Կարծիք

19.01.2015 13:47


Այլևս ձգձգելու ժամանակ չկա

Այլևս ձգձգելու ժամանակ չկա

Այն, որ մեր երկիրն օրեցօր է՛լ ավելի է դատարկվում, այսօր տեսնում են բոլորը: Տեսնում ենք, թե ինչպես են կամաց-կամաց դատարկվում մեր մարզերը, ամայանում գյուղերը, փոքր ու միջին քաղաքները, որոնց զարգացածության մակարդակից է, որ կազմվում է երկրի զարգացածության ընդհանուր պատկերը:

Երեկ հանդիպեցի մի հետաքրքիր նյութի, որտեղ ներկայացված էր հունվարի 1-15-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում ծնված երեխաների թիվը: Պարզվեց, որ այդ ժամանակահատվածում Արագածոտնի մարզում ծնվել է 22 երեխա, Լոռու մարզում՝ 20, Գեղարքունիքում՝ 19, Տավուշի մարզում ՝ 10, Սյունիքում՝ 7, Շիրակում ՝ 5, Վայոց Ձորում՝ 1: Եվ միայն Արմավիրում, Կոտայքի մարզում և Արարատում է, որ ծնվել է 50, 49 և 36 երեխա:

Եթե ավելի մասշտաբային տեսքով ներկայացնենք այդ տվյալները, ապա շատ հստակ երևում է, թե ինչպես են դատարկվում և հետզարգացում ապրում մեր երկրի փոքր ու միջին քաղաքներն ու գյուղերը: Այսպես, օրինակ, ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2010 թվականին մարզերում ծնվել է 23 940 երեխա, 2011–ին՝ 21 860, 2012–ին` 20 834, իսկ 2013–ին՝ 20 526: Ինչպես տեսնում եք, ծնելիության ոլորտում նկատվում է բացասական տենդենց, ինչը հստակ ցույց է տալիս, թե ինչպես են դատարկվում մեր մարզերը և ամբողջ երկիրը (օրինակ՝ 2010 թվականին ՀՀ-ում ծնվել է 44 737 երեխա, 2011–ին՝ 43 297, 2012–ին՝ 42 832, իսկ 2013–ին՝ 41 906): Եթե դրան էլ գումարենք արտագաղթի տեմպերի աճը, ապա պատկերն է՛լ ավելի սարսափելի կստացվի:

Եվ որքան էլ գործող իշխանությունները փորձեն բառախաղերով և կեղծված թվերով ապացուցել, որ մեր երկրում ամեն ինչ գնում է դեպի լավը, այս վիճակագրությունը հակառակն է ապացուցում: Այն ապացուցում է, որ մենք կորցնում ենք մեր մարդկային կապիտալը, որն ամենակարևորն է համարվում ցանկացած երկրի համար, և առանց որի երկիրը չի կարող լիարժեք զարգանալ: Կորցնում ենք, քանի որ Հայաստանի գործող իշխանությունների անգրագետ սոցիալ-տնտեսական քաղաքականության պատճառով փոքր ու միջին քաղաքներում և գյուղերում չկա աշխատանք, ենթակառուցվածքները չեն զարգանում, հարկային և վարկային համակարգը խեղդում է գյուղատնտեսությունը, իսկ երկրում տարածված «սաշիկիզմը» փակում է ճանապարհը պոտենցիալ ներդրողների համար: Արդյունքում՝ մարդիկ լքում են իրեն տներն ավելի լավ կյանք փնտրելու նպատակով, քաղաքներն ու գյուղերը դատարկվում են, ծնելիությունը՝ նվազում: Իսկ հաշվի առնելով այն հանգամանքը, թե ինչպիսի հարևաններով է շրջապատված մեր երկիրը, պատկերն է՛լ ավելի տխուր է դառնում, և ակամա հիշում ես հայտնի Ռատցելի տեսությունը, ըստ որի, եթե ընդհանրացնենք որոշ դրույթները, դատարկվող երկիրը երկար չի դիմանում և կուլ է գնում ավելի ուժեղ հարևաններին:

Արդյոք գործող իշխանությունները հասկանո՞ւմ են դա: Բնականաբար, ոչ, այլապես միջոցներ կձեռնարկեին ստեղծված խայտառակ վիճակը շտկելու համար: Իսկ դա նշանակում է, որ գործող իշխանություններն արդեն տևական ժամանակ չեն կատարում իրենց հիմնական պարտքը՝ երկրի անվտանգությունն ապահովելը, ինչն ընդդիմությանն ու ժողովրդին իրավունք է տալիս միջոցներ ձեռնարկել, որպեսզի այս ձախողված իշխանությունը լքի իր աթոռը, այլապես մեր երկիրն ապագա չունի:

Հ.Գ.: Վաղը՝ հունվարի 20-ին, տեղի է ունենալու ԲՀԿ-ի հրավիրած խորհրդաժողովը: Սպասելիքները մեծ են, և կարծում եմ՝ այն կարող է լուրջ ազդեցություն ունենալ երկրում արմատական փոփոխություններ իրականացնելու գործում: Այլևս ձգձգելու ժամանակ չկա, քանի որ վիճակն ավելի քան լուրջ է, և ժամանակ ձգելու պարագայում կարող է ստացվել այնպես, որ փրկելու բան չի մնա:

Նինա Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը