Կարծիք

18.10.2010 09:25


Իսկ արդյոք շա՞տ սև է այն կատուն, որ փնտրում ենք

Իսկ արդյոք շա՞տ սև է այն կատուն, որ փնտրում ենք

(Սև կատվի մասին հայտնի փիլիսոփայի մտքի մեծարումը տես Լ. Տեր-Պետրոսյանի վերջին ելույթում)

Երբ ադրբեջանական արդիականացված «Մուսավաթին» մեղադրեցին հոկտեմբերի 8-ին Պոտսդամում ՀՀՇ-ի հետ համագործակցության թուղթ ստորագրելու համար, այս կուսակցության ներկայացուցիչներն շտապեցին հայտարարել, որ Հայաստանում առկա քաղաքական ուժերից Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում ամենակառուցողական դիրքորոշում ունեցող քաղաքական ուժը ՀՀՇ-ն է: Ի՞նչ կարող է սա նշանակել:

Սա առաջին հերթին նշանակում է, որ Մուսավաթը, ՀՀՇ-ն եւ էլի մի կուսակցություն Վրաստանից, որպես շիրմա իրենց բուն գործողությունների համար, մի թուղթ են ստորոգրել, ուր խոսք կա միայն երեք երկրներում ժողովրդավարական արժեքների համար պայքարը համատեղելու մասին, բայց, իրականում, այլ գործով են զբաղված: Ինչո՞ւ, օրինակ, «Մուսավաթը» հանկարծ հասկացավ, որ Ղարաբաղի հարցում ամենակառուցողական դիրքորոշումն ունի ՀՀՇ-ն: Եթե հարգարժան Արամ Մանուկյանը փորձի այս հարցին պատասխանել, մենք նրան երախտապարտ կլինենք, իհարկե, սակայն ստիպված ենք նրան նաև տեղյակ պահել, որ ՀԱԿ-ի անդամ Վահագն Խաչատրյանն արդեն հասցրել է լույս սփռել այս բավականին նուրբ խնդրի վրա: ՀԱԿ-ը, հետևաբար նաև ՀՀՇ-ն, իշխանության գալուն պես, վերադարձնելու են ազատագրված տարածքները եւ որպես փոխզիջում դրա դիմաց' Ադրբեջանից պահանջելու են ԼՂՀ անկախության ճանաչումը: Մեզ թվում է, որ ՀՀՇ-ՀԱԿ-ի հենց այս մոտեցումն է հիմք տվել նորացված մուսավաթականներին հայտարարելու, որ ՀՀՇ-ն ամենակառուցողականն է:

Որ տարածքների վերադարձից հետո Ադրբեջանը ոչինչ չի ճանաչելու, կարծես դպրոցահասակ երեխային էլ պարզ է, որ Թուրքիան նույնիսկ դրանից հետո էլ սահման չի բացելու, կամ բացելուց հետո մի աննշան պատճառով դարձյալ այն փակելու է, նույնպես հասկանալի է, որ ցանկացած զիջում միայն թուլացնելու է Հայաստանի դիրքերը միջազգային ասպարեզում' ընդհանրապես քննարկման հարց չէ: Եվ, ուրեմն, ինչ է փչել ՀՀՇ-ի խելքին, որ սեղանի շուրջ է նստել Ալիևի «ընդդիմության» ներկայացուցչի հետ ու մի բան էլ թուղթ ստորագրել' իբր համատեղ ուժերով միմյանց ավազակապետությունների հախից գալու մասին:

Հայկական ԶԼՄ-ներում արդեն տեսակետ կա, որ ՀՀՇ-ն առաջիկա խորհրդարանական ընտրությունների համար փող է մուրում ադրբեջանական իշխանություններից: Այո, փող, որպեսզի, ինչպես 2008-ին, այնպես էլ 2012-ին ընտրակաշառք բաժանի, կամ մի բաժին պիցցայով ամբոխին պահի հրապարակում: Առաջին հայացքից զազրելի թվացող այս մեղադրանքը, մեր կարծիքով, լուրջ հիմքեր ունի: Բանն այն է, որ առաջիկա ընտրություններից առաջ դարձյալ զգացվեց Արևմուտքի շունչը' Հայաստանը բերել իր ազդեցության գոտի եւ այն կապել թուրք-ադրբեջանական առանցքին: Դրա համար Հայաստանից պահանջվում է մեկ բան' վերադարձնել ազատագրված տարածքները: Խոստանում են նույնիսկ ԼՂՀ անկախության ճանաչում, մի բան, որը չի ցանկանում այդ առանցքի վրա գտնվող երկրներից եւ ոչ մեկը: Եթե այս համատեքստում դիտարկենք նաև ԱՄՆ-ում հայկական հանցախմբի մերկացման ու ձերբակալման աղմուկ հանած իրադարձությունը եւ ՀՀ ԱԳՆ-ի այնքան օպերատիվ արձագանքը, ապա ՀՀՇ-ՀԱԿ-ի ինքնաառաջադրումն այս խաղին մասնակցելու համար, միանգամայն տրամաբանական կարող է նկատվել: ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթում, եթե նկատել եք, համատարած կոռուպցիայից բացի, առանց որևէ ենթատեքստի խոսք կա նաև այն մասին, որ ՀՀ իշխանությունները կապ ունեն միջազգային հանցավոր խմբավորումների հետ: Նրա այդ հայտարարությունը, եթե նույնիսկ ամեն ինչ հենց այդպես չէ, ինչպես ինքն է ասում, նշանակում է, որ մենք հասել ենք մեր անկախության վերջին: Որովհետև սա ուղղակի հրավեր է Արևմուտքին' իրաքյան սցենարով լուծել Հայաստանի հարցը: Եվ դա այն պահին, երբ Ղարաբաղի հարցը դեռևս բանակցային սեղանին է, երբ տակավին շանս կա ամրապնդելու Հայաստան-Ղարաբաղ առանցքը, երբ դեռևս չի մեռել հույսը, որ կարելի է հիրավի ազատ ընտրություններով բան փոխել Հայաստանում:

Այս ամենի մեծագույն մեղավորը, թող տարօրինակ չհնչի, հենց ՀՀ գործող իշխանությունն է: Նրան մինչև այս պահն էլ թվում է, թե կարելի է այս լուսավոր դարում գոյատևել ֆեոդալական վարչաձևերով' ինչ է եղել, որ' ընտրակաշառք կբաժանենք ու դարձյալ մի հինգ տարի դինջ-դինջ կապրենք: Այդ դնջության եւ միայն սեփական բարեկեցության մասին մտածելու պատճառով էլ այսպիսի բաներ են տեղի ունենում, պարոնայք: Մեր տարածքները չեն բնակեցվում, մեր ստացած վարկերը նպատակին չեն ծառայում, ներմուծողները խեղդում են տեղական արտադրողին, աշխատատեղ չի բացվում, Հայաստան-Իրան երկաթուղին չի բացվում, արտադրական հզորությունները ձգտում են զրոյի, մեռնում է գիտությունը, ոտնահարվում են մարդկանց ազգային իրավունքները, նրանցից խլվում են նախկին ձեռքբերումները, լեզուն եւ նույնիսկ հավատը: Այս ամենի արդյունքը պիտի լիներ համատարած աղքատությունը, առանձին անհատների ձեռքում երկրի ունեցվածքի բազմապատիկի կուտակումը, ահագնացող արտագաղթը: Այսքանից հետո վազ տալ մամուլի ակումբներ եւ ճառել, թե մենք են գեներալները եւ մեզնից բացի ոչ ոք գեներալ դատնալ չի կարող, պարզապես ծիծաղելի է: Ծիծաղելի է ոչ միայն ՀՀ քաղաքացիների, այլև ողջ աշխարհի խելահաս հասարակության աչքին: Չի կարելի, հասկանում եք, Կապանում բնակելի շենք հիմնադրել երիտասարդ ընտանիքների համար եւ համոզմունք հայտնել, թե այդ շենքը կնպաստի, որ Կապանից այլևս արտագաղթ չլինի: Դա ցնորք է ընդամենը, որովհետև հայտնի չէ, թե երիտասարդ ընտանիքը որքան պետք է քաղցած մնա, որպեսզի կարողանա բնակարանի համար ստացած վարկը մարել: Եվ շատ մեծ հարց է' կկարողանա՞, արդյոք: Սա մի պարզ, բայց խոսուն օրինակ է ընդամենը:

«ՀՀԿ-ն կգլխավորի ընտրությունների մրցավազքը, որովհետև նա, սպորտային լեզվով ասած, ծանր քաշն է ներկայացնում».- սա է առաջիկա ընտրություններում հանրապետականների տեսլականը: Որտե՞ղ է տեսնված, որ ծանր քաշը, այն էլ վազքում հաջողության հասնի: Փորի ու վզի հաստությանը խաբնվելը ՀՀԿ-ին դեռ շատ ուրիշ փորձանքների կարող է հասցնել: Ու հիմա պետք է աղոթել կամ ՀՀԿ-ականների խելքի գալու, կամ Հայաստանն այդ փորձանքներից հեռու պահելու համար: Բանն այն է, որ եթե այս ծանր քաշային վազորդների շնչառությունը չհերիքի մինչև վերջնագիծ, սրանց վրայով կարող է այն հատել մեկ ուրիշը' գրպանում նավթադոլարներ, իսկ ուղեղում' Հայաստանը Թուրքիային ու Ադրբեջանին ծախելու տարբերակներ:

Իսկ գուցե դադարենք աղոթել եւ պարզապես գնանք ընտրությա՞ն: Արդար ընտրության: Երդումով' կոտրվի այն ձեռքը, որ փող կվերցնի: Լինի դրամ, թե նավթադոլար:

Էդիկ Անդրեասյան

Այս խորագրի վերջին նյութերը