Մեկնաբանություն

24.11.2009 15:44


Հայաստանը՝ վարկային ասեղի հույսին

Հայաստանը՝ վարկային ասեղի հույսին

Տնտեսական ճգնաժամն արդեն հիմնովին հաստատվել է Հայաստանում և չի պատրաստվում հեռանալ։ Այս տարվա առաջին 10 ամիսների 17,5 տոկոս տնտեսական անկումը ռեկորդային է ոչ միայն ԱՊՀ, այլև միջազգային մակարդակով։  

Մի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը խորհուրդ էր տալիս չխոսել ճգնաժամի մասին, որպեսզի այն չգա Հայաստան։ Թողնենք այն հարցը, թե արդյոք այդպե՞ս պետք է պայքար մղվեր տնտեսական վտանգների դեմ և այդ ի՞նչ նոր մեթոդ էր հայտնաբերել վարչապետը։ Կարելի է ասել, որ  վարչապետի ցանկությունները մեծ մասամբ իրականացան, բայց քանի որ ճգնաժամն ավելի շատ ներքին պատճառներ ուներ՝ մենք չկարողացանք խուսափել երկնիշ գահավիժումից։

Մեզ ասվեց, որ դա նախորդ տարիների շինարարական փուչիկի պատճառով է եղել այսպիսի անկում։ Փուչիկն այդ մի լավ քննադատվեց և ... կառավարությունը սկսեց էլ ավելի մեծ թափով ֆինանսավորել «էլիտար փուչիկներին»։ Այսինքն մի կողմից քննադատվում է շինարարության ուռճացված վիճակը և տնտեսության դիվերսիֆիկացիայի ցածր մակարդակը, իսկ մյուս կողմից՝ դրսից բերված վարկերն ուղղվում են կառուցապատողներին։ «Գործի» վրա բռնվածի հոգեբանությունն էր, երևի, պատճառը, որ կառավարության նիստի ժամանակ վարչապետը սկսեց արդարանալ, երբ հերթական անգամ հայտարարվեց, որ կառուցապատողներին պետական երաշխիքներ են տրվելու։ «Կառուցապատողները մեր երկրի թշնամիները չեն»,- համարյա բղավելով ասաց Տիգրան Սարգսյանը, ով մինչև վերջերս համարում էր, որ շինարարությունն է եղել տնտեսական անկման նման տեմպերի պատճառը։

Իշխանությունները հակաճգնաժամայինի անվան տակ պետության արտաքին պարտքը հասցրել են ՀՆԱ-ի շուրջ 40%-ի չափ  կամ ավելի քան  3 միլիարդ դոլար։ Եվ  ի՞նչ են արվում այդ գումարների հետ՝ հանրության լայն շրջանակներին այդպես էլ հասկանալի չի դառնում։

Օրինակ ռուսական  500 միլիոն դոլար վարկը վերցվեց շատ բարձր տոկոսադրույքով, իսկ Հայաստանի ներսում այդ միջոցները հասու չեն փոքր ու միջին բիզնեսին, քանի որ Կենտրոնական բանկ- մասնավոր բանկ-տնտեսվարող սուբյեկտ շղթայում վարկի տոկոսը դառնում է 20 տոկոսի շրջանակներում, որը բավական բարձր է և այդ գնով պետք չէ ձեռներեցությանը։ Այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչու՞ բերվեցին գումարները։ Պատասխանն ակնհայտ է՝ որպեսզի յուրայինների շրջանակներին փող հասցվի, որպեսզի քննադատվի շինարարական փուչիկը և ֆինանսավորվի նույն այդ շինարարությունը։ Իսկ թե հետո ի՞նչ կլինի՝ դա իշխանություններին քիչ է հետաքրքրում։ Նրանք առաջնորդվում են «Ինձանից հետո  թեկուզ ջրհեղեղ» տխրահռչակ կարգախոսով։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը