Կարծիք

09.02.2015 00:05


Արմեն Հարությունյան

Արմեն Հարությունյան

Բռնարարքներին պետք է պատասխանել իշխանափոխությամբ

Այն, որ վերջին շրջանում քաղաքացիական ակտիվիստների, ազատամարտիկների ու նաև ԱԺ ընդդիմադիր պատգամավորի հանդեպ բռնությունների հարցում իշխանությունների մատը, մեղմ ասած, խառն է, երևում է անգամ անզեն աչքով: Բայց երեկվա դեպքը, երբ օրը ցերեկով Երևանի կենտրոնից առևանգում են ԲՀԿ անդամ ակտիվիստի ու դաժան ծեծի ենթարկում Գագիկ Ծառուկյանի հրավիրած խորհրդաժողովից երկու օր անց, արդեն լուրջ մտորելու տեղիք է տալիս:
Երբ իշխանությունները տեսան, որ ԲՀԿ առաջնորդի շուրջ լայն կոնսոլիդացիան արդեն իրողություն է, և համաժողովրդական շարժումը նոր թափ հավաքելու հսկայական պոտենցիալ ունի, դրանից մտահոգված՝ երեկվա միջադեպով փորձեցին խառնել ԲՀԿ-ի խաղաքարտերը։

Այսինքն, ԲՀԿ-ին ու նրա առաջնորդին դրդում են բռնությանը բռնությամբ պատասխանելու տարբերակին, որպեսզի այդ առիթն օգտագործեն ու արդեն կուսակցության հանդեպ լայնամասշտաբ բռնարարքներ արդարացնեն՝ հարցը հանելով քաղաքական հունից: Իսկ եթե դրանից զգուշանալով՝ ԲՀԿ-ի պատասխանն ուշանա, ապա դրանով էլ իշխանությունները հույս ունեն կուսակցականների շրջանում անհանգստություն սերմանել, թե, իբր, իրենք անպաշտպան են: Դե, եթե բռնությանը բռնությամբ պատասխանելը անընդունելի է, իսկ պատասխան տալն ուշացնելը՝ նույնպես, կնշանակի՝ պատասխանը պետք է տրվի արդեն համաժողովրդական շարժման կողմից՝ հզոր հանրահավաքով, շուրջօրյա պայքարի վերածվելու ակնկալիքով, որի դեմը մանր-մունր բռնարաքներով չես առնի: Կարճ ասած՝ բռնարարքներին պետք է պատասխանել իշխանափոխությամբ։

Հարկավոր է շատ սեղմ ժամկետում լրջորեն նախապատրաստվել Երևանում անցկացվելիք հանրահավաքին, որից հետո կարճ ժամանակում պայքարի համար փողոց դուրս կգան հարյուր հազարավորները, և սկիզբ կառնի իշխանափոխության գործընթացը:

Եվ պետք է ի նկատի ունենալ, որ որքան մոտենում է այն պահը, երբ Սերժ Սարգսյանը պետք է կա՛մ հայտարարի, որ գնում է սահմանադրական փոփոխությունների ճանապարհով, կա՛մ հրաժարվի այդ մտքից, այնքան ավելի են ավելանալու բազմապիսի ահաբեկչական գործողությունները հանրության հանդեպ՝ հատկապես համաժողովրդական շարժման ակտիվիստների, իսկ սա նշանակում է, որ եթե համարժեք պատասխան չտրվի, կամ այդ պատասխանն ուշացվի, ապա կարող է՝ հասարակության շրջանում հիասթափություն ու նաև՝ վախ առաջանա, ու կասկածի տակ դրվի շարժման առաջնորդների վճռականությունը:

Դե ուրեմն, ամեն մեկս մեր հերթին պատրաստ լինենք ցանկացած պահի համաժողովրդական շարժման առաջնորդների կոչով փողոց դուրս գալ, և մնալ այնքան ժամանակ, մինչև այս իշխանությունները չհեռանան:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1540059786265803&id=100007853887323

Այս խորագրի վերջին նյութերը