Լրահոս

29.07.2019 16:40


Քաղցրաշենցիները փակել են գյուղ տանող ճանապարհը. պահանջում են բացել գյուղի մանկապարտեզը (լուսանկար, լրացված)

Քաղցրաշենցիները փակել են գյուղ տանող ճանապարհը. պահանջում են բացել գյուղի մանկապարտեզը (լուսանկար, լրացված)

Արարատի մարզում այսօր՝ հուլիսի 29-ին, լարված իրավիճակ է ստեղծվել. Քաղցրաշեն գյուղի բնակիչներն, ի նշան բողոքի, փակել են Քաղցրաշեն գյուղ մտնող ճանապարհը եւ պահանջում են, որպեսզի Տարածքային կառավարման նախարարությունն ու Արարատի մարզպետարանը վերջապես հստակ պատասխան տան, թե երբ է, ի վերջո, գյուղի մանկապարտեզի շահագործման հարցը լուծվելու։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ 3 տարի է, որ մանկապարտեզը չի գործում, այս պահին շինարարական աշխատանքները դադարեցված են, քանի որ շինարարական կազմակերպությունը հայտնվել է ինչ-որ դատական քաշքշուկի մեջ:

Գյուղացիներն, ընդառաջելով գյուղապետին եւ Ոստիկանության ծառայողներին, ճանապարհը բացել են, սակայն նշել են, որ եթե մինչեւ օգոստոսի 1-ը խնդիրը չլուծվեց, այս անգամ փակելու են Երեւան-Արտաշատ մայրուղին։

***

Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի բնակիչներն արդեն բացել են գյուղ մտնող ճանապարհը:

Tert.am-ի հետ զրույցում համայնքի ղեկավար Վալերիկ Գյուլամիրյանն ասաց, թե համայնքի բնակիչները հասկացել են իրեն:

«Վճիռը դատարանը կայացրել է, սպասում ենք բողոքարկման ժամկետի ավարտին, որ մենք մեր աշխատանքները սկսենք: Այս ամենը համայնքի բնակիչները հասկացան»,- ասաց Գյուլամիրյանը:

Արարատի մարզպետարանի լրատվական բաժնից Tert.am–ին տեղեկացրին, որ մանկապարտեզի հետ կապված դատական գործընթաց կա, քանի որ շինարարական աշխատանքներն իրականացնող «Մոնոլիտ Կապիտալ» ՍՊԸ-ի հետ պայմանագիրը լուծարել են։ Ըստ նրանց՝ շինարարական ընկերությունը խախտել է շինարարական աշխատանքներն ավարտելու ժամկետները: Երկու անգամ ժամկետները հետաձգվել են, բայց ընկերությունը 2 անգամն էլ ավարտին չի հասցրել աշխատանքները: Ընկերությունը դիմել է առաջին ատյանի դատարան, որտեղ պարտություն է կրել:

Նշենք, որ Քաղցրաշեն համայնքի բնակիչները խոստացել են կրկին փակել ճանապարհը, եթե մինչև օգոստոսի 1-ը խնդիրը չլուծվի: Այս պահին մանկապարտեզի շինարարական աշխատանքները դադարեցված են, քանի որ սպասում են դատական գործընթացի ավարտին:

Այս խորագրի վերջին նյութերը