Մեկնաբանություն

18.08.2019 10:50


Նստել թախտին՝ սպասում են ՄԻԵԴ որոշումների՞ն 

Նստել թախտին՝ սպասում են ՄԻԵԴ որոշումների՞ն 

Մեր ծուռ հայելիների «վիրտուալ իրականության» մեջ գլխապտույտ արագությամբ միմյանց հաջորդող՝ խելքից դուրս նորմալ մարդկային տրամաբանության մեջ որեւէ կերպ չտեղավորվող սյուրռեալիստական պատկերների խճանկարում կա մեկը, որ բացի անբացատրելի լինելուց` նաեւ լուրջ խնդիր է ստեղծում դե յուրե դեռեւս գոյություն ունեցող Հայաստանի հանրապետության միջազգային վարկի եւ պարտավորությունների տեսանկյունից։

Արդեն 50 օր հանրապետության երկրորդ նախագահի վրա սպիտակ թելերով «բլանդված» գործով դատաքննությունը կես միլիմետր անգամ տեղից չի շարժվել։ Մարդը աշխարհիս ամենաազատ, արդար, անկաշառ, մի խոսքով` «ամենաօրինակելի» դատավորի (էն, որ հլու-հնազանդ անում է իշխանություն ունեցողների սրտի ուզածը) թեթեւ ձեռքով կալանավորված է, եւ ներպետական արդարադատության «պապաներից» ոչ մեկի` ո՛չ «նորանշանակ» ԲԴԽ անդամների, ո՛չ արդարադատության նախարարի պաշտոնն զբաղեցնող նախկին երիտփաստաբանի, ո՛չ վերաքննիչ եւ վճռաբեկ դատարանների նախագահների պետքը չէ, որ օր առաջ անհապաղ, առաջնահերթության կարգով քննվելիք այդ հարցը մնում է օդում կախված։ Ի հեճուկս հայրենի օրենսդրության պահանջների եւ դատական պրակտիկայի, մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի եւ ՄԻԵԴ նախադեպային որոշումների։

Որեւէ իրավական կամ տրամաբանական բացատրություն փնտրել այստեղ, բնականաբար, անիմաստ է։

Բացի մեկից. իրենք էլ գիտեն, թե ինչ կեղտի մեջ են ընկել` տուրք տալով գլխավոր «զոն նայողի» ֆանտազիաներին եւ ձեռնարկելով ակնհայտ անօրինական, դատական որեւէ հեռանկար չունեցող այս «գործընթացը»։ Մինչեւ կոկորդը խրվել-մնացել են իրենց ստեղծած «դատաիրավական» փակուղում, չգիտեն` ինչպես դուրս գալ դրանից, ու հերթով խախտում են քրեադատավարական օրենսգրքի բոլոր հնարավոր նորմերը՝ այն հույսով, որ կուտակվող բացահայտ օրինախախտումների կրիտիկական զանգվածն, ի վերջո, կլցնի Եվրոպական դատարանի համբերության բաժակը, եւ հարցն «ինքն իրեն» կլուծվի` ազատելով իրենց Նիկոլի ասածին «չէ» ասելու մահացու հետեւանքներից ...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը