Խմբագրական

03.12.2010 00:01


Աստանայի արդյունքներն ու հիասթափվածների բանակը

Աստանայի արդյունքներն ու հիասթափվածների բանակը

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում տեղի ունեցած ԵԱՀԿ գագաթնաժողովում Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ընդունած փաստաթուղթն, ըստ էության, ներկա «ստատուս-քվոյի» պահպանումն արձանագրող բանաձև է։

Ֆորմալ տեսանկյունից Ադրբեջանն Աստանայում դրական արդյունք ապահովեց իր համար, քանի որ միջնորդների, Հայաստանի ու Ադրբեջանի համատեղ հայտարարության մեջ առկա ձևակերպումները ոչ հայանպաստ են՝ հատկապես, երբ հիշատակվում է Մայնդորֆը, Լ' Ակվիլան ու Մուսկոկան։ Բայց եթե մենք այս «ստատուս-քվոյի» օգտին տրված ժամանակն օգտագործենք ու կարողանանաք երկրի ներսում գնալ համակարգային փոփոխությունների ու այս իշխանություններին ուղարկենք չվաստակած հանգստի, ապա Աստանայում տեղի ունեցած գործընթացը դրական պետք է գնահատել։

ՀՀ-ում քաղաքական փոփոխությունների, ներքին կյանքի ժողովրդավարացման հնարավորությունը և, հետևաբար, ազգային առաջադիմության ապահովումը կբերի նրան, որ ԵԱՀԿ-ում ու մյուս ատյաններում ընդունված մեզ համար ոչ ձեռնտու փաստաթղթերը կդառնան մակուլատուրա, ինչպիսիք աշխարհն ընդունել է, ասենք, Բեռլինի կոնգրեսի ժամանակներից սկսած։

Գաղտնիք չէ, որ միջպետական հարաբերություններում հակամարտող սուբյեկտների համատեղ  ընդունած փաստաթղթերի դրույթները գործողության մեջ են մտնում եթե կա երկկողմանի ցանկություն կամ կողմերի միջև առկա հաշվեկշռի կտրուկ տարբերություն։ Այս պահին մենք ոչ մեկն ունենք, ոչ էլ՝ մյուսը։ Հետևաբար՝ Աստանայով ո՛չ պետք է ոգևորվել (ինչպես որ կփորձեն անել պալատական սազանդարները կամ մեր մոտալուտ պարտությանը սպասող 5-րդ շարասյան ներկայացուցիչները), ո՛չ էլ ընկճվել՝ մատնանշելով ընդունված հակաղարաբաղյան կետերը։ Միայն ու միայն մեր ներքին զարգացումներից է կախված Հայաստանն ու Ղարաբաղը պահել–չպահելու հարցը։ Մեկ բան աներկբա է. պարտվելուց՝ պարտվելու ենք մինչև վերջ, ուստի այլ տարբերակ չունենք՝ դատապարտված ենք հաղթելու։

Ի՞նչ ստացանք

Աստանայում կողմերին ժամանակ տրվեց։ Դա հայ-ադրբեջանական «սառը» պատերազմի ու մեր պետությունների մրցակցության ժամանակն է։ Կհաղթի այն կողմը՝ ով կկարողանա ժամանակակից պետություն կառուցել։ Այսինքն՝ հաղթանակն ու պարտությունը բացառապես մեզնից է կախված լինելու, և դրսի ուժերն այդտեղ կապ չունեն։ Նրանք սոսկ իրավիճակ ֆիքսող են։

Աստանայում արձանագրվեց, որ «ֆուտբոլային» դիվանագիտության հետևանքով ՀՀ-ի շուրջ միջազգային  բացասական ֆոն է ստեղծվել, բայց որը ՀՀ իշխանությունները կարողացել են մասամբ չեզոքացնել, և ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները ոչ թե Հայաստանի կապիտուլյացիան ամրագրող փաստաթուղթ ընդունեցին, այլ հերթապահ մի բանաձև։ Կապիտուլյացիան կլիներ, եթե Ս. Սարգսյանը շարունակեր «նախաձեռնողականությունը», ինչն անել նրան թույլ չտվեց թուրք-ադրբեջանական զույգը, որն ագահությունից կուրացել էր՝ տեսնելով, որ դիմացը մուրացկանային քաղաքականության կողմնակից մեկն է կանգնած։ Այդպիսով՝ թուրքերն ու ադրբեջանցիներն ակամայից խաղացին Հայաստանի օգտին ու հօդս ցնդեց մեզանում տարածված այն միֆը, թե թուրքական դիվանագիտությունը ճկուն է ու խորամանկ։ Նման բան չկա։ Ս. Սարգսյանին, ով նրանց օգնությամբ փրկվեց իր իսկ փորած փոսն ընկնելուց,  հարցրեք՝ կասի։

ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդ կողմերն արձանագրեցին նաև, որ այս պահին իրենք չեն կարող լուծել Ղարաբաղյան խնդիրը, քանի որ հակամարտության մեջ գտնվող  սուբյեկտների ցանկությունները բացառում են որևէ համաձայնություն, իսկ միջնորդներն այնքան միասնական չեն, որպեսզի լուծում պարտադրեն Ադրբեջանին, Հայաստանին, ԼՂՀ-ին կամ միասին վերցրած բոլորին։

Աստանայում ընդունված փաստաթուղթը բաժակաճառի մակարդակի էր, որով կողմերին կոչ էր արվում ուժ չկիրառել ու փորձել լուծում գտնել։ Ճիշտն ասած՝ այլ բան ակնկալելը միամտություն կլիներ, քանի որ Ղարաբաղի հարցի լուծում այս պահին գոյություն չունի ու դժվար էլ այդ լուծումը գտնվի տեսանելի ապագայում։ Իսկ նրանք ովքեր Աստանայում բեկում էին ակնկալում կամ կանխատեսում՝ քաղաքականությունից բացարձակապես չեն հասկանում, կամ էլ բեկումն իրենց ցանկությունն էր՝ քաղաքական ինչ-ինչ հաշվարկներից ելնելով։

Ձախորդ Ալիևը

Հաշվի առնելով Սերժ Սարգսյանի վարած «նախաձեռնողական» քաղաքականության բացասական ընթացքը՝ եթե Աստանայում բեկում լիներ Ղարաբաղի հարցում, ապա դա կնշանակեր հայկական կողմի միակողմանի զիջումներ, քանի որ Ալիևն իր կողմից որևէ զիջման մասին չի խոսել երբեք։ Փոխարենը՝ մեր «ֆուտբոլասեր» նախագահն է բոլ-բոլ հարցազրույցներ,  բրիֆինգներ տվել աջ ու ձախ, և հայտարարել, թե Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի իրացման հնարավորության դեպքում ինքը պատրաստ է անհապաղ զիջել ազատագրված տարածքները՝ ձեռքի հետ էլ Գյուլին խնդրելով օժանդակել Ղարաբաղի հարցում։ Իսկ Ալիևի ռազմատենչ հայտարարությունների ֆոնին գնալ որևէ տարածքի զիջման՝ նշանակում է պատերազմ սանձազերծել ու վերադառնալ 1988 թվական, ինչը չի բխում մեր շահերից։ Հետևաբար բեկում չարձանագրվելու առումով Աստանայից առաջին հերթին հիասթափված է Իլհամ Հեյդարիչը, բայց նա միայն իրեն պետք է մեղադրի այդ հարցում։  Կներեք արտահայտությանս՝ միայն հիմարը չէր օգտվի Սերժ Սարգսյանի այն կոպտագույն սխալներից ու փաստի առաջ չէր կանգնեցնի ՀՀԿ «ճկուն» ղեկավարին։ Իլհամի օրինակով մենք ևս մեկ անգամ համոզվեցինք, որ շատ փող ունենալն ամենևին էլ շատ խելք ունենալու նշան չէ։

Ալիևն իր ագահությամբ ու քաղաքական կարճատեսությամբ հնարավորություն տվեց Հայաստանի փողատեր իր գործընկերոջը դառնալ «հայրենասեր», հետ պտտեցնել «ֆուտբոլային» դիվանագիտությունն ու ԵԱՀԿ-ի գագաթնաժողովի ժամանակ ադրբեջանցիներին հակահարված տալ, ինչը ձեռնտու էր Հայաստանին։ Ասել է թե՝ Ալիևն, իր կամքից անկախ, ստիպեց Սերժ Սարգսյանին պաշտպանել ՀՀ-ի շահերը և նկատենք, որ Ադրբեջանի նախագահին դա հաջողվեց, ինչի համար շնորհակալ ենք նրանից։

Ձախորդ Տեր-Պետրոսյանը

Իլհամ Ալիևից բացի Աստանայից հիասթափված կլինի նաև «հիմնադիր» նախագահը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Վերջինիս քաղաքական հաշվարկների կյանքի կոչման վայրը Ղազախստանի մայրաքաղաքը պետք է դառնար, սակայն այդպես չեղավ. Ղարաբաղը ծախվելու կանխատեսում-ցանկությունը  հերթական անգամ իրականություն չդարձավ։

ԵԱՀԿ գագաթնաժողովում արձանագրվեց, որ Ղարաբաղի հարցում մեծ «թայմ-աութ» է վերցվում։ Իսկ դա նշանակում է, որ աթոռի համար պայքարում ՀՀ իշխանությունների արտաքին քաղաքական տապալումների վրա հույս դնող, «ֆուտբոլային» դիվանագիտությունը ողջունող, նախորդ դարի 90-ականների սկզբից Ղարաբաղն Ադրբեջանի տարածքային ամբողջականության  շրջանակներում տեսնող ՀԱԿ առաջնորդն այժմ վերջնականապես ֆիասկոյի է ենթարկվել՝ պարտվելով գաղափարական, ռազմավարական ու մարտավարական առումներով։

Եթե հիշում եք, «ֆուտբոլային» դիվանագիտության թեժ շրջանում ՀԱԿ առաջնորդը հանրահավաք էր հետաձգում, ասուլիս էր տալիս ու գաղափարական հենարան ապահովում Ս. Սարգսյանի  «նախաձեռնողականությանը», իսկ 2008-ի հոկտեմբերին էլ հայտարարում էր, թե հեսա մի երկու-երեք ամսից Ղարաբաղի հարցում կտրուկ բեկում է լինելու ու եկեք տուն գնանք, որպեսզի չխանգարենք գործընթացին։

«Հիմնադիրն» այդ ընթացքում նույնիսկ պատրաստակամություն հայտնեց դառնալ «Եղիազար Այնթապցու» հեզիկ-նազիկ «էջմիածնական միաբանը», որպեսզի Սարգսյանը, թիկունքն ապահովված զգալով, մինչև վերջ խաղա «ֆուտբոլը», այն է՝ «նախաձեռնող» դառնա նաև Ադրբեջանի մասով։

Հետմարտիմեկյան հանրահավաքային դադարի շրջանում Տեր-Պետրոսյանի սիրած ձևակերպումը «Ղարաբաղն արդեն ծախած, պրծած է»-ն էր։ Այդ նախադասությունը «աբրա-կադաբրայի» պես բան էր դարձել նրա թիմակիցների համար։  Ըստ այդմ «սահմանադրական» («բուրբոնական»)   կարգը վերականգնելու ՀԱԿ-ի վերնախավի նեղ շրջանակի պատկերացրած սխեման հետևյալն էր. «Իշխանությունները Ղարաբաղը կհանձնեն, որից հետո այլևս պետք չեն գա  միջազգային հանրությանը, իսկ դա նախադրյալներ կստեղծի իշխանությունը վերցնելու հարցում։ Մեր ակտիվությունը չի ճզմվի հերթական մարտի 1-ով, քանի որ միջազգային հանրությունն այլևս նման հնարավորություն չի տա սրանց, ու մենք իշխանության կգանք։ Ուռա՜»։

Ընթերցե՛ք տարատեսակ տերպետրոսյանականների  հարցազրույցներն ու հոդվածները, հանրահավաքներում նրանց հայտնած մտքերն ու կոչերը և կտեսնեք, որ կարմիր թելով անցնում է վերը նշված բանաձևով քաղաքական պայքար մղելու մոտեցումը։  Ու հիմա, երբ ակնհայտ է, որ գործող կլանի արտաքին զիջումների գնով իշխանության գալու ծրագիրն ամբողջությամբ տապալվել է, լևոնականներին այլ բան չի մնում, քան փորձել կրկին կյանքի կոչել «Եղիազարի» «միաբանը» դառնալու ծրագիրը։ Նկատենք, որ այդ առումով որոշ արդյունքներ արդեն կան. նախկին զոմբիական լևոնականներից ոմանք դուրս են եկել ՀԱԿ-ի տիրույթից և հաջողությամբ հանգրվանել սերժական կառույցներում։ Տեր-Պետրոսյանի կռիվը սրանց նմանների դեմ այն պահով է, որ սեպարատ «միաբանվելով» Սերժի հետ՝ նրանք զրկում են «հիմնադիրին» փաթեթային տարբերակով «միաբան» դառնալու հնարավորությունից՝ գցելով հնարավոր գործարքի գինը։

Մեկ այլ տարբերակ էլ կա։ Իրենց քաղաքական ապագան անորոշությունից դուրս բերելու նպատակով՝ լևոնականները կարող են կատարել 5-րդ շարասյան ֆունկցիա ու միջազգային կառույցներին մեսիջներ հղել, թե իրենց իշխանության գալու դեպքում Ղարաբաղի հարցի լուծումը և Հայոց ցեղասպանության խնդիրն արտաքին քաղաքական օրակարգից հանելը անմիջապես կարվի, ինչն էլ առաջ կգցի «ֆուտբոլային» դիվանագիտության շրջանակներում Սարգսյանի սկսած գործը։

Բայց, ի ցավ Տեր-Պետրոսյանի նեղ շրջապատի, ո՛չ առաջին տարբերակը (այն է՝ գեղամյանությունը) իրենց որևէ օգուտ կտա, ո՛չ էլ առավել ևս դրսի ուժերի միջոցով հնարավոր կլինի իշխանության գալ։ Այնպես որ Տեր-Պետրոսյանը ճիշտ է արել, որ հհշական «բազեներին» խորհուրդ է տվել քաղաքականությունը դնել մի կողմ ու կենտրոնանալ կրթություն ստանալու վրա։ Իսկ որ երիտհհշականները սովորեն՝  նրանցից շատերի խելքները գլուխները կգա ու այլևս զոմբիավարի չեն գոռա «Լե՛-վո՛ն, նախագա՛հ»։ Էդ դեպքում «Լևոնի վկաների» կուռքն իրեն կազատի փողոց դուրս գալու տհաճ պարտականությունից՝ մինչև տեսնեն ինչ «խեր-խաբար» է գալիս «Այնթապցուց» կամ էլ, ասենք, Wikileaks–ից ու «Պզոյի» գործից ...

Անդրանիկ Թևանյան

Այս խորագրի վերջին նյութերը