Մեկնաբանություն

28.06.2019 18:10


«Դուշանբե պլյուսը» և Հայաստանի մինուսը

«Դուշանբե պլյուսը» և Հայաստանի մինուսը

Նիկոլ Փաշինյանը վարչապետ դառնալուն պես Արցախի հարցում իրականացնում է հետևյալ քայլերը.

1. բանակցել Արցախի խնդրի շուրջ, սակայն դա թաքցնել՝ հայտարարելով, որ չի ներկայացնում արցախահայությանը, քանզի նրանցից չունի մանդատ,

2. բանակցությունները տանել Բոլթոնի պլանի շրջանակներում՝ «Փող և բաց կոմունիկացիաներ՝ Արցախի ու խաղաղության դիմաց», որն ավելի վատն է, քան Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկած տխրահռչակ «փուլային» տարբերակը,

3. հայտարարել, որ ամեն ինչ անում ես Արցախը բանակցային սեղանի շուրջ նստեցնելու համար, բայց գործնականում Արցախին մեկուսացնել բանակցային գործընթացից ու փոխարենը տեղ բացել, այսպես կոչված, Արցախի ադրբեջանական համայնքի ներկայացուցչի համար,

4. Արցախում ունենալ խամաճիկային իշխանություն, որին հասնելու համար պետք է վարկաբեկել բանակը և պատերազմն անցած մարդկանց,

5. քարոզել, որ մեր զինվորները զոհվել են հանուն ոչնչի,

6. խուսափել պատասխանատվությունից՝ հնարավոր պատերազմի դեպքում մեղքը բարդելով Արցախի «դավադիրների» և Ռուսաստանի վրա, իսկ միակողմանի զիջումների գնալու դեպքում դա անել արցախցիների և Հայաստանի հանրության ձեռքերով (հանրաքվեի գաղափարը հենց այդ նպատակով է դրվել շրջանառության մեջ),

7. Հայաստանում Արցախի հարցով հնարավոր հանրաքվեի պատմությունը գլուխ բերելու համար ձևավորել քիրվայական գաղափարախոսության կրող Սահմանադրական դատարան, որը գործող Սահմանադրությամբ դերակատարում ունի հանրաքվեի հարցում:

Փաշինյանն այս ռազմավարությունը կյանքի կոչելու համար իր միջազգային դայակներից խնդրել է ժամանակ: Նաև՝ փող: Փոքրիկ ժամանակ են նրան տվել, բայց փողը չեն տվել: Խոստացել են փողը տալ համապատասխան քայլերից հետո:

Փաշինյանն իշխանությունն ամրապնդում է, որպեսզի վերացնի բոլոր այն խոչընդոտները, որոնք կարող են թույլ չտալ Բոլթոնի պլանի իրագործումը: Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը, հայաստանցի-ղարաբաղցի հակադրության տեղեկատվական դիվերսիայի խորացումը, պետական մակարդակով իրականացվող հակառուսական արշավը, ՍԴ-ի դեմ հարձակումը, «վեթինգը», լևոնականների ներգրավումն իշխանական թիմ, պաշտոնական Ստեփանակերտի դեմ բաց պատերազմը և մյուս քայլերն այս պրիզմայով պետք է դիտարկել:

Ուշագրավն այն է, որ Փաշինյանի իշխանության ամրապնդման գործում իր անմիջական դերակատարումն ունի Ալիևը, որի հետ Դուշանբեում պայմանավորվածություն է ձեռք բերվել կրակոցների դադարեցման և օպերատիվ կապի հաստատման պահերով:

Ալիևը Փաշինյանին ժամանակ է տվել, որպեսզի վերջինս ամրապնդի իր իշխանությունը, իսկ Ադրբեջանն այդ ընթացքում ամրապնդել է շփման գծում իր դիրքերը՝ հսկայական ինժեներական աշխատանքներ իրականացնելով: Ասել է թե՝ ժամանակը Փաշինյանն օգտագործում է իր անձնական շահի, իսկ Ալիևը՝ պետական շահի համար:

Հիմա, երբ ՀՀ արտգործնախարար Մնացականյանը խոսում է «Դուշանբե պլյուսից», դա լուրջ անհանգստության տեղիք է տալիս, քանզի կրակը սահմանագծում Դուշանբեի «վերելակային» դիվանագիտությունից հետո առանձնապես չի դադարել, ու մենք կրկին զոհեր ունենք, իսկ փոխարենը՝ Ադրբեջանը ռազմական ու դիվանագիտական առումներով դիրքային առավելության է հասել:

Եթե Դուշանբեն լուրջ մինուսներ բերեց Հայաստանին՝ փաստացի հնարավորություն տալով Ադրբեջանին մարսել 2016-ի քառօրյա պատերազմը և «ջրել» Սանկտ Պետերբուրգում, Վիեննայում ու Ժնևում ստանձնած պարտավորությունները սահմանային միջադեպերի մոնիթորինգի մասով, ապա կարելի է պատկերացնել, թե ինչեր են սպասվում «Դուշանբե պլյուսի» պայմաններում:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը