Մեկնաբանություն

28.08.2019 21:33


Հավը երազում կորեկ է տեսնում

Հավը երազում կորեկ է տեսնում

Նիկոլենց աչքին էլ «նախկինների» առանձնատներում, օֆշորային գոտիներում եւ շվեյցարական բանկերում գրանցված հաշիվների վրա, բարձի տակ, մի խոսքով` ամենուր, որտեղ հնարավոր է ինչ-որ բան թաքցնել, տասնյակ եւ հարյուր միլիոնավոր դոլարներ են երեւում։

Լավ է` չեն ասում «տասնյակ միլիարդավոր դոլարներ», թե չէ` «ասֆալտին փռել, ձերբակալել, կալանավորել, կուլակաթափ անել, բաց թողնել-շոուներից» ընդհանրապես աչք չէինք բացի։

Օրերս էլ, ահա, անդրադառնալով ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին պատկանող տիրույթներում կատարված «որոնողական աշխատանքներին», ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը դեմքի անթափանց արտահայտությամբ արտասանեց կախարդական խոսքերը. «Խոսքը տասնյակ միլիոնավոր դոլարների մասին է»։

Առաջ, երբ դեռ «տաք» էին` նոր էին սկսել կերակրել ժողովրդին «բյուջեից թալանված յուրաքանչյուր լուման ժողովրդին վերադարձնելու» հեքիաթներով, ավելի շռայլ էին իրենց խոստումներում`խոսում էին «հարյուր միլիոնավոր դոլարների» մասին։

Հավատացնում էին, որ «միլիոնավոր դոլարների» փնտրտուքը կիլոմետրանոց քայլերով առաջ է շարժվում` հեսա-հեսա բոլորը հետ կբերեն, եւ միլիարդների «վերադարձին» սպասող պողոսները վերջապես կհասնեն իրենց մուրազին. «նախկինները» կստանան արժանի պատիժը, իրենք էլ ոտը ոտին գցած կապրեն իրենց համար ու քեֆ կքաշեն` կուշտ, կուռ, չաղ եւ բախտավոր։

Մի տարի է անցել, դեռ մի բան էլ ավելի, բայց պողոսներին կերակուր չի հասել ու չի էլ կարող հասնել, քանզի ժամանակին ստել են, իսկ հիմա պարզապես հեքիաթներին փոխարինելու են եկել շոուները:

Բայց այդքանից հետո էլ «Պողոսը» շարունակում է անիծել «նախկիններին» 20 տարվա ալան-թալանի համար (ինչո՞ւ 20, ոչ թե, ասենք, 30 տարի`երեւի պետք չէ բացատրել. ով չգիտի՞, որ Նիկոլենց թիրախը նախկիններն են` նախկինների նախկինները չեն), եւ բարձրաձայն երազում «թալանված միլիոնները» (միլիարդների մասին արդեն չենք խոսում) հետ բերելու մասին` տեղը չբերելով, որ իրեն պարզապես հիմարացրել են. ամենալկտի ձեւով խաբել են ու «քցել»` վերջին ստահակի պես...

Նիկոլենք էլ հարյուրի վրա չարաշահում են Պողոսի վստահությունն ու ծով համբերությունը։ Հենց նեղն են ընկնում` ստամբուլյան կոնվենցիայի վավերացման խոփը քարին է դեմ առնում, կամ Ամուլսարի հարցով կայացված որոշումն ի կատար ածելու հարցում «անսպասելի» խոչուխութեր են առաջ գալիս, մի խոսքով` «կուկուռուզը թարս է բուսնում», եւ «սենց» պետք է լինում մի նոր բան մտածել սուր զգացողությունների սիրահարների համար, հայտնվում է հերթական քավության նոխազը։

Հիմա թիրախում Գագիկ Խաչատրյանն է: Վաղը կլինի մեկ ուրիշը: Այս ամենը կշարունակվի այնքան, մինչև որ սպառվեն շոուների բոլոր ռեսուրսները և պողոսները հասկանան, որ իրենց պարզապես խաբել են՝ հաշվելով, որ գործ ունեն անգրագետ մեկի ու իր բազմամարդ անգրագետ ընտանիքի անդամների հետ: Պողոսներին պարզապես ֆռռացրել են՝ առաջարկելով երազել, որ փողերը հարուստներից հավաքելու են և իրենց բաժանեն:

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը