Մեկնաբանություն

29.10.2009 16:40


Իշխանության «մտավոր» սեփականությունը

Իշխանության «մտավոր» սեփականությունը

Փորձագիտական, բիզնես և լրագրողական շրջանակները, հավանաբար, նկատած կլինեն, որ վերջին շրջանում բավական ակտիվորեն քննարկվում են մտավոր սեփականության հետ առնչվող խնդիրները։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է հրուշակեղենի ոլորտում ծագած վեճին, չնայած տնտեսության այլ ճյուղերում էլ վիճակը բարվոք չէ։ 

Հետաքրքրական է, որ կոնֆետեղենի շուկայում մտավոր սեփականությանն առնչվող  հարցը հասավ մինչև կառավարություն և ամենայն հայոց վարչապետն ակնհայտորեն սկսեց պաշտպանել ներմուծողների շահերը։ Հետևաբար կարելի է եզրակացնել, որ այս  հարցում շահագրգռված են իշխանական շրջանակները և, ուրեմն, հարցը նաև քաղաքական է։

Հայաստանում, ինչպես հայտնի է, իշխանությունն ու բիզնեսը քայլում են միմյանց թևանցուկ, և եթե մեր երկրի մի ամբողջ  վարչապետ ընդունում է ուկրաինական ծայրագավառից ժամանած ԺԷԿ-ի պետի մակարդակի բիզնեսմենի, իսկ հանդիպումից հետո գործադիրի նիստում խոսում նրանց շահերից, ապա  նա անձնական շահ ունի կամ էլ շատ ավելի ազդեցիկ ուժերի  ցուցմամբ է ուկրաինական (իրականում տնաբույծ ներկրողների) բիզնեսի փաստաբանի դերը կատարում։ Իսկ ավելի ազդեցիկ ուժերի հետքերը ենթադրաբար կարող են տանել միայն դեպի նախագահական նստավայր։  Այլ տարբերակներ էլ են հնարավոր, բայց դա քիչ հավանական է։

Ո՞րն է խնդիրը։ Սովետական տարիներին կային հայտնի բրենդներ՝ այդ թվում և կոնֆետեղենի շուկայում։ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո այդ ապրանքային նշանների պատկանելիության հարցը մնաց բաց։ Նորանկախ երկրները սկսեցին գրանցել դրանք՝ համաձայն իրենց երկրի մտավոր սեփականության հարաբերությունները կարգավորող օրենսդրության։ Այդպես եղավ նաև Հայաստանում։ Այժմ այս հարցում բախվել են հայաստանյան և ներկրող ընկերությունների շահերը։

«Հայկական աշխարհի» ճարտարապետ Տիգրան Սարգսյանը մտահոգված է  դրսի ընկերությունների և հայաստանյան ներկրողների մտավոր «սեփականության» պաշտպանությամբ։ Բայց իրականում դա իշխանությա՛ն «մտավոր» սեփականության հարցն է։ Նրանց համար այս երկիրն ամբողջությամբ իրենց «մտավոր» սեփականությունն է և օրենքն իրենք են որոշում։ Այսինքն փորձ է արվում կյանքի կոչել «մեկ մարդու տնտեսություն» կառուցելու մոդելը, իսկ այդ մեկ մարդը՝  հայտնի է, թե ով է։

Այսպես. որդեգրվել է «մեկ մարդու տնտեսություն» կառուցելու 2 մեթոդ՝ 1-ինը .  դա մեծ պետբյուջե ձևավորելն է, որի օգնությամբ սեփականության վերաբաշխումն իրականացվում է «օրինական» ճանապարհով։ Բյուջեի ծախսերը չեն վերահսկվում և դրա համար էլ փող աշխատելն այդ ճանապարհով՝ «օրինական» եկամուտ է ապահովում ոմանց։ Եվ իշխանական վերին օղակներին չի էլ հետաքրքրում, թե ի՞նչ կլինի չհիմնավորված բյուջե կազմելուց հետո։ Իսկ ինչպես հայտի է,  մեծ բյուջեն իսկական պատուհաս դարձավ փոքր ու միջին բիզնեսի, տեղական արտադրողների համար։ Բյուջեամոլության հետևանքն այսօրվա 18,3% տնտեսական անկումն է,  որը փորձում են բացատրել միջազգային ճգնաժամով։ Բայց դա այդպես չէ։ Ճգնաժամը Հայաստանի ներսում պետք է փնտրել և գերօլիգարխիկ տնտեսություն կառուցելու մեջ։

«Մեկ մարդու տնտեսություն» կամ գերօլիգարխիկ (միակ ու անկրկնելի օլիգարխի) տնտեսություն կառուցելու 2-րդ  մեթոդը՝  հայրենական տնտեսության վերաձևումն է՝ այլոց բիզնեսները խլելու, կամ փայ մտնելու, կամ էլ դիմացինի գործունեությունը կազմալուծելու տարբերակով։ Նման խնդրի լուծման համար ամենակարճ  ճանապարհը ներմուծմամբ զբաղվելն է։ Նախ դա քիչ ծախսատար է, զերծ է արտադրության կազմակերպման գլխացավանքներից, և, բացի այդ, ՀՀ տնտեսական քաղաքականությունն առավելապես ներմուծման և սպառողական տրամաբանությամբ է կառուցված ու բարենպաստ է ներկրողների համար։ Հետևաբար՝ արագ և հեշտ փող աշխատելու միակ ճանապարհը մնում է ներմուծելը։ Ու երբ իշխանամերձ բիզնեսը խոչընդոտների է հանդիպում իր  ագահությանն  ու գերօլիգարխիկ նկրտումներին հագուրդ տալու ընթացքում՝ խաղի մեջ է մտցնում առավոտից  երեկո տեղական արտադրությունից ու արտահանումից խոսող, բայց իրականում ներմուծողների ու բացառապես երկրի բարձրագույն իշխանության շահերը սպասարկող  ՀՀ վարչապետին։ Իշխանությունները մտածում են, որ եթե տիրապետեն ամբողջ տնտեսությանը և բիզնեսին, ապա կկարողանան հավերժացնել նաև իրենց քաղաքական իշխանությունը։ Սա թուրքմենբաշիզմի դրսևորում է, որը պետք է դատապարտել և թույլ չտալ՝ ամեն գնով։ Հայաստանը քրիստոնեական երկիր է, և չի կարելի մեզ  մոտ հանդուրժել մահմեդական որոշ երկրներին բնորոշ բարքերի ներդրումը։

Գևորգ Սարգսյան

Այս խորագրի վերջին նյութերը