Հարցազրույց

29.10.2010 15:16


Գեղամ Բաղդասարյան

Գեղամ Բաղդասարյան

Հարցազրույց արցախցի փորձագետ Գեղամ Բաղդասարյանի հետ

-Ինչպե՞ս եք գնահատում հոկտեմբերի 27-ին ՌԴ Աստրախան քաղաքում տեղի ունեցած Սարգսյան-Մեդվեդև-Ալիև հանդիպումը։

-Գնահատում եմ որպես հերթական հանդիպում, որի հիմնական նպատակը ղարաբաղյան հիմնախնդրի քաղաքական կարգավորման բանակցային գործընթացն արթուն պահելն է և ռազմական գործողությունների վերսկսման հավանականության նվազեցումը։ Ըստ երևույթին՝ միջնորդ երկրներն ու կազմակերպությունները զգում են, որ բանակցային գործընթացում տևական անդորրը նպաստում է շփման գծում հարաբերական անդորրի խախտմանը և լարվածության ուժեղացմանը։ Ինչ խոսք, նման հանդիպումներն էլ են ուղեկցվում սահմանային միջադեպերով, բայց դրանք, ըստ իս, ադրբեջանական կողմի մարտավարության, այլ ոչ թե ռազմավարության արդյունք են։ Նաև այն տպավորությունն ունեմ, որ շփման գծի ադրբեջանական կողմում ոչ ամեն ինչ է վերահսկելի ու կանխատեսելի։

Աստրախանյան հանդիպման մյուս նպատակներից մեկն էլ, կարծում եմ, զուտ ռուսաստանյան ծագում ունի։ Նախագահ Մեդվեդևը, հավանաբար, որոշակի մարտավարական խնդիրներ է փորձում լուծել հարավկովկասյան տարածաշրջանում և ԱՄՆ-ի հետ հարաբերություններում։

-Այդ հանդիպումից հետո ՌԴ նախագահը հայտարարեց, թե դեկտեմբերին Ղազախստանում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովից առաջ Հայաստանն ու Ադրբեջանը, հնարավոր է, համաձայնեցնեն ԼՂ կարգավորման ընդհանուր սկզբունքները։ Որքանո՞վ եք այդպիսի զարգացումը հավանական համարում։

-Չեմ բացառում հավանականությունը, թեև դժվար թե կողմերը հասցնեն կամ ցանկանան հասցնել նման համաձայնագիր ստորագրել։ Եթե անգամ համաձայնություն ձեռք բերվի կարգավորման հիմնական սկզբունքների շուրջ, ապա դա ևս չի նշանակի, թե բանակցային գործընթացը տեղից թափ է առնելու, որովհետև հիմնական տարաձայնությունները, ըստ իս, ոչ թե կարգավորման սկզբունքներում են, այլ դրանց իրականացման մեխանիզմներում ու ժամկետներում։ Սատանան, ինչպես ասում են, մանրուքներում է։

-Վերջերս ԱՄՆ-ում ձերբակալվեց օրենքով գող Արմեն Ղազարյանը՝ «Պզոն», և նրա հանցախմբի անդամները։ «YouTube»-ում մի տեսանյութ տեղադրվեց, որտեղ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը հայ երիտասարդի հետ զրուցելիս ասում է, թե հայ-թրքական գործընթացի ժամանակ Սերժ Սարգսյանը զանգահարել է իրեն՝ խնդրելով հետաձգել Ցեղասպանության բանաձևի ընդունումը։ Ինչպե՞ս եք մեկնաբանում այս փաստերը։ Որոշ ընդդիմադիրներ կարծում են, թե այդ ամենն ԱՄՆ-ը կազմակերպում է ՀՀ իշխանությունների վրա ճնշում գործադրելու համար՝ հատկապես ԼՂ-ի կարգավորման հարցում։ Համամի՞տ եք այս տեսակետին։

-Չեմ կարծում, թե իմ մեկնաբանությունը որևիցե մեկին հետաքրքրի։ Ընդհանրապես, ցանկացած հարցի քննարկման ժամանակ նպատակահարմար է գործին տեղյակ մարդկանց կարծիքը հարցնել, իսկ դրանից առաջ էլ ապահովել տեղեկատվական հենքը։ Բացի դրանից, այս կամ այն իրադարձությունը հասկանալուց զատ, շատ ավելի կարևոր է ինքներս մեզ հարցնել՝ «իսկ հետո՞»։ Հետո ի՞նչ։ Ենթադրենք՝ այդպես է։ Բայց դրանից ի՞նչ է փոխվում մեր հանրային ընկալումներում ու գործողություններում։ Կամ ենթադրենք, թե այդպես չէ։ Հետո ի՞նչ։ Մեր ընկալումներում ու գործողություններում ինչ-որ բան փոխվու՞մ է։ Մեր պրոբլեմները թեթևանու՞մ են։ Գուշակություններից շատ ավելի խոհեմ կլիներ մտասևեռվել մեր ներքին կյանքի բարեփոխումների, մեր ներքին ռեսուրսների գաղափարական համախմբման վրա։

-ՀՀ նախագահի մամուլի ծառայության ղեկավարը հերքեց, թե Սերժ Սարգսյանը զանգահարել է Ջո Բայդենին։ Ըստ Ձեզ՝ այդպիսով չի՞ ստացվում, որ ԱՄՆ փոխնախագահը սուտ է ասում։

-Ստիպված եմ նորից հարցնել՝ հետո ի՞նչ։ Կողմերից մեկի ասածը, բնականաբար, իրականության հետ համապատասխանության պրոբլեմ ունի։ Դժվար թե մեզնից որևէ մեկը հոգեցունց վիճակի մեջ մտնի թե՛ մեկ, թե՛ մյուս տարբերակի դեպքում։ Ուրեմն, ի՞նչ իմաստ ունի հանրային ուշադրությունը գցել այս մացառուտը։ Չեմ կարծում, թե այս հարցի պարզումից հետո փոխվելու է մեր հանրության վերաբերմունքը սեփական իշխանությունների կամ ԱՄՆ-ի նկատմամբ։ Մտցնենք մեր հանրային «դոսյե»-ի մեջ այդ իրադարձությունը և, ինչպես ասում են, մեր դարդին մնանք։  Շատ ավելի կարևոր հարցեր լուծելուց հետո այդ «դոսյեն» պետք կգա։

-Ղարաբաղյան կարգավորման հարցում ինչպիսի՞ զարգացումներ և ուղիներ եք տեսնում։

-Ըստ իս, քանի դեռ հակամարտության երեք կողմերում՝ ԼՂՀ-ում, Ադրբեջանում և Հայաստանում, սկզբունքային, որակական ու համակարգային փոփոխություններ չեն եղել, դժվար թե բանակցային գործընթացում էական փոփոխություններ արձանագրվեն։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը