Լրահոս

10.02.2010 11:48


«Ժառանգության» հայտարարություն

«Ժառանգություն» կուսակցությունը' որպես հերթական ահազանգ օրվա իշխանության համար, վերստին ափսոսանքով փաստում է, որ հատկապես կուսակցության կորիզը կազմող պատգամավորների եւ, մասնավորապես, Զարուհի Փոստանջյանի դեմ ուղղված իշխանական «խաչակրաց արշավանքը» հասել է իր գագաթնակետին' ընդհուպ «Ժառանգություն» ազգային-ազատական կուսակցության գործունեության դադարեցման պահանջին:

Ընդդեմ հայ-թուրքական արձանագրությունների' «Ժառանգության» երիտասարդների, պատգամավորների եւ ՀԿ-ների նախաձեռնությամբ անցկացված բողոքի գործողությունների մասնակիցների ազատ տեղաշարժը Երեւանի կենտրոնում ոստիկանների կողմից ապօրինի խոչընդոտումները, պաստառների պատառոտումներն ու հափշտակումները եւ դրանց' իբրեւ հանցագործության վերաբերյալ տրված հաղորդագրությունների, համապատասխան ընթացք չտալը, ավելին' ԶԼՄ-ներից մեկում Զարուհի Փոստանջյանի պատիվն ու արժանապատվությունը վիրավորող հրապարակումները եւ պատգամավորի կողմից քրեական գործ հարուցելու պահանջի պարբերական փաստացի մերժումը, «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Լարիսա Ալավերդյանին ու Զարուհի Փոստանջյանին ԵԱՀԿ եւ ԵԽԽՎ գործուղված ԱԺ պատվիրակությունների կազմերում միտումնավոր չընդգրկելը եւ «Ժառանգության» դեմ համանման բազմաթիվ այլ իշխանաբուխ դրսեւորումները «Ժառանգությունը» միարժեքորեն գնահատում է որպես ոչ միայն կուսակցության, այլեւ նրա հարյուր հազարավոր ընտրողների ու համակիրների իրավունքների ու ազատությունների սահմանափակման եւ ճնշման հերթական ցինիկ, անթաքույց, բայցեւ' ապարդյուն փորձեր: Դրանք, ի լրումն, նաեւ կոպտորեն խախտում են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, որին չնայած միացել է մեր երկիրը, սակայն գործող իշխանությունը մարդու իրավունքներ հասկացությունը, հավանաբար, ընկալում է որպես անձնական-խմբակային արտոնություններ ու անպատժելիություն, ուստիեւ հետեւողականորեն ջանում է խոչընդոտել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքների համար պայքարողների' մասնավորապես «Ժառանգության» մղումները: Մենք մերժում ենք «Մարտի 1»-ի էջը փակված լինելու մասին հայտարարող եւ այդպիսին տեսնել փափագող խմբիշխանության նման գործելաոճը, որն ըստ էության կոալիցիա է կազմել անհանդուրժողականության, կոռուպցիայի եւ ահաբեկումների հետ,:

Չնայած իշխանությունների գործադրած բոլոր ջանքերին' «Ժառանգությունը» կրկին բարձրաձայնում եւ վստահեցնում է բոլոր իր ընտրողներին, համակիրներին ու աշխարհասփյուռ հայությանը, որ հետեւողականորեն շարունակելու է քաղաքական, հասարակական եւ իրավական պայքարն ընդդեմ հայ-թուրքական կեղծավոր  արձանագրությունների, «Մադրիդյան սկզբունքների», Հայաստանում տիրող ամենաթողության ու կոռուպցիայի, ինչպես նաեւ հանուն մեր երկրում իրական ժողովրդավարության հաստատման, մարդու իրավունքների պաշտպանության եւ ի շահ հաջորդ սերունդների Հայրենիքի' ԱԶԱՏ եւ ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ:

«Ժառանգություն» կուսակցություն

Այս խորագրի վերջին նյութերը