Կարծիք

03.02.2010 13:21


Հայաստան-Սփյուռք միասնությունն ամեն գնով պետք է պահպանվի

Հայաստան-Սփյուռք միասնությունն  ամեն գնով պետք է պահպանվի

Վերջին ամիսներին, երբ հայ-թուրքական արձանագրությունների շուրջ կրքոտ բանավեճեր էին ծավալվել, Սփյուռքի հայերը խորը հիասթափությամբ ու զայրույթով էին արտահայտվում հայության ազգային շահերին վնասող այս պայմանագրերի մասին:

Չնայած Հայաստանի ղեկավարներն իրավունք ունեն որոշումներ կայացնել երկրի երեք միլիոն բնակչության անունից, սակայն նրանք պարտավոր են նաև հաշվի առնել տասը միլիոնանոց աշխարհասփյուռ հայերի շահերն այնպիսի համահայկական հիմնախնդիրների  առնչությամբ, ինչպիսիք են Ցեղասպանությունը, Արցախի հակամարտությունը և պահանջատիրությունը Թուրքիայից:

Հայ-թուրքական արձանագրությունների բանակցությունների ընթացքում Հայաստանի իշխանությունները պետք է մեծ շրջահայացություն հանդես բերեին ազգային կենսական խնդիրների նկատմամբ: Այս վիճահարույց արձանագրությունները Թուրքիայի հետ ստորագրելով, նրանք վրդովեցրին և խորը ցավ պատճառեցին ամբողջ աշխարհի հայությանը: Հազարավոր զայրացած ցուցարարներ վիրավորական արտահայտություններով դիմավորեցին նախագահ Սարգսյանին՝ անցած տարվա հոկտեմբերին արձանագրությունների աջակցության համար Սփյուռքում կազմակերպված նրա շրջագայության ընթացքում: Այս աննախընթաց առճակատումը, որը երբեք չէր պատահել նախագահական նախկին այցերի ընթացքում, բացասաբար անդրադարձավ իշխանությունների, ինչպես նաև բողոքի դուրս եկած ժողովրդի վրա:

Դեպի ծով ելք չունեցող, շրջափակման, պատերազմի, տնտեսական դժվարությունների մեջ գտնվող և երկու կողմից թշնամիներով շրջապատված փոքր պետությունը չի կարող ներքին պառակտումներ և իր Սփյուռքի հետ հակասություններ թույլ տալ: Նման անհամերաշխությունը կարող է հաճույք պատճառել միայն թուրք ղեկավարներին, որոնք չէին էլ թաքցնում Հայաստանը □արմատական Սփյուռքից□ տարանջատելու իրենց ծրագրերը՝ Արցախի, Ցեղասպանության ճանաչման և փոխհատուցման հարցերում ավելի հեշտությամբ զիջումներ կորզելու համար:

 Ի՞նչ դասեր պետք է քաղենք մենք՝ հայերս, արձանագրությունների շուրջ ծագած վիճաբանությունների այս դառը փորձից.

1. Հայաստանի ղեկավարները պետք է մեծ զգուշություն և զգայունություն ցուցաբերեն խորհրդակցելով Սփյուռքի ղեկավարների հետ՝ նախքան համայն հայությանն առնչվող հիմնախնդիրների շուրջ բանակցություններ սկսելն ու պայմանագրեր ստորագրելը:

2. Պետք է ընտրվի համայն Սփյուռքի ղեկավարություն՝ կարևորագույն հարցերի շուրջ հայերի մեծամասնության տեսակետները պատշաճ ձևով ներկայացնելու համար: Այս մեխանիզմի առկայությունը կնպաստի Սփյուռքից հավաստի տեղեկության փոխանցմանը Հայաստանի ղեկավարներին, ինչպես նաև կառավարություններին ու միջազգային կազմակերպություններին: Այս կարևորագույն հարցի վերաբերյալ լրացուցիչ մանրամասներ կներկայացվեն ապագայի մեկ այլ հոդվածով:

3. Հայաստանի ղեկավարության հետ Սփյուռքի հայերի ունեցած տարաձայնությունները չպետք է խոչընդոտեն նրանց կողմից կարիքավորներին օգնություն տրամադրելուն, երկրի տնտեսության մեջ ներդրումներ կատարելուն և Հայրենիք այցելելուն:

4. Հայաստանի և Սփյուռքի միջև պառակտումից խուսափելու չափ կարևոր է Սփյուռքի կազմակերպությունների միջև լուրջ առճակատման կանխումը, սակայն առանց խոչընդոտելու անհամաձայնությունների արտահայտմանն ու կարծիքների անկաշկանդ փոխանակմանը:

5. Հայաստանի նախագահը անհրաժեշտության դեպքում պետք է մասնագետներից խորհրդատվություն ստանա կարևորագույն տնտեսական և քաղաքական հիմնախնդիրների շուրջ, որն էլ անհրաժեշտ է դարձնում Տնտեսական խորհրդականների խորհրդի և Արտաքին հարաբերությունների խորհրդի ստեղծումը՝ միջազգային ճանաչված մասնագետների ներգրավմամբ: Նույնքան անհրաժեշտ է միջազգային իրավաբանների մի խմբի ստեղծումը՝ Նախագահին իրավական խորհուրդներ տալու համար, նախքան միջազգային պայմանագրեր կնքելը՝ խուսափելու համար հիմնական սխալներից, որպեսզի հետագայում Սահմանադրական դատարանը դրանք ստիպված չլինի ուղղել:

6. Հայաստանի կառավարությունը պետք է հանձնարարեր Սփյուռքի նախարարությանը՝ արձանագրությունների քննարկման ընթացքում Հայաստանի և Սփյուռքի միջև ծառայել որպես անկաշկանդ կապի միջոց: Նախարարությունը կարող էր դառնալ այն գործող օղակը, որի միջոցով աշխարհի բոլոր հայերի մտահոգություններն ու բողոքները կփոխանցվեին Արտաքին գործերի նախարարությանն ու Նախագահի աշխատակազմին: Վերջիվերջո, ակնկալվում է, որ Սփյուռքի նախարարությունը մի կամուրջ դառնա հայ  ժողովրդի երկու հատվածների միջև: Ճիշտ է, Սփյուռքի նախարարն անցած հոկտեմբերին ուղեկցում էր Նախագահին՝ մի շարք երկրներ նրա կատարած շրջագայության ընթացքում, սակայն նախարարությունն ավելի մեծ վստահություն ձեռք կբերեր, եթե նրան ավելի մեծ անկախություն վերապահվեր:

 7.  Հայաստանի իշխանությունները պետք է հասկանան, որ Թուրքիան իր մեծ տարածքով և ռազմավարական դիրքով՝ ի տարբերություն Հայաստանի, ավելի մեծ հնարավորություններ ունի միջազգային լրատվամիջոցներով իր տեսակետները հասու դարձնել արտաքին աշխարհին: Ոստի, ցանկացած խնդիր, որի վերաբերյալ հայերն ու թուրքերն իրարամերժ մեկնաբանություններ ունենան, թուրքական տարբերակն ավելի մեծ տարածում գտնելով գերիշխող կլինի, քան հայկական տեսակետը: Սա այն պատճառներից մեկն է, թե ինչու □պատմական հանձնաժողովի□ ստեղծման համաձայնությունը լավ գաղափար չէր: Ըստ թուրք պաշտոնյաների՝ հանձնաժողովը պետք է ուսումնասիրեր Հայոց Ցեղասպանության փաստերը, միչդեռ հայ ղեկավարները պնդում էին, որ դրա նպատակը Ցեղասպանության հետևանքների գնահատումն էր: Եթե արձանագրությունները վավերացվեին, ապա թուրքերը կսկսեին ժխտել Ցեղասպանության իրողությունը և նրանց կհաջողվեր մեղադրել հայերին հանձնաժողովի «լավ աշխատանքը» տապալելու համար:

8. Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավմանը նպաստելու փոխարեն արձանագրությունները, փաստորեն ավելի վնասեցին հաշտության հեռանկարներին: Հետագա փորձերը պետք է սկսել սահմանը բացելու և դիվանագիտական հարաբերություններ հաստատելու նախնական քայլերից, այլ ոչ թե բազմաթիվ իրար հետ կապ չունեցող խնդիրներ ու նախապայմաններ մի պայմանագրի մեջ լցնելով: Իրական հաշտությունը պետք է հիմնվի ճշմարտության և արդարության, այլ ոչ թե՝ կեղծիքի ու քողարկման վրա:

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Թարգմ.՝ Ռ.Ավագյանի

Այս խորագրի վերջին նյութերը