Հարցազրույց

09.10.2009 18:12


Էդուարդ Պոլատով

Էդուարդ Պոլատով

Հարցազրույց  Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հույների «Պատրիդա» կազմակերպության նախագահ Էդուարդ Պոլատովի հետ

-Ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ։

-Ես ժողովրդի նկատմամբ ոչինչ չունեմ, որովհետև ինձ համար թուրք ժողովուրդ չկա։ Ճիշտ է՝ Թուրքիան 70 մլն. բնակչություն ունեցող պետություն է, սակայն ես համարում եմ, որ կեսն է թուրք. մյուս կեսն իրեն թուրք չի համարում։ Ես Թուրքիայից այլ պահանջներ ունեմ։ Ես գիտեմ, Հունաստանն այնտեղ ունի իր տարածքը, Հայաստանն ունի իր տարածքը, քրդերն ունեն իրենց տարածքը։ Ինչո՞ւ ես պետք է մոռանամ, որ իմ ազգը կոտորվել է այնտեղ։ Դա պատերազմի հետևանքով չի եղել, ուղղակի կոտորել են։ Հանցագործը պետք է պատասխան տա, իսկ մենք այսօրվա դրությամբ հանցագործին հրավիրում ենք, ասում ՝ արի մեր տուն։

-Կիսո՞ւմ եք հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ առկա մտավախությունները։

-Ամբողջությամբ։ Սահմաններից սկսած՝ մնացած բոլոր մտավախությունները կիսում եմ։ Ամեն տարի մենք նշում ենք հույների ցեղասպանության օրը։ Սա նշանակում է, որ եթե ես մյուս տարի ժողովրդով գնամ և հույների ցեղասպանության հարցը դնեմ, չպետք է հայերի ցեղասպանության մասին խոսեմ։ Կամ հույների ցեղասպանության մասին չպետք է խոսեմ, որովհետև թուրքն արգելում է։ Այնտեղ տող կա, որ չնեղացնենք հարևան, բարեկամ պետություններին։ Դա նշանակում է, որ դրա համար ինձ պետք է դատեն։ Դա նշանակում է, որ ես պրովոկացիա եմ անում։ Ես ընդհանրապես չեմ ուզում, որ սահմանները բացեն։ Միևնույն է՝ սահմանը բաց է։ Եթե նայենք, շուկան, խանութներն ամբողջությամբ թուրքական ապրանքներով են լցված։ Ում պետք է, ինքն առևտուր է անում։ Ուղղակի մտածում են, որ դրա համար շատ հեռու են գնում։ Ինչո՞ւ գնալ Վրաստանով, եթե միանգամից կմտնենք Թուրքիա, մեր բիզնեսը կանենք և վերջ։ Ինձ սահմանները պետք չեն։ Ի վերջո, ապաշխարում դեռ չի եղել։ Ինչո՞ւ ես պետք է հանցագործների հետ նստեմ։

-Արձանագրությունների ստորագրումից հետո ի՞նչ քայլերի եք գնալու։

-Ես, միևնույն է, իմ միջոցներով բոյկոտելու եմ։ Եթե նույնիսկ ստորագրվեն, ես, միևնույն է, հույների ցեղասպանության  օրն էլ կնշեմ, հայերի ցեղասպանության օրն էլ կնշեմ, թող ինձ դատեն, քրդերի ցեղասպանության օրն էլ կնշեմ, ասորիների ցեղասպանության օրն էլ կնշեմ, թող ինձ դատեն։ Բացի 1915-1916թթ. Ցեղասպանության օրերից՝ կա նաև 1955թ. սեպտեմբերի 6-7-ը, երբ Իզմիրում ջարդեր են տեղի ունեցել։ Ես ավելի շատ կսկսեմ նշելը։ Ես բոյկոտելու եմ, ես չեմ ճանաչելու այդ արձանագրությունները։ Հանրային խորհրդում ես ասել եմ ո՛չ։ Մենք դեմ չէինք սահմանների բացմանը, որովհետև դրանք մենք չենք փակել։

-Ըստ Ձեզ՝ ինչպե՞ս կարելի է այսօր իրավիճակ փոխել։

-Առաջին կոնսոլիդացումը եղել է 1988թ.։ Այսօր՝ 20 տարի անց, նույն կոնսոլիդացիան նորից է տեղի ունենում։ Ես չեմ ուզում վատ մտածել նախագահի մասին, բայց միգուցե նախագահը սպասում է ժողովրդի «ոչ»-ին։ Ես այն կարծիքին եմ, որ մեր իշխանությանը պարտադրում են, և միգուցե նրան իսկապես պետք է այդ «ոչ»-ը։ Եթե արձանագրությունները ստորագրվեն, մենք մտնում ենք երկարատև պայքարի մեջ։

Զրույցը վարեց Արփի Բեգլարյանը

Այս խորագրի վերջին նյութերը