Կարծիք

29.01.2010 15:02


Սարոյանական ձեռնամարտ ի սեր Հայաստանի

Սարոյանական ձեռնամարտ ի սեր Հայաստանի

Վիլյամ Սարոյանի հայերեն նորահրատարակ գրքում համաշխարհային գրականության հայազգի դասականը նորովի է ներկայանում հայ ընթերցողին։ ԵՊՀ հրատարակությամբ ընդամենը 400 տպաքանակով լույս տեսած «Ձեռնամարտ ի սեր Հայաստանի» ժողովածուն թարգմանել, կազմել, ծանոթագրել է բանասիրական գիտությունների թեկնածու, Երևանի թիվ 35 դպրոցի տնօրեն Ասատուր Սարյանը։

Գիրքը հետաքրքիր է նախ նրանով, որ անգլիագիր գրողի երկու տասնյակի հասնող այս արձակ գործերը, երկուսի բացառությամբ, առաջին անգամ են «խոսում» հայերեն։  Հիշենք, որ Վիլյամ Սարոյանը դրսում ստեղծագործած ու միջազգային ճանաչման հասած այն հաշված հայերից է, ովքեր ոչ միայն չեն թաքցրել հայի իրենց ինքնությունը, այլև կյանքով ու ստեղծագործությամբ են հաստատել հավատարմությունն ազգային արմատներին,  ավանդույթներին։ Թարգմանչի «Երկու խոսքում» նշվում է, որ Վիլյամ Սարոյանը թարգմանություններ կարդալ չի սիրել և գերադասել է չծանոթանալ իր ստեղծագործությունների հայերեն թարգմանություններին։ Սակայն անկասկած է՝ ցանկացած գրող հպարտ է, երբ իր երկերը հասանելի են դառնում նաև այլալեզու ընթերցողներին։ Իսկ այս դեպքում գրողի էության մասը կազմող լեզվով է նրա հոգու ու մտքի արտահայտությունը խոսում։

Բնօրինակն ու թարգմանական տեքստը համեմատելիս հարց է ծագում՝ եթե Սարոյանը գրական արևելայահերեն իմանար այնպես, ինչպես անգլերեն գիտեր, եթե անգլերենի փոխարեն բառերն ու կաղապարները նրա մտքում հայերեն ծնվեին, ի՞նչ տեսք կունենար այս նախադասությունը, ինչպե՞ս կարտահայտվեր այս միտքը, ի՞նչ համեմատություն կծնվեր այս պահին։ Նման մոտեցումը, անշուշտ, նպաստում է, որ տվյալ երկի լեզուն լինի առավել կենդանի, հարազատ այդ լեզվի (տվյալ դեպքում՝ գրական արևելահայերենի) ձևերին ու կաղապարներին, հնարավորինս զերծ լինի բնագրի լեզվական ազդեցությունից։ Եվ սա էլ եղել է այս ժողովածուն ստեղծողների նպատակներից մեկը։ Թե որքանով է դա հաջողվել, կարծում եմ, ընթերցողները և մասնագետները կտան իրենց գնահատականը։ Սրա մասին խոսելու առիթ է տալիս այն իրողությունը, որ նույն՝ Երևանի թիվ 35 դպրոցում աշակերտների և ուսուցչական կազմի ջանքերով մեծ գրողի 100-ամյակի առիթով ստեղծված մեկ այլ ժողովածու՝ Վիլյամ Սարոյանի «Մարդկության տունը», ջերմ արձագանք ունեցավ հայկական լրատվամիջոցներում։ Այդ հրապարակումներին կարող է ծանոթանալ «Ձեռնամարտ ի սեր Հայաստանի» ժողովածուն ձեռքը վերցնողը՝ բացելով «Գրախոսություններ և արձագանքներ» բաժինը։

Ժողովածուի ստեղծագործությունները, բացի «Հետևի՛ր ինձ» վիպակից, հրատարակվել են ամերիկյան պարբերականներում կամ առանձին գրքերում՝ սկսած 1934-ից։ Ժամանակագրության կարգով զետեղված ստեղծագործություններից վերջինը՝ «Մահախոսականներ» կարճ պատմվածքը, թվագրված է 1979թ.։ «Հետևի՛ր ինձ» վիպակը ուշագրավ է ոչ միայն նրանով, որ նրա առաջին գործերից լինելով՝ ըստ էության, ընթերցողին հայտնի է դարձել գրողի 100-ամյակի շրջանակներում, այլև նրանով, որ նրա էջերում տեսնում ես Սարոյան մարդու կերպարը՝ ծանր աշխատանքով ընտանիքի ապրուստը վաստակող մայր, վաղամեռիկ հայր, վաղ տարիքում աշխատանքի լծված մանչուկ, գրող դառնալու երազանք ու երազանքի հետևից գնալու խիզախություն։ Ճիշտ է, վիպակի վերջում հերոսը՝ Արամ Տիրանյանը, կարծես խոստովանում է իր պարտությունը, երբ Նյու Յորքի ցրտից թոքաբորբ տանելով՝ վերադառնում է իր տաք Կալիֆորնիան՝ գրելու մոլուցքը թաղելու և ամուսնանալու մտքերով տարված։ Սակայն եթե չլինեն էլ երկի վերջին տողերում դրված բառերը՝ «Ես ցո՛ւյց կտամ այս անիծված աշխարհին։ Ես նրանց ցո՛ւյց կտամ», ընթերցողը, միևնույն է, նրան հաղթող է համարում, որովհետև Արամ Տիրանյանն իր հայր Հայկ Տիրանյանի նման թույլ չտվեց, որ ամերիկյան նյութապաշտությունը սպանի իրեն։ Նրա հայրը սովորական թոքաբորբի պատճառով գերեզման մտավ, որովհետև, որդին համոզված է, պարզապես չցանկացավ ապրել։ Հին հայրենիքից Ամերիկա եկած հայրը գերադասեց մեռնել, իսկ Կալիֆորնիայի երկնքի տակ ծնված նրա որդին սովորեց նյութապաշտ աշխարհում ապրելու հնարներ մտածել՝ մնալով հայ ու ստեղծագործող։ Օտար երկնքի տակ հայտնված երկրորդ սերնդի հայը, ըստ էության, առավել ուժեղ է ու ոչ պակաս հայ։ Երևի հային հատուկ հակադրության ոգին է նրան պահում։ Կարելի է նաև նման կերպ մեկնաբանել երիտասարդ Սարոյանի այս նորահայտ վիպակը։ Իր կյանքի օրինակը, համենայնդեպս, սա է հաստատում։ Այս տեսանկյունից շատ բան է ասում նաև ժողովածուին իր վերնագիրը տված «Ձեռնամարտ ի սեր Հայաստանի» պատմվածքը՝ Գասպարի առինքնող կերպարով։ Ոչ այնքան ճարպիկ պատանին, որ փորձում էր իր շրջապատի ազգակից մանչուկներին բռնցքամարտ սովորեցնել՝ առանց նրանց դաժան դարձնելու, ստիպված է լինում դաժան դաս տալ դաժանություն սերմանողներին։ Իսկ այդ մանչուկներին վիրավորել էին՝ կեղտոտ հայեր անվանելով։ «Թեև տղան չէր կարողանում խոսել սեփական լեզվով, ներսում գլուխ էր բարձրացրել հին վիշտը՝ միանալով ստոր ատելությունից ծնված վիրավորանքին»։ Ու այդ վիրավորանքն էլ Գասպարի մեջ լռեցնում է դաժանությունը մերժող ձայնը. ինքը  ձեռնամարտի է նետվում ո՛չ մանչուկներին վիրավորած մի փողոցային հեղինակության դեմ։ Իր կռիվն ի սեր Հայաստանի է, այս մանչուկների ազգային արժանապատվության սիրույն է, հանուն իր ազգի պատվի է։ Իրենից ակնհայտորեն թույլ հայից ծեծված Սոմերսը երևի այդպես էլ չի հասկանա, թե ինչպես իր հարվածներից գրեթե ջարդուփշուր եղած այս պատանին պարտության մատնեց իրեն։ Դե ինչ, շատերը դա չեն հասկացել ու երբեմն դրա համար դառնորեն հատուցել են։ Սակայն այդ ամենը մխիթարական չէ նաև հայի համար. «Նա դառնորեն ողբում էր, ամաչում էր ինքն իրենից, նրա վիշտն ու ընդվզումը հասնում էին մինչև տիեզերքի մութ անհունը՝ սրբագործվելով գիշերային լռության մեջ»։ Կարծես ասելիս լինի՝ աշխա՛րհ, հային խոցելիս մի պահ մտածիր՝ ի՞նչ է տալու դա քեզ և ի՞նչ է խլելու նրանից։

Կարելի է, իհարկե, առանձին-առանձին խոսել այս գրքի բոլոր ստեղծագործությունների մասին, սակայն այժմ բավական է միայն ասել, որ դրանք բոլորն էլ ընթերցվում են հետաքրքրությամբ, անպայման խոհեր ու մտորումներ են բերում իրենց հետ՝ գեղագիտական հաճույքից բացի պարգևելով նաև աշխարհը Սարոյանի աչքերով տեսնելու բարեբախտություն։ Մանավանդ երբ նկատում ես, թե երբեմն որքան աննշան թվացող իրավիճակ կամ միջադեպ է նա բարձրացրել գեղարվեստական ընդհանրացման մակարդակի։  Իսկ հայ-թուրքական աշխուժացած հարաբերությունների ներկա փուլի համապատկերին էլ այստեղ զետեղված ստեղծագործություններն իրենց ասելիքն ունեն։

Ինչպես ցանկացած գիրք, այս մեկն էլ, անշուշտ, ունի թերություններ ու առավելություններ։ Սակայն այստեղ շատ ավելի է կարևորվում մի հանգամանք. մտահղացումը ծնունդ է առել երևանյան մի սովորական դպրոցում, և այս մեկը դրա արդեն երկրորդ արտահայտությունն է (ինչպես նշվեց, առաջինը «Մարդկության տունը» ժողովածուն է)։ Այս հանգամանքն իր հետ նաև շատ հույսեր է բերում։ Դրանցից մեկն էլ այն է, որ սրա օրինակը վարակիչ կլինի, և մեր դպրոցներում նմանօրինակ նախաձեռնությունների հիմք կդառնա։ Ու պարտադիր չէ, որ բոլորը միայն թարգմանություններ անեն։ Այս դեպքում մենք մի, կարելի է ասել՝ արժեքավոր գիրք ունեցանք։ Դպրոցներում շատ առարկաներ են անցնում, ամեն առարկա էլ իր տիրույթներն ու հնարավորություններ ունի։ Արդյունքը կարող է լինել կրթված սերունդ կյանք բերելը, մի խնդիր, որն այսօր, մենք գիտենք, մեզ համար չափազանց մտահոգիչ է դարձել։

Արմենուհի Փալանդուզյան

Այս խորագրի վերջին նյութերը