Կարծիք

05.02.2015 13:35


Բաղրամյան 26-ի «և՛,...և՛»–ի ժամանակներն անցել են

Բաղրամյան 26-ի «և՛,...և՛»–ի ժամանակներն անցել են

Այսօրվա խորհրդաժողովին Ծառուկյանը մի շարք կարևոր շեշտադրումներ ու «մեսիջներ» հղեց հասարակությանն ու իշխանությանը։ Մասնավորապես, Ծառուկյանը ևս մեկ անգամ պատրաստակամություն հայտնեց՝ շարունակելու սկսած գործը՝ մեկնարկած քաղաքական գործընթացը հասցնել իր տրամաբանական ավարտին՝ հաղթանակի. «Ես բոլորիս կոչ եմ անում չհոգնել, չհիասթափվել անտարբերության պատնեշը կոտրելու գործում: Հավատացե՛ք, որ սա ամենևին վերացական միտք չէ: Հասարակության մեջ կոտրե՛նք սեփական երկրի հանդեպ անտարբերությունն ու տիրող հուսալքությունը: Սա այսօրվա մեր ամենակարևոր խնդիրներից է, որին պետք է հասնենք ճիշտ գործելով, մեր դրած խնդիրներին հավատարիմ մնալով և պայքարելով մինչև հաղթանակ», – ասել է նա։

Բացի այդ, նա բաց ու պարզ քաղաքական բառապաշարով հասկացրել է՝ եթե իշխանությունները շարունակեն ձեռնամուխ լինել սահմանադրական փոփոխություններին, ընտրեն առաջարկվող տարբերակները մերժելու ճանապարհը, ապա. «Նմանատիպ իրավիճակներում ժողովուրդներն ունենում են մեկ քայլ՝ պարտադրել արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ»։
Ինչպես տեսնում ենք, ԲՀԿ առաջնորդը, որը ղեկավարում է խորհրդարանում թվով երկրորդ խոշոր խմբակցությունը, լուրջ քաղաքական փոփոխությունների մասին է ասել։

Բաղրամյան 26-ի «և՛,...և՛»–ի ժամանակներն անցել են։ Խորհրդաժողովից հետո այնտեղ պետք է մտածեն արդեն «եթե..., ապա»–ի շուրջ։

Օրինակ՝ եթե Բաղրամյան 26-ում չհրաժարվեն սահմանադրական փոփոխություններից ու աթոռին մնալու տարատեսակ մեքենայություններից, ապա կպարտադրվեն արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ։

Աննա Մովսիսյան

Այս խորագրի վերջին նյութերը