Կարծիք

21.01.2010 09:10


Սահմանադրական դատարանը սահմանափակեց արձանագրությունների' հայկական ազգային շահերին հասցվող վնասը

Սահմանադրական դատարանը սահմանափակեց արձանագրությունների' հայկական ազգային շահերին հասցվող վնասը

Հայ-թուրքական արձանագրությունների շուրջ աշխարհով մեկ հայերի՝ ամիսներ շարունակ տևած վիճաբանություններից հետո, հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանը որոշում կայացրեց արձանագրություններում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրության համապատասխանության մասին:

Դատարանի խնդիրն անհամեմատ ավելի հեշտ կլիներ, եթե գործ ունենար արձանագրությունների միայն իրավական հայեցակետերի հետ, որոնք այո կամ ոչ որոշում կպահանջեին` համառոտ մի բացատրությամբ: Հենց միայն այն փաստը, որ դատարանի որոշումը կազմված է ութը էջից և պարունակում է բազմաթիվ հստակեցումներ, մեկնաբանություններ, բացատրություններ և սահմանափակումներ, խոսում է այն մասին, որ դատարանի դատավորները ստիպված էին չափազանց զգուշորեն հավասարակշռել մի կողմից հզոր պետությունների հետ Հայաստանի հարաբերությունների պաշտպանությունը, և մյուս կողմից արձանագրությունների՝ Հայաստանի ազգային շահերի հնարավոր վնասների նվազեցումը:

Քանի որ դատարանն ակնհայտորեն չէր կարող հիմնովին մերժել այս չափազանց վատ բանակցված և անհաջող ձևակերպումներով արձանագրությունները, ապա այն կատարեց իր հաջորդ հաջող քայլը. արձանագրություններն ընդունեց միայն դրանց իրավական մեկնաբանությունների և իրականացման վերաբերյալ բազմաթիվ վերապահումներ անելուց հետո: Ուստի, դատարանի որոշումը մասամբ արդարացնում է բոլոր նրանց, ովքեր իրենց լուրջ վերապահումներն էին արտահայտում արձանագրությունների բացասական կողմերի վերաբերյալ:

Ահա հիմնական մեկնաբանություններից և սահմանափակումներից մի քանիսը, որոնք Սահմանադրական դատարանը ընդունել է արձանագրությունների վերաբերյալ.

1. Դատարանն արձանագրությունների բոլոր դրույթները պայմանավորեց երկու հիմնական պարտավորությունների իրականացմամբ՝ «հաստատել դիվանագիտական հարաբերություններ» և «բացել ընդհանուր սահմանը»: Այսպիսով, դատավորներն այս երկու գործողությունները ելակետային դարձրին Հայաստանի և Թուրքիայի ստանձնած մյուս բոլոր պարտավորությունների կատարման համար:

2. Դատարանը նեղ մեկնաբանություն տվեց արձանագրությունների «բացել ընդհանուր սահմանը» կետին՝ ընդգծելով, որ Հայաստանի հանձնառությունը պարզապես վերաբերելու է «սահմանային անցակետերի բնականոն գործունեությունն իր կողմից ապահովելու հետ կապված իրավակազմակերպչական ու կառուցակարգային խնդիրներ լուծմանը»: Հատկանշական է, որ դատարանն օգտագործեց «անցակետեր» տերմինը, «սահմանի» փոխարեն, անուղղակիորեն հրաժարվելով Հայաստանի և Թուրքիայի միջև գոյություն ունեցող սահմանի իրավական ճանաչումից: Քանի որ Թուրքիան է փակել սահմանը, ուստի միայն նա է պատասխանատու այն վերաբացելու համար: Իսկ Հայաստանի պարտավորությունը սահմանափակվում է զուտ անհրաժեշտ վարչական միջոցառումներ իրականացնելով՝ անցակետերով անցումն ապահովելու նպատակով:

3. Դատարանը սահմանեց, որ միայն այժմյան Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ վավերացված միջազգային պայմանագրերը կարող են իրավաբանական ուժ ունենալ: Պարզորոշ ակնարկ, որ Հանրապետության գոյությանը նախորդած պայմանագրերով կարգավորված սահմանային հարցերը չեն կարող վավերական համարվել: Այս մեկնաբանությունը հերքում է Թուրքիայի շարունակ հնչող հայտարարությունները, թե իբր արձանագրությունները վերահաստատում են Հայաստանի տարածքային զիջումները Թուրքիային, հատկապես հղում կատարելով Կարսի 1921 թվականի պայմանագրին: Իրոք, դատարանը միտումնավոր նվազեցրեց այս արձանագրությունների համընդհանուր նշանակությունը՝ հանձնարարելով, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների հաստատման և հետագա զարգացման բոլոր պայմանագրերը իր կողմից հատուկ վավերացում են պահանջելու:

4. Դատարանը հակադրվեց արձանագրությունների տեքստին, որը հատուկ բառեր է պարունակում բազմակողմ պարտավորությունների մասին, պարզաբանելով, որ դիտարկվող փաստաթղթերն ունեն «բացառապես երկկողմանի միջպետական բնույթ»: Այսպիսով, դատավորները հստակորեն կանխեցին Թուրքիայի միջամտությունը Արցախի բանակցություններին և հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հարցի պայմանավորումն այդ հակամարտության կարգավորմամբ:

5. Դատարանը չհամաձայնեց Թուրքիայի պնդումներին, թե արձանագրություններով նախատեսված պատմական հանձնաժողովի նպատակը Հայոց Ցեղասպանության փաստերի ուսումնասիրությունն է: Դատավորները պարզորոշ սահմանեցին, որ արձանագրությունների դրույթները չեն կարող հակասել Սահմանադրության նախաբանին, որը հղում է կատարում Հայաստանի անկախության մասին հռչակագրին: Հռչակագրի 11-րդ կետում ամրագրված է. «Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»:

Ի՞նչ է լինելու հետո, սա է գլխավոր հարցը:

Սահմանադրական դատարանը, առնվազն սահմանափակեց արձանագրությունների որոշ վնասաբեր հայեցակետերը, սահմանելով, որ արձանագրություններից բխող ցանկացած օրենք, խորհրդարանական վավերացումից հետո չի կարող ոտնահարել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը:

Իհարկե, շատ ավելի գերադասելի կլիներ, եթե Ազգային ժողովն ընդհանրապես մերժեր այս արձանագրությունները: Ցավոք, դա անհավանական է, քանի որ խորհրդարանում գերակշռում են իշխանամետ պատգամավորները: Եթե հնարավոր չի մերժել, ապա Հայաստանի նախագահն ու Ազգային ժողովը, պետք է այս արձանագրությունների վերաբերյալ, առնվազն հատուկ վերապահումներ կամ փոփոխություններ նկատի ունենան՝ Սահմանդրական դատարանի որոշմանը համապատասխան:

Հակառակ դեպքում, արձանագրություններին դեմ արտահայտվող հայերն իրենց վերջին հույսը պետք է դնեն թուրքական խորհրդարանի համառության վրա, որ նրանք չեն վավերացնի արձանագրությունները, քանի դեռ Հայաստանը դուրս չի եկել Արցախից: Եթե թուրքական խորհրդարանը չվավերացնի արձանագրությունները, շատ զավեշտական կլինի, որ հայերն իրենց ազգային շահերը պաշտպանելու համար ստիպված էին ապավինել Թուրքիայի դիրքորոշման վրա:

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Թարգմ. Ռ.Ավագյանի

Այս խորագրի վերջին նյութերը