Մեկնաբանություն

30.07.2019 10:00


Էս ոսկորը մնալու է Նիկոլի կոկորդին

Էս ոսկորը մնալու է Նիկոլի կոկորդին

Հասկացանք` Փաշինյան Նիկոլը պատերազմ է հայտարարել դատավորներին, որ իր ասածին «չէ» են ասել`Ռոբերտ Քոչարյանի (իրականում` արդարության եւ օրինականության) օգտին որոշում են կայացրել։

Հասկացանք, որ դարձել է սեփական անձեռնահասության, քինախնդրության, չկայացածության, քաղաքական հավկուրության պատանդը` ինքնահաստատվելու այլ ձեւ չունի, քան Քոչարյանին բռնադատելու մտասեւեռումը կյանքի գնով կյանքի կոչելը։

Հասկացանք, որ պատրաստ է ֆեյսբուքյան իր էջի հետնանկարին պատկերված կեղտոտ բոթասներով տրորել մարդկային եւ իրավական բոլոր նորմերը, ինչ է թե`հագուրդ տա վրեժխնդրության ծարավին, պատժի Քոչարյանին 1998թ. իշխանափոխության եւ 2008թ. չկայացած հեղաշրջման համար։ Նրա համար, որ 10 տարի ղեկավարելով երկիրը, փաստացի պատերազմի, շրջափակման պայմաններում երկնիշ տնտեսական աճ արձանագրելով` զարգացրել է երկիրը եւ հերքել Տեր-Պետրոսյանի ի սկզբանե կեղծ դավաճանական թեզը, թե քանի Ղարաբաղը կա` հակամարտության «կարգավորման» ադրբեջանական սցենարը իրականություն չի դարձել, Հայաստանն ապագա չունի։

Բայց այսքան բացահա՞յտ` խորապես թքած ունենալով արդարադատության մասին տարրական պատկերացումների եւ միջազգային կարծիքի վրա՞։

Ինչ է, կարծում է` հեշտ ու հանգիստ կո՞ւլ է տալու 37-ականների ոգով «բուդկի պես» սեփականաշնորհած արդարադատության այլանդակ դրսեւորումները, որի պսակը դատավոր Դավիթ Գրիգորյանի վրա սպիտակ թելերով կարված քրեական գործն է. հստակ արձանագրում` առ այն, որ «Նոր Հայաստանի» արդարադատության «դեմքը» ուզած-չուզած Քոչարյանի կալանքի որոշումը տված Վաչե-Հրաչն է եւ միայն մեղադրող կողմին լսելով`նույն Քոչարյանին երրորդ անգամ կալանավորելու որոշում կայացրած տխրահռչակ Արմեն Դանիելյանը։ Իսկ Ալեքսանդր Ազարյանի եւ Դավիթ Գրիգորյանի նման բարձր պրոֆեսիոնալները, որ գլխավորում են փաստաբանների քվեարկությամբ ձեւավորված վարկանիշային աղյուսակը, նիկոլապետական արդարադատության համակարգում տեղ չունեն։

Փաշինյանն իրո՞ք հավատում է, որ եվրոպական հանրությունն ընդունելու է «դու ինձ, ես` քեզ» սկզբունքով Վենետիկի հանձնաժողովին առաջարկված «փոխանակությունը». մենք վավերացնում ենք Ստամբուլյան կոնվենցիան, դուք աչք եք փակում Քոչարյանի իրավունքների ճչացող խախտումների վրա։

Չի՞ հասկանում, որ դրանք անհամադրելի «մեծություններ» են եվրոպական հանրության համար։ Եվրոպացիներին գուցե հաճելի կլինի, որ Հայաստանը վեր կանգնի «հնացած կարծրատիպերից» եւ «այո» ասի մեզ (եւ ոչ միայն մեզ` նաեւ ԵՄ անդամ որոշ երկրների) խորթ «գենդերային հարաբերությունների» տեղայնացմանը, բայց ո՛չ արդարադատության համակարգը իշխող «մաֆիայի» անհատույց սեփականությունը դարձնելու գնով. նրանք ունեն սկզբունքներ, որոնց վրայով պատրաստ չեն անցնել հանուն կասկածելի ինչ-որ շահերի։

Թե՞ կարծում է, որ եթե դատավորների անկախության նկատմամբ այս խայտառակ ոտնձգությունը տեղի է ունենում իր «բացակայությամբ»` երբ ինքը, այսպես ասած, արձակուրդի մեջ է, ուրեմն, հեշտությամբ կարող է մատների վրա խաղացնել եվրոպացիներին` համոզել, որ էդ գործում ինքը չկա`մասնակից չէ արդարադատության դեմ ուղղված այդ դավադրությանը։

Եվրոպացիներն էլ Նիկոլի զոմբիները չեն, որ թացը չորից չտարբերեն`գլխի չընկնեն, որ Դավիթ Գրիգորյանի նկատմամբ հարուցված «քրեական» գործը սպառնալիք է` դեղին քարտ է բոլոր դատավորներին, որոնք երբեւէ մտքով կանցկացնեն «ինքնագործունեությամբ» զբաղվել` Քոչարյանի եւ փաշիստական պատժիչ մեքենայի մամլակի տակ հայտնված մյուս գործիչների վերաբերյալ «անկանխատեսելի» որոշումներ կայացնել։

Եվրոպական կառույցները` ԵՄ հանձնաժողովից մինչեւ ԵԽԽՎ ու Վենետիկի հանձնաժողով, արդեն միանշանակ արձանագրել են, որ դատարաններն արգելափակելու եւ դատավորներին «վեթինգի» ենթարկելու կոչերն անմիջապես հաջորդել են Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու Գրիգորյանի որոշմանը։ Կասկած չկա, որ այս դեպքում հակազդեցությունն ավելի կոշտ է լինելու։

Փաստաբանական համայնքը նույնպես ասել է իր խոսքը դատական համակարգի հանդեպ այս կոպիտ ոտնձգության վերաբերյալ` վճռականորեն կանգնելով Դավիթ Գրիգորյանի կողքին։

Հերթը դատավորներին է...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը