Քաղաքական

20.06.2015 11:01


Գիշերն Ազատության հրապարակում խաղաղ է անցել. նստացույցին մասնակցել է շուրջ 223 մարդ

Գիշերն Ազատության հրապարակում խաղաղ է անցել. նստացույցին մասնակցել է շուրջ 223 մարդ

Ազատության հրապարակում ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման նստացույցին այս գիշեր մասնակցել է մոտ 223 մարդ։ Այս մասին «7օր»–ի հետ զրույցում հայտնեց «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամ Հայկ Մելիքյանը։

Նա նշել է, որ ամեն ինչ խաղաղ է անցել, սադրանքներ չեն եղել։

–Մեր նպատակն է՝ որքան հնարավոր է՝ շատ մարդու ներգրավել այս բողոքի ակցիային, քանի որ շատերը նույնիսկ մտքի ծայրով էլ չեն անցկացնում, որ տանը նստած՝ իրենց ինչ–որ մեկը թալանում է։ Այդ իսկ պատճառով կոչ եմ անում իմ բոլոր հայրենակիցներին, որպեսզի դուրս գան և պայքարեն իրենց իրավունքների համար,–ասաց Հ. Մելիքյանը:

Նա նաև նշեց, որ գիշերը երիտասարդներն անց են կացրել հիմնականում պարելով և երգելով.

–Գիշերվա ժամը 3-ի տվյալներով՝ մոտ 250 հոգի մարդ կար Օպերայի դիմաց, հետո գնալով նվազում էին, իսկ առավոտյան մոտ՝ 170: Կոչ եմ անում բոլորին՝ լույսը բացվել է, գնացե՛ք ձեր ընկերներին փախարինման. թարմ ուժեր են հարկավոր,–հավելեց «7օր»–ի զրուցակիցը:

Հիշեցնենք՝ ոստիկանությունը հայտարարություն էր տարածել, որ ժամը 23 .00-ից հետո այդ հավաքն անօրինական է, իսկ դրա մասնակիցները ենթակա են պատասխանատվության՝ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով:

Ոստիկանությունը նաև նախազգուշացրել էր, որ սահմանված կարգով կարող է կիրառվել ֆիզիկական ուժ:

Իսկ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը նստացույցի կազմակերպիչներին հայտնել էր, որ ոստիկանությունը, հաշվի առնելով հավաքի խաղաղ բնույթը, թույլատրում է մարդկանց մնալ Ազատության հրապարակում` պայմանով, որ նրանք չեն խախտի «Հավաքների ազատության մասին» օրենքը՝ վրան չեն տեղադրի, չեն աղմկի, տարածքը չեն աղտոտի և այլն։

«Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամ Հայկ Մելիքյանը մեզ հետ զրույցում նաև ավելացրեց, որ երեկ շատերն են մոտեցել իրենց, և ասել՝ ձեզ մոտ ոչինիչ չի ստացվի։

–Ուզում եմ ընդգծել՝ թող ոչ ոք չհավատա այն խոսքերին, թե մեզ մոտ ոչինչ չի ստացվի,–վստահեցրեց Հ.Մելիքյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը