Կարծիք

22.10.2010 10:42


Սերմացուն տեղ հասավ, կամ նոր հեռուստասերիալ

Սերմացուն տեղ հասավ, կամ նոր հեռուստասերիալ

Լրագրելուցս բան դուրս չի գալիս: Որոշել եմ ֆիլմ նկարել: Անհամեստություն չլինի' արդեն ֆիլմիս առաջին կադրերն ունեմ: Թեմա՞ն: Ռուսական սերմացու ցորենի մուտքը Հայաստան: Գործող անձի՞նք: Էլ ո՞վ' ՀՀ իշխանություններն ի դեմս մեր անզուգական վարչապետի, գյուղնախարարի եւ գյուղական ինտելիգենցիայի մի ներկայացուցիչ, որ համաձայնել է անսերմացու մնացած պապիկի դեր տանել: Ի՞նչ, ի՞նչ փիլիսոփայություն եմ դրել ֆիլմի մե՞ջ: Ճիշտն ասած' չգիտեմ: Պարզապես սերմացու ցորենի Հայաստան ժամանելն ինձ մի անեկդոտախառը պատմություն է հիշեցրել: Պատմեմ' լսեք:

Թոռը հիվանդ տատին հարցնում է.

- Մի հասած տանձ ըլեր, կուտեի՞ր...

- Հա~ա...

- Բա չըլե~ր, որ տայի, տատ ջան:

Սա ինչ կապ ունի ֆիլմի թեմայի հե՞տ: Այո, ճիշտ եք, ցորեն են բերել, տանձ չեն բերել, բայց փիլիսոփայությունն էլ հենց տանձի պատմության մեջ է:

Հարցնում եք ինչպե՞ս ընթացան նկարահանումները: Անչափ հուզված էի, առաջին ֆիլմն էր վերջին հաշվով...

Հիշո՞ւմ եք սերմացու հացահատիկով բեռնված վագոնները, որ Հայաստան էին բերվել: Հիշո՞ւմ եք մեր վարչապետի եւ գյուղնախարարի մեծ-մեծ ելույթները, թե տեսեք էսա ինչ ենք անելու, դառնալու ենք տարածաշրջանի ամենածանրակշիռ հաց արտադրող երկիրը: Հիշո՞ւմ եք վագոնները բեռնաթափող մարդկանց' երջանկությունից փայլող դեմքերը: Պատճառն, իհարկե, այդ արարողությանը ներկա վարչապետն ու գյուղնախարարը չէին: Բարձրորակ կարմրավուն սերմացու ցորենն էր նրանց երջանկության բուն պատճառը, որ վերջապես Հայաստան էր հասել: Ցորենի հետ Հայաստան էր հասել նաև հույսը, որ վերջապես կարելի է ցանել այն ու նորմալ բերք ստանալ: Մարդիկ պատրաստել էին ցանքատարածությունները, սպասում էին սերմացուին ու, ահա, վերջապես այն հասնում է Հայաստան: Ինչքա~ն մոտ էր այն, համարյա մի ձեռքի հեռավորության վրա... Չէ, մի շտապեք:

Ստոպ կադր: Այստեղ անցում է պետք, այլապես ամեն ինչ շատ միագիծ է ստացվում: Էլ ո՞ւր մնաց լոռեցիների «տատի, տանձ կուզե՞ս» հայտնի անեկդոտը, էլ որտե՞ղ պիտի նշենք, որ մեր հարգարժան վարչապետը, գյուղնախարարին հետևը գցած, հենց իր հող ու ջրի այդ անեկդոտային փիլիսոփայությամբ է առաջնորդվում: Կառավարության քանի՞ նիստ կլինեն հատկացրած այս խոշորագույն իրադարձությանը' մի քանի վագոն սերմացու ցորեն Հայաստան բերելուն: Տա՞սը, տասներկո՞ւ: Ո՞վ է հաշվել: Գյուղնախարարը քանի՞ ելույթ է նվիրել սերմացու ցորեն բերելու թեմային: Երևի բերված ցորենի հատիկների չափ: Ու ցորենը եկել է:  Ուրեմն' ի գործ: Աշխատում են բոլոր հեռուստախցիկները, բոլոր կողմերից նկարում են ՀՀ վարչապետի աջը, նրա բռի մեջ շողշողում են ռուսական ցորենի առողջ հատիկները, արագ, արագ, քանի դեռ ցորենը նրա բռի մեջ է...

- Սիրելի հայ գյուղացի, սերմացու ցորեն կուզե՞ս:

- Լավ սերմացուն քոռը չի ուզի, մեծարգո վարչապետ ջան:

- Բա չըլե~ր, որ տայի:

- Բա էս ի՞նչ ա:

- Սերմացու ցորեն:

- Բա ասում ես չկա:

- Քեզ համար չկա, սիրելի հայ գյուղացի: Սա էլիտար սերմացու է, հետևաբար էլիտար գյուղացու համար ենք բերել:

- Գյուղացու էլիտարը ո՞րն է:

- Էն, որ առավելագույնս շատ հող ունի:

-Հա~, ցեցերի համար եք բերե՞լ:

Կամերա' ստոպ: Անցում է պետք, վարչապետի նեղսրտած դեմք պետք չէ մեզ: Գյուղնախարարին գտեք, նա քիչ առաջ դեռ իներցիայով ժպտում էր: Ի՞նչ, թռե՞լ է, չկա՞: Տեղակալներից մեկին բերեք այստեղ ուրեմն, անցում է պետք, չձախողեք, այլապես 2012-ի ընտրությունները քթի տակ են:

- Ներողություն, հայրիկ, ձեզ սերմացու չտվեցի՞ն:

- Չէ աղջիկ ջան: Ես վեց հեկտար հող ունեմ: Պատրաստել եմ հաց ցանելու համար: Էդ հողը տվին իմ գլխին:

Անջատեք կամերան, ասում եմ, լալկան տեսարաններ պետք չեն: Այլապես 2012-ին գյուղական համայնքները քվե տալու փոխարեն ուրիշ բան են տալու վարչապետի հարազատ կուսակցությանը: Փոխնախարարին գտեք, ասում եմ... չկա՞: Երկաթուղիներից էլ մարդ չկա՞, թող պատմի, թե ինչ դժվարությամբ է սերմացուն Հայաստան հասցվել: Չկա՞... Նորից վարչապետին ցույց տվեք, ուրիշ հարցեր տվեք, թող Չինաստանում հայկական աշխարհ կառուցի, ճոպանուղով վերուվար անի, խոսի Ամասիայի ենթաշրջանում տուրիզմի զարգացմանն ուղղված աննախադեպ ծրագրերից: Կամերաներ' ի գործ... Առաջ, Հայաստան, առաջ' դեպի հացի գիտելիքահենք արտադրություն, առաջ դեպի «Չկա հայ գյուղացի' չկա հայ գյուղացու պրոբլեմ» կարգախոսի կատարում: Լավ է, նկարված է:Չէ, սպասեք մի պահ: Եթե չլինի հայ գյուղացին' գյուղնախարարն ու գյուղնախարարությունն ո՞ւմն են պետք: Ստացվում է, որ ՕԵԿ-ը զրկվում է պաշտոնի՞ց: Չլինելու բան է: Շտապ գտեք գյուղնախարարին ու' կամերայի առաջ բերեք, անցում է պետք, անցում, հասկանո՞ւմ եք: Ինչ է անո՞ւմ, անցումի է պատրաստվո՞ւմ: Ի՞նչ անցումի, իմ ասած անցումն ուրիշ է, սերմացուի ֆիլմին է վերաբերում եւ ոչ թե քաղաքական անցումին: Հա~, պատրաստվում է նկարվելո՞ւ: Ի՞նչ: Մնաց երկրորդ սերիայի՞ն: Ի՞նքն է ասում: Վերևի՞ց: Ինչքա՞ն վերևից: Հա~ա~ա~:Ու հիմա համբերատար սպասում եմ, թե երբ կառավարությունից պատվեր կիջեցնեն այս ֆիլմի երկրորդ սերիան նկարելու համար: Մտածում եմ այն վերածել սերիալի, մինչև Հայաստան հասած սերմացուն մեր կառավարության գիտական բաշխման արդյունքում դառնա բերք' մի մասը ալյուրի տեսքով հայտնվի մեր հացի փռերում, իսկ մի մասն էլ արտահանվի տարածաշրջանի երկրներ: Միայն թե' մինչ այդ հերոսներից ոմանք չհեռանան նկարահանման հրապարակից: Թե չէ ստիպված ենք լինելու սցենարը լուրջ փոփոխությունների ենթարկել, ինչպես հայկական սերիալներում: «Վերվարածյաններին» հիշու՞մ եք չէ' մեկը Մոսկվա գնաց, մյուսը մի քանի օրով' Պարսկաստան... Վարչապետին կամ գյուղնախարարին, օրինակ, ես ո՞ւր տանեմ սցենարով, որ ֆիլմը չարժեզրկվի:

Էդիկ Անդրեասյան

Այս խորագրի վերջին նյութերը