Կարծիք

19.12.2009 14:20


Հայկական կյանքի «նոր փիլիսոփայու- թյունը»

Հայկական կյանքի «նոր փիլիսոփայու- թյունը»

Ընդունված սովորույթ է, երբ երկու անհատ փորձում են ծանոթություն հաստատել ամենահեշտ ու արագ միջոցը բնակության վայրի ճշգրտումն է ու դրան հաջորդող հարցերի շարանը: Անկեղծության համար պետք է ասել, որ արտերկրում ևս ծանոթությունը սկսվում է հենց «where are you from?» հարցից, որին իհարկե հաջորդում են կեղծ զարմացական ու հիացական արտահայտությունները, սակայն դրան հաջորդում են արդեն մասնագիտական և այլ կարգի խոսակցություններ: Խնդիրն ամբողջապես այլ է Հայաստանի ու հայերի պարագայում:

Ապրելու բնակավայրի ու կոնկրետ թաղի և տեղանքի ճշգրտումը դա առաջին ու թերևս ամենակարևոր թեստ է ճանաչողության պրոցեսում, որը հաղթահարելու պարագայում փոխհարաբերություններում ընդգծվում է հետագա շփման մակարդակն ու աստիճանը: Եթե քննությունը չես կարողանում բռնել հենց սկզբից, ապա հետագայում ինքնության ճշգրտումը բավականին լուրջ ջանքեր ու եռանդ է պահանջում, որի պատճառով էլ յուրաքանչյուր ոք աշխատում է հնարավորինս ,բարձր մակարդակովե անցնել այդ փորձությունը: ,Ինքնության փորձություննե իր մեջ ներառում է փոխկապակված հարցերի մի լուրջ շրջանակ' սկսած թաղի հեղինակությունների անունները ճշգրիտ արտասանելուց, նրանց վարած մեքենաների և, հնարավորության դեպքերում, համարանիշների մասին հստակ տեղեկությունից, ծանոթ-հարևաններից, նրանց ծառայելու վայրից, զորամասի համարից, հարևանների ու ընկերների անուններից, նրանց ինքնության բաղադրիչներից և այլն: Մի խոսքով դա մի հսկայական ու բարդ գիտություն է, որի արևմտյան գրական լեզվով անվանում են սոցիալական հմտություններ (social skills), որի Հայաստանում ունի իր տեսական ու կիրառական առանձնահատկությունները:

Պետք է արձանագրենք, որ ոչ միայն Հայաստանում, այլ ողջ աշխարհում առաջին կարևորություն ունեցող ոլորտը հենց սոցիալական շփման հմտություններին տիրապետելն է և ով կարողանում է դա անել բարեհաջող կերպով, նրան պետք չեն տասնյակ դիպլոմներ կամ էլ ակադեմիկոսի ուղեղ այդ կոչումը ստանալու համար: Ցավոք սրտի Հայաստանում social skills-ը նույնացվում է քծնանքի, բամբասանքի, երրորդ անձանց ամբաստանելու ու «քցելու» հետ, որը պետք է նկատենք հեռու չէ իրականությունից: Իսկ նմանատիպ «ինքնությամբ» չեն անվանում իրենց անուններով, այլ ինչ-որ տեղ էլ նրանց բարձրացնում են ասելով «աչքաբաց», «շուստրի», «ծակուծուկը իմացող» և այլ «գերադրական» մակդիրներով: 

Ինքնության ձևավորումը սկսվում է դեռևս ընտանիքից ու փողոցից, որտեղ արդեն հստակորեն ուրվագծվում է այն արահետը, որտեղով շարժվելու է «ապագա հանճարը»: Այս ամենի մեջ իր ուրույն դերն ու նշանակությունը ունի ծագումը, որտեղից և ինչ ընտանիքից: Եթե ծագումը «էլիտար» է իր բոլոր անհրաժեշտ ատրիբուտիկաներով, ապա կարելի է ասել, որ արդեն որոշակիորեն ապահովված է տվյալ անհատի շփման ու հարաբերությունների շրջանակը, որի ձևավորմանը նպատում է ոչ այնքան ինքն ու իր ցանկությունները, այլ առավելապես սեփական անձին այլևս անդառնալի ուղեկցող ատրիբուտները:

Այսօր Հայաստանի թե դպրոցներում և թե բարձրագույն ուսումնական հաստատություններում նկատելի են որոշակի «կուտակումներ» հատկապես «էլիտար ատրիբուտներով» տղաների ու աղջիկների շուրջ, որոնց հետ շփումը, նրանց բարեհաճությանն արժանանալը ավելացնում է «աչքաբացների» ու նաև նրանց ստեղծած սոցիալական կապերի միջոցով' նրանց ծնողների հետագա թռիչքի հնարավորությունը ու պաշտոնեական սանդուղքի որևէ աստիճանում հանգրվանելը: Սա ապացուցվում է վերջին տարիներին Հայաստանում տեղ գտած այնպիսի մի երևույթով, ինչպիսին «էլիտար» ամուսնություններն են, երբ նույնանման ատրիբուտների տիրապետող անհատները (կամ էլ նրանց ծնողները) միավորում են իրենց ուժերը:

Առաջին հայացքից կարող է թվալ, որ նկարագրածի մեջ ոչինչ չկա և ամեն ինչ տեղի է ունենում հենց social skills-ի շրջանակներում, սակայն ընդամենը մեկ գործոն փոխում է իրերի դրությունը. Դա հենց հայ իրականությունն է ու նրան բնորոշ երևույթները, որոնք, այնուամենայնիվ, բացակայում են այլ հասարակություններում ու պետություններում: Այս պարագայում խնդիրն արհեստական մոտեցումների կամ էլ ավելի ճիշտ կլինի ասել քծնանքի ու հարմարվողականության մասին է:

Բազմիցս ենք լսել, որ խորհրդային շրջանի բնորոշ երևույթ է դա, քանի որ հասարակական որևէ բարիքից օգտվելու և խնդիրներ չունենալու համար յուրաքանչյուր ոք պետք է որոշակիորեն ենթարկվեր վերադասին ոչ միայն իրավական առումով, այլ նաև բարոյա-հոգեբանական: Դա դրսևորվում էր ինչպես վարքի, այնպես էլ կենսակերպի, խոսքի, մարմնի շարժուձևի մեջ:

Եթե խորհրդային շրջանում դա կարելի է ինչ որ առումով օրինաչափ համարել, ապա անկախ Հայաստանի անկախ սերնդի համար այդ երևույթն արդեն նույն տերմինաբանությամբ չես բնորոշի: Սակայն առավել հիասթափեցնողն ու վտանգավորը ոչ թե ինքնին երևույթն է, այլ, ինչպես արևելյան փիլիսոփայությունն է ասում, այն աուրան կամ մթնոլորտը, որ ձևավորվում է երևույթի պատճառով, ինչն էլ իր համապատասխան ազդեցությունն ու կնիքն է թողնում շրջապատի վրա: Աուրան, որը տարածվում է այս երևույթի մեջ ներգրավված անձանց ակտիվ մասնակցության պատճառով, միանշանակ ընդունելություն չի գտնում հասարակության կողմից. մարդկանց մի մասը սուր քննադատության է ենթարկում այն, իսկ մի մասն էլ' կամովին ընկնում դրա ազդեցության տակ ու, տեսնելով նրա ,բարերարե ազդեցությունն իր կենսամակարդակի բարելավման վրա, սկսում է ինքն էլ դառնալ քարոզիչ ու սկսում ինքն էլ իր հերթին դառնալ բազմապատկիչ: «Բազմապատկիչների» թվաքանակի աճը պարզ ֆինանսատնտեսական կամ սոցիալական վիճակի փոփոխությամբ միայն պայմանավորելը միամտություն կլիներ, քանի որ դրա պատճառները ուղղակիորեն կապված են մարդու կյանքի փիլիսոփայության, հասարակական հարաբերություններում սեփական դերի ու դիրքի ճշգրտման, առավել սիրված և հարգված լինելու մարդկային պահանջմունքի և, վերջիվերջո, իշխելու բնազդի հետ:

Սակայն այս տիպի իշխանությունը կամ էլ նմանատիպ իշխանության լծակներին տիրապետելու ճանապարհն իր մեջ պարունակում է բավականին մեծ ստրկության ու թշվառության տարրեր, որոնք ինքնին իրենց մեջ արժեզրկում են այդ գաղափարն ու իշխանության փիլիսոփայությունը: Ստրուկն իշխան լինել չի կարող, սողալու համար ծնվածն էլ թռչել չի կարող հայտնի ասույթը մի տեսակ սկսում է բովանդակազրկվել հայ իրականության որոշ դրվագներ դիտարկելու պարագայում: Սակայն ,նոր փիլիսոփայությունըե ոչ միայն գալիս է ապացուցելու իր կենսունակությունը, այլև հայտ է ներկայացնում դառնալու որպես ,կյանքի նոր փիլիսոփայությունե, որտեղ ճշմարտությունն, ազնվությունն ու մարդկությանն մինչ այս հայտնի բոլոր առաքինությունները իրենց տեղը զիջում են սպառողականությանը, հարմարվողականությանը, ճշմարտության երկվությանը կամ երկակի ճշմարտությանը, որոնք միջոցներ են ,լավ կենսակերպ ու անվտանգ կյանքե նպատակին հասնելու համար:

Այս փիլիսոփայությունը ունի իր նոր մեթոդներն ու գործադրման եղանակները, որոնցից ամենագլխավորը ստրուկից իշխան դառնալու գործընթացն է, որի պատճառով ոչ միայն փչանում է անկախության սերունդը, այլ նաև' արժեզրկվում է իշխանության հասնելու ու իշխան հռչակվելու ողջ գործընթացը: Սանդուղքով դեպի վերև բարձրանալու գործընթացը ձեռք է բերում պյուռոսյան հաղթանակի հատկանիշներ, որը այդ շղթայից դուրս է մղում այլ արժեհամակարգով ապրող ու կյանքի այլ ուղենիշներ ունեցող սակավաթիվ մարդկանց: Այդ փիլիսոփայությունը ,հիմնավորում էե բակային ինքնությամբ, դրա հատկանիշներով, խաղի յուրահատուկ կանոններով, որոնց ոչ խորհրդային են և ոչ անկախական և ոչ էլ նույնիսկ պրագմատիստական, որովհետև երբեմն նույնիսկ պրագմատիզմին հակադրվող տարրեր են պարունակում: Այս իմաստով այն նույնիսկ պարզ հարմարվողականություն համարել չի կարելի, քանի որ այն չի պարունակում այն ,նոր փիլիսոփայությանե տարրերը, որոնք բնորոշ են հայ հասարակությանը:

Այսպիով պետք է փաստենք, որ իսկապես եկել են նոր ժամանակներ ու տարաբնույթ' եվրոպական, ասիական, խառը և այլ արժեհամակարգերին փոխարինելու է եկել ,նոր փիլիսոփայությունե, որտեղ արժեքը «արժեզրկված է», իսկ ամբողջի հիմքում դրված է գերագույն ու ամենակարող ՆՊԱՏԱԿԸ: Ահա այս նպատակին հասնելու ու նպատակով ապրելու շուրջ  է կառուցվում անկախ Հայաստանի սերունդը:

Հովհաննես Հովհաննիսյան

Այս խորագրի վերջին նյութերը