Լրահոս

06.10.2010 11:29


Բնապահպանությանը և կլիմայի փոփոխությանը նվիրված միջազգային միջոցառում ԳԱԱ-ում

2010թ. հոկտեմբերի 7-ին՝ ժամը 9:30-ին, ՀՀ ԳԱԱ-ում իր աշխատանքը կսկսի բնապահպանությանը եւ կլիմայի փոփոխությանը նվիրված միջազգային միջոցառում, որն ընդունված է անվանել գաղափարների տոնավաճառ:

Միջոցառման պաշտոնական անվանումն է «7-րդ Շրջանակային ծրագրի տեղեկատվական եւ գործընկերների փնտրման աջակցության միջազգային միջոցառում»: Այն կազմակերպվում է ԵՄ 7 ՇԾ-ի Գիտատեխնիկական միջազգային համագործակցության ցանց' Արևելյան Եվրոպայի և Միջինասիական երկրների համար նախագծի շրջանակներում և աջակցվում է Եվրահանձնաժողովի կողմից:

Սա առաջին միջոցառումն է Հայաստանում, որի հիմնական նպատակն է հնարավորություն ընձեռել բնապահպանության ոլորտի գիտնականներին և այլ շահառուներին՝ 7ՇԾ-ի Բնապահպանություն /ներառյալ կլիմայի փոփոխություններ/ թեմատիկ ուղղության շրջանակներում քննարկելու ԵՄ, ԱՊՀ և տարածաշրջանային երկրների գիտնականների հետ համագործակցության հաստատման հնարավորությունները: Կքննարկվեն նաև համատեղ նախագծեր նախապատրաստելու և 2011թ. բաց մրցույթին ներկայացնելու հնարավորությունները:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես կգա ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը: Հրավիրված են մասնակցելու և ողջույնի խոսքով հանդես գալու նաև ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լուցենբերգերը, ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը: 

 Միջոցառմանը մասնակցելու են շուրջ 90 գիտնականներ Հայաստանից, Բելգիայից, Գերմանիայից, Իռլանդիայից, Իտալիայից, Իսրայելից, Լեհաստանից, Ռումինիայից, Թուրքիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Վրաստանից, Մոլդովայից և միջինասիական երկրներից:

ԵՄ հետազոտությունների և զարգացման շրջանակային ծրագրերը համաեվրոպական համագործակցային գիտահետազոտական նախագծերի ‎ֆինանսավորման հիմնական գործիքն են, որում կարող են մասնակցել նաև աշխարհի այլ երկրների կազմակերպությունները՝ այդ թվում նաև Հայաստանից: Այժմ գործում է հերթական 7-րդ շրջանակային  ծրագիրը (7ՇԾ), որը մշակվել է 2007-2013թթ. համար և ունի ավելի քան 50 միլիարդ եվրո ընդհանուր բյուջե:

Այս խորագրի վերջին նյութերը