Կարծիք

13.05.2015 15:39


Խզմալյանի հռետորաբանությունը հատուկ է ադրբեջանական լոբբիի հետ սերտորեն համագործակցողների տրամաբանությանը

Խզմալյանի հռետորաբանությունը հատուկ է ադրբեջանական լոբբիի հետ սերտորեն համագործակցողների տրամաբանությանը

Քաղաքական թեմաներին առժամանակ չէի ուզում անդրադարնալ, սակայն Խզմալյանի հարցազրույցն ինձ հունից հանեց: Եթե չեմ սխալվում, haqqin.az-ին հարցազրույց տվող այս ռեժիսորը դասավանդում է համալսարանում: Իմ խորին համոզմամբ, դասախոսը, բացի որակյալ նյութ տրամադրելուց, պետք է իր ուսանողներին նաև սովորեցնի ճիշտ, լավ և բարոյական մարդ լինել: Դուք կարո՞ղ եք ինձ ասել՝ բարոյական է արդյոք հարցազրույց տալ մեզ հետ պատերազմող նացիստական երկրի ԶԼՄ-ին: Սա ազատ խոսքի իրավունքի հետ կապ չունի, սա պետական շահերի և պետականության գաղափարի հետ կապված խնդիր է: Այն էլ հարցազրույց տալ թշնամի երկրի ԶԼՄ-ին և ծպտուն անգամ չհանել այն մասին, որ այդ երկրիրն իրականում նացիստական է և իր առջև խնդիր է դրել հայկական պետությունը ոչնչացնել:

Չնայած, ի՞նչ կա զարմանալու. մեր երկրում, ցավոք, բարոյականություն բառն արժեզրկվել է, և ավելի ճիշտ կլիներ հարցնել արդյո՞ք սա նորմալ մարդու առողջ տրամաբանությունից բխող երևույթ է հարցազրույց տալ թշնամական երկրի ԶԼՄ-ին և քծնել Ալիևին, թե ԱՊՀ գրեթե բոլոր երկրները զարգանալու հեռանկար չունեն՝ բացի Ադրբեջանից: Այս հռետորաբանությունը հատուկ է ադրբեջանական լոբբիի հետ սերտորեն համագործակցող ռուսաստանցի և այլ երկրների հայտնի վերլուծաբանների տրամաբանությանը: Իրենք Խզմալյանի պես պնդում են, որ Հայաստանը ապագա չունի, իսկ ալիևյան Ադրբեջանին փայլուն ապագա է սպասում: Սա ընդհանրապես ադրբեջանական քարոզչության մեխն է՝ Հայաստանը կործանվելու է, իսկ Ալիևն իրենց տանում է դեպի պայծառ և բարեկեցիկ ապագա: Ինձ կասե՞ք Խզմալյանը սրանից հետո ինչով է տարբերվում մոլդովացի այն կնոջից, ով մեր ԱԺ-ում Ալիևի քարոզն էր անում:

Տիգրան Խզմալյանին պետք է զրկել դասավանդելու իրավունքից. նա ոչինչ չունի սովորեցնելու իր ուսանողներին: Հուսով եմ ուսանողներն էլ այնքան արժանապատվություն կունենան, որ չհաճախեն Ադրբեջանի շահերը պաշտպանող լոբիստի դասերին: Խզմալյանի արարքը նման է նրան, որ օրինակ 1943 թվականին Սովետական Միությունում ապրող և աշխատող ռեժիսորը հարցազրույց տար Գեբելսի ենթակայության տակ գտնվող գերմանական լրատվամիջոցին:

Արմեն Միքայելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը