Կարծիք

30.10.2009 17:14


Գիտե՞ք՝մեզ կոտորել են, ....եկե՛ք իմ հետ կինո

Գիտե՞ք՝մեզ կոտորել են, ....եկե՛ք իմ հետ կինո

Հայ-թուրքական ներկա գործընթացին ի նպաստ իրականացվող քարոզչության շրջանակներում օգտագործվող հնարները կարելի է դասակարգել մի քանի կետերով:

ա.Ուղիղ կեղծիք: Օրինակ՝ «առանց նախապայմանների հարաբերությունների հաստատում» թեզը, որը ներշնչվում է այդպիսի ձևակերպումների մեջ չխորացող բնակչությանը, պատկանում է ուղղակի կեղծիքների շարքին: Արձանագրությունների հրապարակումից ի վեր շատերի կողմից բազմիցս նշվել է, որ առանց նախապայմանների հարաբերությունը պետք է նշանակեր երկու բան՝ «դիվանագիտական հարաբերությունների հաստատում և սահմանների բացում»: Մինչդեռ իրականում գործ ունենք երկու երկարաշունչ համաձայնագրերի հետ, որոնք ամենևին էլ չեն սահմանափակվում վերոնշյալ երկու դրույթներով: Տեքստի մեջ անզեն աչքով իսկ երևում են առնվազն երկու նախապայման, որոնք տարիներ ի վեր բարձրաձայնվել են թուրքական կողմից՝ սահմանների ճանաչում և պատմական հանձնաժողովի ստեղծում: Կարելի է տարբեր կարծիքներ ունենալ՝ արդյոք Հայաստանը պե՞տք է գնար այդ նախապայմանների ընդունմանը, թե՞ ոչ, բայց այլ խնդիր է, որ «առանց նախապայմանների» արտահայտությունը սովորական սուտ է: Իհա՛րկե, նկատելի է, որ արձանագրություններում ներառնված են հենց թուրքական կողմի նախապայմանները: Ինչ վերաբերում է հայկական կողմին, ապա «առանց նախապայմանների»-ն ճշմարտություն է: Տպավորությունն այնպիսին է, որ հայկական կողմը ոչ մի պահանջ էլ չունի թուրքերին: Հայ-թուրքական հարաբերությունների հարցում պահանջատերը (ենթադրում եմ՝ նաև տուժողները) թուրքերն են՝ «հայկական իմպերիալիզմի» հնամենի զոհերը:

բ.Հոգեբանական պարզունակ հնարներ: Ռացիոնալ և կոնկրետ փաստարկների փոխարեն հաճախ օգտագործվում են հայտնի և պարզունակ, բայց դրանով իսկ ազդեցիկ հոգեբանական հնարներ: Այս հնարների շարքին են պատկանում «հետամնացության», «իզոլյացիոնիզմի», «պահպանողականության» և նմանատիպ մեղադրանքներ: Շատ հաճախ այդ պիտակներն օգտագործվում են հնչեցվող քննադատությանը ռացիոնալ հակափաստարկներ հակադրելու փոխարեն: Իրավիճակն առավել զավեշտալի է դառնում, երբ «առաջադեմների» շարքում են հայտնվում Գալուստ Սահակյանի նման դեմքերը: «Առաջադիմական» կեցվածքի հետ սերտորեն առնչվում է մյուս հայտնի հոգեբանական հնարը' «մեծի», «ուսուցչի», «իմաստունի» դիրքից խոսելը: Իբր կույր ատելությամբ տարված հետամնաց զանգվածները չեն ընկալում լուսավորյալ «ընտրանու» վսեմ ձգտումները՝ ավտորիտար և հակադեմոկրատական լիբերալիզմի հերթական դրսևորումը: Ավելորդ է նույնիսկ ասել, որ հայ-թուրքական ներկա գործընթացի կոնկրետիկան ոչ մի կապ չունի «առաջադիմության» կամ «հետամնացության», ոչ էլ ատելության կամ սիրո հետ, և տվյալ դեպքում տեղի է ունենում կոնկրետ քաղաքական հարցի քննարկման նենգափոխում: Գավառամիտ, բարդույթավորված, գաղութատիրական և մանրբուրժուական հայկական «ինծիլիգենցիան» միաժամանակ և՛ կրողն է, և՛ առաջին զոհն «առաջադեմ» և Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալու այս պարզունակ բարդույթի: Նկարագրված երևույթը հաճախ վերածվում է գրեթե հոգեբանական պատերազմի կամ ահաբեկչության, երբ «քարոզիչները», որոնց մեծ մասը վերջին տաս տարվա ընթացքում, չգիտես՝ ինչու, կա՛մ լռել է խնդրո առարկա թեմայի շուրջ, կա՛մ ճիշտ հակառակն է քարոզել, ուղղակի հեգնում և ոտնահարում են «հետամնաց զանգվածների» ազգային զգացմունքները:

գ.Վերացական ոչմիբանությունները և նաֆթալինոտ իմաստությունները: Սերտորեն առնչվում է նախորդ կետի հետ: Հայ գավառական իմաստունիկներից շատերին թվում է, որ եթե նրանք անհրաժեշտ պաթոսով արտասանեն՝ «21-րդ դարում չի կարելի ապրել փակ սահմաններով» տիպի արտահայտություններ, ապա բոլոր հարցերը լուծվում են, և հակառակորդները զինաթափվում են: Բարդությունն էլ այն է, որ այսպիսի մեկ ոչմիբանությանը համապարփակ պատասխանելու համար հաճախ մի քանի էջանոց տեքստ է պետք, որովհետև այսպիսի մեկ կարճ «իմաստության» մեջ, որը ոչ թե սխալ է կամ ճիշտ, այլ առհասարակ ոչ մի բան չի նշանակում, թաքնված է 10.000 սխալ (իրա՛վ, ո՞ր մեկին անդրադառնաս՝ այն բանի՞ն, որ 21-րդ դարում «սահման» հասկացությունն արագորեն ձևափոխվում է և ամենևին էլ չի նույնանում միայն աշխարհագրական սահմանի հետ, որ 21-րդ դարում «սահմանները բացելու» հազար ու մի այլ միջոց կա՝ բացի հայ-թուրքական քնձռոտ սահմանը բացելուց, որ հայ-թուրքական ներկա գործընթացը սահման բացելու հետ առանձնապես կապ էլ չունի, որ, ի վերջո, սահման բացելը լավ բան լինելով՝ ինքնանպատակ չէ, թե չէ կարելի է Երևանի վիլայեթ դառնալու գնով ոչ միայն սահման բացել, այլ, առհասարակ, վերացնել դա և այլն, և այլն): Դրա փոխարեն իմաստակները շատ գոհ են մնում իրենցից ու իրենց առաջադեմ դիրքերից՝ չհասկանալով, որ նման տափակություններով սահմանափակվելը գաղութացված ժողովուրդների բարդույթավորված վերնախավը կառավարելու էժանագույն և արդյունավետ միջոցներից է: Կոնկրետ քաղաքական գործընթացն արհեստականորեն կտրվում է իր համատեքստից, անտեսվում է խնդրի կոնկրետիկան, քննարկումը շեղվում է վերացական դատարկաբանության դաշտ:

դ. Անկապ համեմատություններ, կողմերի հավասարեցում: Սրա հին ու ժանգոտված օրինակներն են՝ «Բա ո՞նց են ֆրանսիացիներն ու գերմանացիները, լեհերն ու գերմանացիները... ժամանակն է՝ մենք էլ...» և այլ բացարձակ արհեստական և կոնտեքստից կտրված համեմատությունները: Համաշխարհային պատմության ոչ թե խաղաղասիրական սեմինարներից, այլ պատմական դասագրքերից կամ սկզբնաղբյուրներից ծանոթ ցանկացած կիրթ մարդու համար էլ պարզ է, որ հայ-թուրքական հարաբերությունները որևէ տիպաբանական առնչություն չունեն գերմանաֆրանսիական, գերմանալեհական և այլ հարաբերությունների հետ: Ասենք, գերմանացիներն ու ֆրանսիացիները միշտ էլ գիտակցել են իրենց պատկանելությունը միասնական քաղաքակրթական դաշտին, և նրանց պայքարն էլ եղել է, կոպիտ ասած, «ներընտանեկան պայքար» ընդհանուր տան մեծի կարգավիճակի համար: Երկու պետությունն էլ բեկորներն են Կարլոս Մեծի կայսրության, որը բաժանվել է Արևմտյան և Արևելյան մասի, և որոնց հիմնադիրները Կարլոսի թոռներ՝ երկու հարազատ եղբայրներ են եղել: Իսկ գերմանաֆրանսիական հակամարտության գլխավոր տարածքային կռվախնձոր Լոթարինգիան նույն կայսրության երրորդ բեկորն էր՝ երրորդ եղբոր՝ Հլոթարի ժառանգությունը: Գերմանացիները երբեք ֆրանսիացիներին չեն կոտորել, ցեղասպանության չեն ենթարկել: Իսկ լեհերից ու հրեաներից այնքան ներողություն են խնդրել, որ երևի թե գերմանացիներից ավելի շատ արդեն տուժողների զզվանքն է գալիս այդ ներողություններից: Այստեղ որևէ հեռավոր առնչություն իսկ չկա հայ-թուրքականի հետ. հայերն ու թուրքերը երբեք չեն եղել նույն մեծ «քաղաքակրթական տան» զավակներ, երբեք չեն մրցել առաջնեկության համար, ու հայերից էլ ոչ ոք մի կես բերան ներողություն չի խնդրել: Բայց փո՛ւյթ չէ. շարունակենք զոմբիի պես կրկնել սեմինարային իմաստությունները: Առհասարակ, հայերին ու թուրքերին՝ տուժողին և դահճին, փոքրամասնությանը և կայսրությանը, դնել հավասար հարթության մեջ, ուղղակի տրամաբանական և բարոյական աբսուրդ է, բայց զարմանալին այն է, որ դա արվում է հենց հայերի միջոցով: Իհա՛րկե, այստեղ էլ պետք է հաշվի առնել նրբերանգները: Եթե այս հարցերն առհասարակ չբարձրացվեին ներկա գործընթացի շրջանակներում, եթե իրոք խոսք լիներ առանց նախապայմանների հարաբերության մասին, դիվանագիտական հարաբերություն և սահմանների բացում (մնացածը՝ հետո), դա միանգամայն այլ պատմություն կլիներ, ու կարելի էր այս խնդիրները չշոշափել: Դա կլիներ զուտ քաղաքական խնդիր՝ հայերն ու թուրքերը կարող էին իրար սիրել կամ չսիրել, Ցեղասպանությունն ընդունել կամ հերքել, բայց սահմանի բաց կամ փակ լինելու հետ դա ոչ մի կապ չէր ունենա: Բայց երբ հենց ներկա գործընթացի շրջանակներում զուտ պետական՝ ռեալ փոլիթիքսի խնդիրները խառնվել են ազգային-պատմական և հասարակական խնդիրների հետ, դա բացարձակ այլ պատմության է վերածվում:

ե. Ժողովրդի անասնացում: Նույնպես հին և փորձված հնար, որը ժողովրդի մի մասին ոչխարացնում է, իսկ մյուս մասի մոտ էլ ավելի է զորացնում նվաստացման և հակադրության զգացմունքը: Լավագույն օրինակն «Էրեբունի-Երևան» աննախադեպ տոնակատարությունն էր Ցյուրիխի հաջորդ իսկ օրը: Մինչ այդ օրը առնվազն լուրջ խորհելու օր էր, տպավորությունն այնպիսին էր, որ ազգիս մեկ մասը տոնում է Ցեղասպանության փաստացի ուրացումը: Այդ օրով ապոկալիպտիկ հրավառություն, թե հրետանային նախապատրաստությունն ասեմ, որից բառացիորեն դողում էին կենտրոնում բնակվողների պատուհանների ապակիները, եկավ բացահայտելու այն, ինչ խնամքով փորձում ենք թաքցնել ինքներս մեզնից, չնայած այսքան տարի աշխարհին համոզել ենք, որ հայերը մինչև հիմա ապրում են Ցեղասպանության ցավով, իրականում սովետահայերի համար դա երբեք էլ լրջորեն վերապրած մարդկային ողբերգություն չի եղել, լավագույն դեպքում՝ քաղաքական շահարկման առարկա կամ ռուս աղջիկ կպցնելու միջոց՝ «Գիտե՞ք՝ մեզ կոտորել են, մենք նենց լավն ենք, էնքան տխուր և խոր աչքերի հայացք ունենք, արի գնանք հետս կինո»:

Հրանտ Տեր-Աբրահամյան

Այս խորագրի վերջին նյութերը