Կարծիք

08.12.2015 12:56


Վահե Հովհաննիսյան. «Պետք չէ հուսահատվել, չի կարելի մտածել Հայաստանը լքելու մասին»

Վահե Հովհաննիսյան. «Պետք չէ հուսահատվել, չի կարելի մտածել Հայաստանը լքելու մասին»

Ի՞նչ ենք հիմա անելու – այս հարցով ինձ երեկվանից բազմաթիվ մարդիկ են դիմում փողոցում, աշխատավայրում, բակում, սրճարանում: Նրանց մեծ մասի մոտ պարզ տեսանելի է ապատիան, հուսալքությունը:

Անկեղծ ասած, ես այսօր այդ հարցի պատասխանը չունեմ: Ես շատերի նման իմ ընտանիքի անդամների հետ, որպես ՀՀ քաղաքացի, գնացել եմ տեղամաս, քվեարկել ճիշտ այնպես, ինչպես պատրաստվում էի քվեարկել դեռևս մի տարի առաջ: Ես իմ կարծիքը չեմ փոխել անցած ամիսների ընթացքում` անկախ տեղի ունեցած բոլոր փոփոխություններից:

Հիմա տպավորությունն իսկապես հակասական է: Մի կողմից իշխանությունը հայտնի բոլոր միջոցներով, կարծես թե, լուծեց իր խնդիրը, մյուս կողմից ակնհայտ է, որ նույնիսկ կազմակերպված ուժի, քաղաքական լուրջ դիմադրության բացակայության պայմաններում իշխանական մեքենան տեսանելի խափանումներ է տալիս: Օր օրի դժվար է դառնում մարդկանց վախեցնելը, կաշառելը: Սա նշանակում է, որ օր օրի ավելանում է ազատ, ինքնուրույն և արժանապատիվ քաղաքացիների թիվը: Հարյուր հազարավոր անկաշառ, վճռական քաղաքացիներ ունենք, ում համար կարևոր է իրենց քվեն, ովքեր գիտակցում են իրենց ձայնի արժեքը: Սա արդեն հասարակություն է:

Ես գիտեմ մեկ բան` պետք չէ հուսահատվել, չի կարելի մտածել Հայաստանը լքելու մասին: Հայաստանը ոչ մի մեղք չունի այս ամենի մեջ: Ես իմ, իմ հարազատների և իմ ընկերների մոտ երեկվանից փորձում եմ ճնշել հենց այդ ցանկությունը:

Պետք է ռացիոնալ լուծումներ փնտրել: Միասին մտածենք` ինչ անել: Իսկ գուցե բոլոր գիտակցված քվեարկողներս միասին` անկախ որոշ տարաձայնություններից, որոշ դեպքերի ու անհատների մասին ունեցած գնահատականներից, կլինենք այն ուժը, ալիքը, որը կարող է ապահովել պետության զարգացումը, ունենալ առանց ներքին թշնամանքի ազատ հասարակություն: Իսկապես, գուցե մեր նպատակները, պատկերացումները, արժեքներն ավելի մոտ են իրար և կարևոր, քան տարաձայնությունները: Պետք է մտածել այս ուղղությամբ: Գտնել այդ կազմակերպական ձևը համատեղ քննարկումների արդյունքում: Գիտակցված քվեն մի օր պետք է հաղթի 9-րդ ձևերին, երկրից բացակայողների քվեներին, ցուցակով ու գազելներով քվեարկության բերվողներին:

Իսկ այսօր ես ուզում եմ ուղղակի շնորհակալություն հայտնել բոլոր անկաշառ դիտորդներին, հանձնաժողովների անդամներին, լրագրողներին: Նրանք արել են իսկապես պատմական գործ: Նրանց մեծ մասը երիտասարդներ են, իսկ դա նշանակում է, որ ապագա հաջողությունների հավանականությունը մեծ է: Եկեք չտրվենք պահի ապատիային. նման ռեսուրսով մեր երկիրն իրոք ապագա ունի:

Ազգային ժողովի պատգամավոր Վահե Հովհաննիսյան

Այս խորագրի վերջին նյութերը