարձել է մաքուր քաղաքական, այլ ոչ թե բնապահպանական։ Այսինքն՝ լիբանանյան փորձագիտական խմբին Նիկոլ Փաշինյանը, իր անճարակության ու ոչ կոմպետենտության պատճառով, դարձրել է ներքաղաքական գործընթացների մասնակից և ուղղորդող։

Երեկվանից, փաստորեն, ՀՀ–ն կառավարում էր «ELARD»–ը։ Այդ կազմակերպության փորձագետների խոսքին այնպիսի կշիռ է տվել Փաշինյանն ու այնպիսի «բորշ» է եփել մինչ այդ, որ լիբանանյան այդ կառույցը դարձել է իշխանություն։ «ELARD»–ը դարձել է նախաքննական մարմին, դատախազություն, բնապահպանական վերադաս մարմին։ Մի խոսքով, ամեն ինչ։ Փաշինյանի թեթև ձեռքով և անճարակության հետևանքով։

Մենք, կարելի է ասել, նոր կառավարություն ունենք՝ ի դեմս «ELARD»–ի։ Ունենք նաև խեղկատակություն՝ Փաշինյանի ֆեյսբուքյան հաշվետվությունների և այլնի տեսքով։ Ողբերգությունն այն է, որ կառավարությունում որոշումները այս ձևով են կայացվում, ավելի ճիշտ՝ որոշումներ չեն կայացվում։ Փաշինյանը կանգնեցրել է պետական մեքենան ու միացրել Ֆեյսբուքը։ Սա շատ վտանգավոր էքսպերիմենտ է։

Կիսապատերազմական վիճակում գտնվող մեր երկիրը չունի այնքան ռեսուրս այսպիսի խեղկատակություն պահելու համար։ Սա չի կարող երկար ձգվել։ Փոփոխությունը կա՛մ կլինի Հայաստանի ներսից, կա՛մ մենք կունենանք վատագույն սցենար՝ ռազմական գործողությունների տեսքով։

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.։ «ELARD»–ին պետբյուջեից 400 հազար դոլարի չափ գումար է հատկացվել։ Այդ կազմակերպությունը պետք է վերջնական ու հստակ փորձագիտական գնահատական հնչեցներ ստացած գումարի դիմաց։

Մի քանի օր առաջ Փաշինյանը ՖԲ «լայվով» հիմնավորում էր, որ ամեն ինչ «ՕԿ» է, և կարելի է հանքը շահագործել, քանզի «ELARD»–ը կանաչ լույս է վառել։

Հիմա պարզվում է՝ նոր հանգամանքներ են ի հայտ եկել։ Փաստորեն, եթե Ջերմուկի հույ–բույը չլիներ, այդ նոր հանգամանքներն ի հայտ չէին գա, ու վարչապետը «կռուտիտ» չէր լինի։

«ELARD»–ում հասկացել են, որ քաղաքական հարց է դարձել հանքը, և ձեռքերը լվանում են։ Վարչապետն էլ մարդ է ման գալիս, որ պատասխանատվությունը դնի նրա վրա։

Հարց է առաջանում՝ բա եթե փորձագիտական գնահատականով հստակ «այո» կամ «ոչ» չկա, բա 400 հազար դոլար ինչո՞ւ եք ծախսել։ Արդյոք դա պետական միջոցների վատնում չէ՞։ Ո՞վ է վերականգնելու վնասը։

Այս խորագրի վերջին նյութերը