Կարծիք

24.01.2015 17:10


Արմեն Հարությունյան

Արմեն Հարությունյան

«Արևմտամետներն» ընդդեմ Հայաստանի Հանրապետության

Երբ տարիներ առաջ Սերժ Սարգսյանը սկսեց ԵՄ-ի հետ խաղեր տալ, թե իբր իր համար արևմտյան ուղղությունն առաջնահերթ կողմնորոշում է, դրսում այդքան էլ չհավատացին նրա անկեղծությանը, թե ախր Ազատիչից ի՞նչ արևմտամետ, առավելևս՝ արևմտյան արժեհամակարգի կրող: Ստիպված «վերջին բոլշևիկն» Արևմուտքին ներկայացրեց, թե տեսեք ինչ «զորք» ունեմ. երիտասարդ ու խոստումնալից կադրեր, շատերը արտասահմանում սովորած, վերապատրաստում անցած, մի խոսքով՝ գաղափարական մարտիկներ: Ու դրանով Արևմուտքին հասկացնել տվեց, որ եթե ձեր գործընկերը ՀՀ իշխանությունն էլ, որքանո՞վ է գեղեցիկ, որ ֆինանսավորեք ընդդիմադիր արևմտամետ գործիչներին ու նրանց կառույցները: Ընդունեցին Ազատիչի ասածն ու թե՛ պաշտոնական մակարդակով, թե՛ քաղաքական ու հասարակական սեկտորի միջոցով ֆինանսավորեցին Բ26-ի ենթակայության տակ գործող կառուցները, քարոզչամեքենան ու գործիչներին:

Եվ որպեսզի Ս.Սարգսյանի քայլերը փոքրիշատե վստահություն ներշնչեին Արևմուտքում, նա ակնհայտ ռուսական կողմնորոշում ունեցող իր աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանին պաշտոնանկ արեց ու նրա փոխարեն նշանակեց Վիգեն Սարգսյանին, ով իր կերպարով երբեք չէր ձգի այդ կալիբրի պաշտոնի, եթե մեր երկիրը շարունակեր վարել կոմպլեմենտար քաղաքականություն:

Բայց 2013-ի սեպտեմբերի 3-ին Ս.Սարգսյանը կայծակնային արագությամբ ուղղություն վերցրեց դեպի Կրեմլ: Արևմուտքն իրեն «քցված» զգաց ու այլևս չէր կարող համագործակցել ոչ միայն Ս.Սարգսյանի, այլև նրա «արևմտամետ» գործակալական ցանցի հետ, որոնց անդամներին գիտեր անուն առ անուն, որոնց վրա հսկայական գումարներ էր ծախսել:

Հիմա, երբ ՌԴ-ն ներքաշվել է «սառը» պատերազմի մեջ, մեզնից երես թեքած Արևմուտքը կարծես հիշել է իր «բացահայտված գործակալներին», և փորձում է Ռուսաստանին նաև մեր երկրի կողմից հարված հասցնել: Ակնարկվում է նաև, որ կարող են անգամ վերանայել իրենց որոշումն ու նոր ասոցացման համաձայնագիր ստորագրել ՀՀ-ի հետ՝ քաղաքական մասով:

Այն որ հակառուսական հիստերիան հրահրվում է Բ26-ի կողմից ու այն համակարգում է աշխատակազմի ղեկավար և մամուլի հրապարակումների համաձայն՝ ԱՄՆ–ի հատուկ ծառայությունների կողմից «վերբովկա» եղած Վիգեն Սարգսյանը՝ գործից տեղյակները լավ գիտեն, բայց որ ԱՄՆ-ի՝ մեր տարածաշրջանի թիվ մեկ դաշնակից Թուրքիայի հետ, վտանգավոր սիլիբիլիներն էլ է Վիգենի ձեռքով արվում՝ քչերն են տեղյակ:

Լա՛վ, ԱՄՆ-ի «քավորությամբ» նախաձեռնեցիք հայ-թուրքական մերձեցում, ձախողվեցիք՝ հասկացանք: Ասեցիք գրողի ծոցը արձանագրությունները, բայց դեռ հետ չեք կանչել, քանի որ Միացյալ Նահանգներից խաբարի եք սպասում, դա էլ հասկացանք: Բայց այսօր ՌԴ-ն միջազգային մեկուսացումից խուսափելու համար նոր գործընկերների փնտրտուքի առիթով իր հարաբերությունները սերտացնում է Թուրքիայի հետ: Դժվար է ասել, թե Թուրքիայի կողմից դա որքանով է անկեղծ, քանի որ կարող է դրանով իր կշիռը ԱՄՆ-ի աչքում բարձրացնել ու նրա վրա թանկ վաճառվել: Իսկ այսօր ԱՄՆ-ի «պասով» Թուրքիայի հետ խաղեր տալ Ռուսաստանի դեմ, հույս ունենալով, որ դրանք գաղտնի կմնան, լուրջ չէ, քանի որ հենց թուրքերը դա կդնեն Պուտինի սեղանին: Ու ԱԺ ինտելեկտուալ-գեներալի խոսքով ասած՝ եթե ինքը կամ Շմայսը նման բան անեին՝ հասկանալի, է կասեին՝ խելքները չի հասել թե ինչ վտանգավոր խաղի մեջ են հայտնվել, բայց Վիգեն Սարգսյանն ինչպե՞ս պիտի արդարանա: Ուստի, որքան էլ մեր «արևմտամետներին» դրսից շանտաժի ենթարկեն, թե նրանց մասին նյութերը ջրի երես կհանեն, ինչ էլ ասեն հիմնականում գիտենք, ու անիմաստ է վարկաբեկվելուց վախենալով դավաճան դառնալ:

Պարոնա՛յք «արևմտամետներ», եթե հարցի ողջ վտանգավորությունը չէիք գիտակցել, համարենք, որ արդեն նախազգուշացված եք, և Ս.Սարգսյանին իր աթոռին եթե անգամ մեխեք էլ, մեկ է՝ ձեր այսօրվա քայլերի տակից դուրս գալ չեք կարող, քանի որ նման հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1532507560354359&id=100007853887323&pnref=story

Այս խորագրի վերջին նյութերը