Կարծիք

26.01.2015 15:27


Մերի Մովսիսյան. «Չլուծված հարցերը կուտակվում են»

Մերի Մովսիսյան. «Չլուծված հարցերը կուտակվում են»

Տարին սկսվեց սահմանային լարվածությամբ, տվեցինք զոհեր, ունենք վիրավորներ։ Հայոց բանակը հերթական անգամ ստիպված եղավ կորուստներ կրել նրա գլխավոր գերագույն հրամանատարի քաղաքական սխալների պատճառով։ Այն գիտակցությունը, որ յուրաքանչյուր հայի ու հայ զինվորի կյանքն առհասարակ թանկ է մեր երկրի համար, կառավարող էլիտան չունի, բայց այդ գիտակցությունն ունի հայ ժողովուրդը։ Սերժ Սարգսյանին՝ որպես գլխավոր գերագույն հրամանատարի, թվում է, թե բանակը կոչված է անձնական կորուստներով մաքրելու իր դիվանագիտական սխալները։ Չկա՛ այդպիսի բան։ Հայոց բանակը միտված է պաշտպանելու երկրի ու նրա ժողովրդի անվտանգությունը, բայց այն պետք չէ դիտարկել որպես քաղաքական սխալների սրբագրիչ։ Դրանով պետք է զբաղվեր երկրի ԱԳՆ–ն։ Ի դեպ, ԱԳՆ–ի մասին. միայն հունվարի վերջին է Էդ. Նալբանդյանը հիշել, որ կարելի է շնորհավորել քաղաքացիների Ամանորը։ Սա արդեն խոսում է իշխանության բացահայտ հոգեկան խանգարումների մասին։ Ինչևէ։

Մի կողմից սահմանային լարվածությունը, մյուս կողմից՝ «Նաիրիտի» աշխատակիցների, ՓՄՁ ներկայացուցիչների պարբերական բողոքի ցույցերը, մյուս կողմից՝ Գյումրիում տեղի ունեցած ողբերգությունը, ինչպես նաև աճող աղքատությունն ու արտագաղթը չեն կարող իրենց ազդեցությունը չունենալ իշխանակիրների վրա։ Ժամանակն է, որ Բաղրամյան 26-ում վերջապես բացեն աչքերը և իրականությանը նայեն իր ողջ «հմայքով»։

Գյումրին հանրապետության երկրորդ խոշոր քաղաքն է. մեկ անգամ արդեն մենք տեսանք, թե գյումրեցիներն ինչի են ընդունակ ազգային արժանապատվությունը պաշտպանելու համար։ Հարկ չկա հիշեցնելու, թե ինչ կարող է լինել, օրինակ, Բաղրամյան 26-ի մատույցներում, եթե Գյումրու ողբերգական դեպքերից հետո ՀՀ գլխավոր դատախազությունն այդպես էլ տղամարդկություն չունենա դիմելու Ռուսաստանի դատախազին խնդրի իրավազորության հարցով։

Ինչպես տեսնում ենք, Հայաստանի թիվ մեկ խնդիրը մնում է ազգային անվտանգությունը. դա ապացուցում է ՀՀ և ԼՂՀ (նկատեք՝ նաև ՀՀ) սահմանային լարվածությունը։

Երկրորդ՝ ազգային արժանապատվության հարցը. բոլորը՝ Արևմուտքից մինչ Ռուսաստան, հասկացել են, որ Սերժ Սարգսյանին պետք չի նույնականացնել հայ ժողովրդի հետ։ Այս փաստն, ի դեպ, չի խոսում «վերջին բոլշևիկի» շահերից։

Երրորդ՝ եթե հիշատակեցինք բոլշևիզմը, ապա տնտեսության գերկենտրոնացումն այսօր ոտքի է հանել ՓՄՁ ներկայացուցիչներին, «Նաիրիտի» աշխատակիցներին։ Բաղրամյան 26–ում թող չզարմանան, եթե մի օր էլ նրա դեմ դուրս գան, օրինակ, իշխանական թևի խոշոր գործարարները։

Խոր վերլուծության կարիք չկա. սահմանադրական փոփոխությունների վրա դրույք անելն անիմաստ է. բացի դրանից, գերկենտրոնացված համակարգերում յուրայինների մասին էլ խոսք լինել չի կարող։ Այսպես շարունակվելու դեպքում Բաղրամյան 26-ում թող պատրաստ լինեն «խնջույքը» շարունակելու փաշինյանների, գեղամյանների, բաբաջանյանների, սաքուլիկների, վիգենսարգսյանների ու այլ հասարակ գոյականների հետ։ Միանշանակ, լավ ընկերախումբ չէ՞ «գրանդիոզ» պլաններ իրականացնելու համար։ Սեղանին դրված է ազգային անվտանգության հարցը։ Ինչպես ասում են ԵՏՄ նկուղներում դրա համար պատասխանատուներից` «спрос будет соответствующий»: Սերժ Սարգսյանը լավ կանի՝ հետևություններ անի. մարդասիրական միջանցքը լավագույն տարբերակն է, ու որքան շուտ, այնքան լավ թե՛ իշխանության, թե՛ երկրի համար։

Հ. Գ. Շառլ դը Գոլը պատմության մեջ մնաց ոչ այնքան իր կատարած գործունեության համար կառավարման տարիներին, այլ արժանապատիվ հեռանալու կարողությամբ։ Գրեթե մեկ տարի առաջ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը փախուստի դիմածի ու որոնման մեջ գտնվողի «փառք» ձեռք բերեց։ Ընտրության հարց է՝ լինել Գո՞լ, թե՞ Յանուկովիչ։

Մերի Մովսիսյան

Այս խորագրի վերջին նյութերը