Կարծիք

13.02.2015 05:30


Էդվարդ Անտինյան

Էդվարդ Անտինյան

ՀԱՄՈԶՎԱԾ ԵՄ՝ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԿԼԻՆԻ ՀԱՄԱՐԺԵՔ

Ինձ միշտ թվացել է, թե Սերժ Սարգսյանի այս տարիների ձախողված քաղաքականությունից այնքան ենք հիասթափված, որ էլ տեղ չկա, բայց երեկվա նրա ելույթից հասկացա, որ չէ, այնուամենայնիվ, սխալվել եմ. էլի կա:

Ի՞նչ էր դա. երկրի գործող նախագահին վայել խո՞սք, թե՞ մերժված անհատի նեղացած կեցվածքի անհաջող դրսևորում: Դժվարանում եմ ասել:

Քանի որ Սերժ Սարգսյանը հնչեցրել է զուտ անձնական վիրավորանք, այն էլ՝ կոնկրետ մեկ անձի հասցեին, համոզված եմ՝ վերջինիս պատասխանն իրեն երկար սպասեցնել չի տա, առավել ևս, որ արդեն հայտարարվել է, որ այսօր տեղի է ունենալու ԲՀԿ քաղխորհրդի նիստ, ուստի ոչ մեկի կողմից ճիշտ չեմ համարում պատասխանի հարցում առաջ ընկնել Գագիկ Ծառուկյանից:

Բայց քանի որ Սարգսյանի ելույթի մեջ թափանցիկ ակնարկ կար, թե Ծառուկյանի թիմակից կարող ուժերի հետ պատրաստվում է համագործակցել, կարծում եմ՝ արդեն ամեն մեկն իր համար պետք է որոշի՝ ընդունո՞ւմ է նման առաջարկությունը, թե՞ ոչ, ու այդ հարցի պատասխանն արդեն ամեն մեկն ինքը պետք է տա՝ իր խոսքով ու գործով:

Իսկ եթե Սարգսյանին հաջողվի այս բախտորոշ պահին տատանվողներին տանել, դրանով իսկ պինդ կանգնած տղերքի անուղղակի հաշվառումն էլ ինքնըստինքյան անել, ապա դա նրա կողմից կլինի բավական լուրջ ծառայություն սպասվելիք հանրահավաքային շարժումից առաջ:

Իսկ այս ելույթի իրական նպատակը միանգամայն հասկանալի է: Սարգսյանը քաղաքական հարթությունում համաժողովրդական շարժմանը պատասխանելու ոչ մի ռեսուրս չունի. սպառվել են, մնացել է շարժման առանցքային դերակատարին փորձել շարքից հանել ու ոչ քաղաքական մեթոդներով նրա թիմը քայքայել: Բայց այս քայլով թե համախմբման ինչ իմպուլս հաղորդեց ընդդիմադիր դաշտին ու մեր հանրությանը, միայն կարող էինք երազել այդ մասին:

Չեմ կիսում այն գնահատականը, որ Սերժ Սարգսյանն այս քայլով վա բանկ գնաց, քանի որ այդ դեպքում գոնե հաղթելու շանս է լինում, ու այդ հույսով կամ հուսահատությունից դրդված՝ գնում ես այդ քայլին, իսկ այս դեպքում գործող նախագահի հաղթելու շանսը հավասար է զրոյի, էլ ի՞նչ վա բանկ:

https://www.facebook.com/ed.antinyan/posts/10203929380777408?pnref=story

Այս խորագրի վերջին նյութերը