Հարցազրույց

06.11.2009 18:09


Ամալյա Կոստանյան

Ամալյա Կոստանյան

Հարցազրույց «Թրանսփերենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Ամալյա Կոստանյանի հետ

-Կառավարությունը հասարակական կազմակերպությունների մասին օրենքի նախագիծ է նախապատրաստվում ներկայացնել Ազգային ժողով։ Ինչպե՞ս եք վերաբերվում այդ նախագծին։

-Ընդհանուր առմամբ, մենք կողմ ենք ավելի թափանցիկ և հաշվետու պահել և՛ հ/կ, և՛ ցանկացած այլ ոլորտ Հայաստանում։ Մեր բացասական վերաբերմունքն այն պատճառով է, որ մի քանի խոչընդոտներ են ստեղծվելու, եթե այդ օրենքն ընդունվի։

-Ի՞նչ խոչընդոտների մասին է խոսքը։

-Մեր առաջին դժգոհությունն այն է, որ ոչ թափանցիկ, ոչ մասնակցային կերպով մշակվել են այդ օրենքի փոփոխությունները։ Եվ եթե ասվում է, որ ինչ-որ հ/կ-ների հետ խորհրդակցել են այն փոփոխությունների ենթարկելիս, մենք կցանկանայինք իմանալ, թե այդ ովքե՞ր են մասնակցել։ Ոչ միայն մենք, այլ նաև մոտ 100 հ/կ, որոնք այդ գործընթացին մասնակցել են, ընդհանրապես ոչ մի տեղեկություն չեն ունեցել այդ գործընթացից։ Այս ամենն ի սկզբանե թափանցիկ չէ, որովհետև տվյալ ոլորտում ուզում ես բարեփոխումներ իրականացնել, ավելի ճիշտ է շահառուների կամ այդ օրենքի սուբյեկտների հետ խորհրդակցել։

-Որո՞նք են Ձեր մտահոգությունները։

-Օրենքում բազմաթիվ դժվարություններ են մտցրել։ Դրանցից մեկն այն է, որ պետք է հրապարակվի տարեկան հաշվետվությունը, որը բավական մեծածավալ է, և մեծ գումար է պահանջվում, ինչը մենք չենք կարող լրացուցիչ աղբյուրներից հայթայթել։ Ամենակարևոր մտահոգությունն այն է, որ մենք չենք կարծում, թե պետական ռեգիստրն արդեն ունի ունակություն գնահատելու մեր ծրագրային գործունեությունը, և տեսնելու, թե դա ինչքանով է համապատասխանում մեր կանոնադրությանը։ Հ/կ-ները բազմաթիվ և բազմազան են, և մասնագիտական կարողություններ են պետք այստեղ։

-Տիկի՛ն Կոստանյան, կառավարությունը, սակայն, այդ փոփոխությունները որպես բարեփոխումներ է ներկայացրել։

-Ներկայացնում են, թե դա բարեփոխում է, սակայն մեր կարծիքով դա բավականին կոպիտ փորձ է՝ պարզապես ավելի սաստկացնելու վերահսկողությունը։

Քանի որ մենք իրավական պետության մեջ չենք ապրում, հույս ունենանք, որ դա շատ արդար և հավասար է կիրառվելու, այլ բան է, սակայն, որ մենք այդպիսի հույս չունենք, և դա էլ մեզ մտահոգում է։

-Ի վերջո, այս ամենի նպատակը ո՞րն է, և ի՞նչ եք պատրաստվում անել։

-Մենք քննարկումների մի շարք ենք պատրաստում։ Այս ամենը կհասցեագրենք պետական կառույցներին, ԱԺ պատգամավորներին։ Այս  հարցին մենք պատրաստվում ենք հնչեղություն տալ։ Մենք պահանջում ենք օրենքն այս տեսքով հետ կանչել, և պատրաստ ենք մասնակցել քննարկումներին ու գնահատել, թե ինչպիսին է իրավիճակը ոլորտում, և երկու կողմից էլ ինչ է պետք անել, որ այս ոլորտը լինի ավելի թափանցիկ և հաշվետու։

Մենք կողմնակից ենք, որ պարզ և թափանցիկ լինի ամեն ինչ, բայց գիտենք, որ հավասար պայմաններ չեն ապահովում մեր երկրում ցանկացած օրենքի առջև, դա է մեր հիմնական մտահոգությունը։ Այս օրենքում չարաշահումների և կոռուպցիոն ռիսկեր կան։

Զրույցը վարեց Սյուզի Մելքոնյանը

Այս խորագրի վերջին նյութերը