Կարծիք

28.04.2019 13:40


Արտահանումն ու քաղաքական շիզոֆրենիան

Արտահանումն ու քաղաքական շիզոֆրենիան

Հետտոնական տրամադրություններդ Ազգային վիճակագրական կոմիտեի (ԱՎԿ) ներկայացրած տվյալներով կտրեմ։

Հայաստանը շարունակում է նախորդ տարվանից «թրենդային» դարձած գիծը պահել։ Մենք շարունակում ենք արտաքին շուկաներում պարտություն կրել։

Ըստ ԱՎԿ–ի՝ այս տարվա 1–ին եռամսյակում նախորդ տարվա հունվար–մարտի համեմատ արտաքին առևտրաշրջանառությունը դոլարային հաշվարկով պակասել է 5 տոկոսով։ Կրճատվել է ինչպես արտահանումը, այնպես էլ ներմուծումը։

Մտահոգիչն արտահանմանն է վերաբերում։ Արտաքին առևտրաշրջանառության մեջ արտահանման ծավալները 2019–ի առաջին եռամսյակում 2018–ի նույն ժամանակահատվածի համեմատ պակասել են 8,6 տոկոսով։

Արտահանման կրճատումն ու արտաքին շուկաների կորուստը նոր իշխանությունների տնտեսական քաղաքականության բրենդն են դառնում։

Հիշեցնեմ, որ նախորդ տարին արտահանման աճի (7,8 %) տեմպով 2017–ի համեմատ (25,2 %) ավելի քան 3 անգամ պակաս ցուցանիշ արձանագրեց։ Հետագայում արդեն արտահանման նվազումը դարձավ խրոնիկ։ 2019–ի համեմատականները 2018–ի հետ վատ են բոլոր ամիսների համար։

Այսպես, 2019–ի հունվարը 2018–ի հունվարի համեմատ արտահանումը նվազել է երկնիշ՝ 16,3 տոկոսով։ 2019–ի փետրվարին 2018–ի փետրվարի համեմատ ՀՀ–ն արտահանել է 8,5 տոկոսով պակաս։ Իսկ այս տարվա մարտ ամսին մենք ունենք անցած տարվա մարտի համեմատ արտահանման 2,5 տոկոս նվազեցում։ Ստացվում է, որ հետիշխանափոխական/հետհեղափոխական ժամանակահատվածն արտահանման առումով պաշտոնապես բացասական արդյունք է արձանագրել։

Ինչո՞ւ եմ հատկապես արտահանման ցուցանիշների վրա հրավիրում բոլորիս ուշադրությունը։ Պատճառը շատ պարզ է։ Հայաստանը որպես փոքր ու բաց տնտեսություն ունի զարգացման և սեփական անվտանգությունն ապահովելու մեկ տարբերակ՝ ներմուծման փոխարինում բոլոր այն դեպքերում, երբ դա ողջամիտ է ու հնարավոր, ինչպես նաև արտահանմանն ուղղված քաղաքականություն։ Եթե մենք անգամ քիչ թե շատ նվաճված արտաքին շուկաներն ենք կորցնում, ապա սա ուղղակի սպառնալիք է ՀՀ քաղաքացիների բարեկեցությանը, բիզնես դաշտին ու մեր երկրի անվտանգությանը։

Մենք պետք է արտահանման ամեն մի շուկայի վրա դողանք և ամեն ինչ անենք, որ մեր երկրից ապրանքներ ու ծառայություններ արտահանվեն, այլ ոչ թե արձանագրվի կապիտալի փախուստ, այն էլ՝ քաղաքական շիզոֆրենիայի պատճառով։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը