Հարցազրույց

19.10.2010 14:05


Էդվարդ Անտինյան.

Էդվարդ Անտինյան.

Հարցազրույց ՀՌԱԿ փոխատենապետ Էդվարդ Անտինյանի հետ

-Ընդդիմադիր դաշտում այսօր իշխանություններին այլընտրանք տեսնո՞ւմ եք։

-Այս պահին իշխանություններին այլընտրանք հանդիսացող ընդդիմադիր ուժ չկա։ Սակայն պետք է վերջապես ձերբազատվենք այդ «հեղափոխական» զարգացումների սցենարներից ու մտածենք, որ իշխանության մի մասի աջակցությամբ միայն հնարավոր է գալ իշխանության և երկրում իրականացնել արմատական բարեփոխումներ։ Դա է միակ ճանապարհը: Մտածել, որ հնարավոր է մի ուժ ստեղծել, որը կգա, բոլոր իշխանավորներին կհեռացնի ու ամբողջությամբ իշխանություն կձևավորի, ոչ միայն հնարավոր չէ, այլև այդկերպ մտածելը պարզապես լուրջ չէ:

-Ի՞նչ է անհրաժեշտ, որպեսզի Հայաստանի թե՛ քաղաքական, և թե՛ հասարակական կյանքում նոր որակներ առաջ գան։

-Նոր որակի ի հայտ գալու համար անհրաժեշտ է առաջնորդվել գաղափարներով ու անձի դերն այսչափ չկարևորել: Ցավոք, մենք գալիք ընտրություններից առաջ դեռ չենք կարողանալու հասնել նրան, որ պայքարը լինի գաղափարական, այլ ոչ թե անձնավորված: Էլ չեմ խոսում այն մասին, որ ներկայումս պայքարը ընթանում է ոչ միայն անձերի միջև, այլև նրանց կողմից տիրապետվող ռեսուրսների, որոնց դերը դժվար է գերագնահատել: Այդ իսկ պատճառով, ցավոք, նոր որակի մասին որքան էլ խոսենք, պետք է փորձենք եղած ռեսուրսը վերադասավորումների ճանապարհով բարելավել' ասպարեզ նետելով հարցը լուծելու նոր ու թարմ մոտեցումներ:

-ՀՀԿ պատգամավորները հայտարարում են, թե ապագա խորհրդարանական ընտրություններում իրենց կուսակցությունը շատ ավելի է նեկայացված լինելու ԱԺ-ում, քան հիմա է՝ որպես հիմնավորում էլ նշելով, որ այժմ ՀՀԿ-ն է ծանրքաշայինը։ Առաջիկա խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ի՞նչ կանխատեսումներ ունեք:

-Նման պնդում անելու համար պետք է առնվազն նշեն, թե այդ ո՞ր ծանրակշիռ բարեփոխումն է հասարակությանը վստահություն ներշնչելու, որ եթե ՀՀԿ-ն ունենա մեծամասնություն, ապա մեր երկրի համար ավելին կանի ու արժանի է վստահության: Նախ, ՀՀԿ-ն վերջին խորհրդարանական ընտրություններում մեծամասնություն ուներ, բայց կոալիցիա ձևավորեց, և հիմա էլ է հայտարարում, թե 50+1 ուենալու դեպքում անգամ, այնուամենայնիվ, գնալու է կոալիցիա կազմելու ճանապարհով: Հասկանալի է, որ դա անում է, որպեսզի ընտրություններից առաջ բոլորին չհակադրի իր դեմ, քանզի այդ հակազդեցությանը նա չի դիմանա: Եվ եթե վերջնականապես համոզվեն, որ ՀՀԿ-ն որպես գործընկեր հուսալի չէ, ապա այսօրվանից նրա դեմ ավելի համակարգված պայքար կծավալեն:

Մարդիկ չեն մոռացել, որ Տեր-Պետրոսյանը երկու անգամ նախընտրական հանրահավաք կազմակերպեց Աբովյանում: Երկրորդի դեպքում պարզապես գնացել էր Գագիկ Ծառուկյանին թախանձագին խնդրելու, որ միանա իրեն, իսկ թե ինչպիսի արտոնություններ կսահմանվեին Գագիկ Ծառուկյանի համար, դժվար չէ ենթադրել: Սակայն Ծառուկյանը չգնաց այդ քայլին և հստակ հասկացնել տվեց, որ իր գործընկերոջը ոչ մի պարագայում դավաճանել չի պատրաստվում: Մինչդեռ ընտրություններից անմիջապես հետո ամեն օր լսում ենք, թե նախագահն ու նրա ղեկավարած կուսակցությունը պատրաստվում են «պայթեցնել» ԲՀԿ-ն, թե ամեն գնով թուլացնելու են նրան, թե ԲՀԿ-ականների նկատմամբ զանգվածային ճնշումներ են սպասվում, ընդհուպ' աղմկոտ քրեական գործեր, իսկ Գագիկ Ծառուկյանի դեմ մահափորձի «հավաստի» լուրերն արդեն հոգնեցնելու աստիճան ձանձրալի են դարձել: Մի՞թե կարծում եք, թե ԲՀԿ-ն 2-րդ անգամ անվերապահորեն կվստահի իր թիվ 1 գործընկերոջը: Եթե ՀՀԿ-ականները ցանկանում են հանրությանը ներկայացնել, թե իրենք այնքան ուժեղ են, որ ցանության դեպքում կարող են ԲՀԿ-ին թուլացնել, պարզապես պետք է հիշեն, թե որտեղ կլինեին և ինչ համազգեստով, եթե Գագիկ Ծառուկյանն իրենց չաջակցեր նախագահական ընտրությունների ժամանակ: Վստահությունը երկկողմանի ճանապարհ է, չափաբաժիններն էլ՝ խստագույնս հավասարակշռված:

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը