Կարծիք

17.12.2014 00:54


Այս իշխանավորների հետ մատաղ ուտելու էլ չի կարելի գնալ

Այս իշխանավորների հետ մատաղ ուտելու էլ չի կարելի գնալ

Խորհրդային Միության դպրոցն անցած ՌԴ երջանկահիշատակ վարչապետ Վիկտոր Չեռնոմիրդինը կեղծ բարեփոխիչների արածը հրաշալի հասկանալով ու ջրի երես հանելու համար մի անգամ շատ պատկերավոր ասել է. «Ինչպիսի հասարակական կազմակերպություն էլ մենք ստեղծենք, վերջում միշտ ստացվում է ԽՄԿԿ (Խորհրդային Միության կոմունիստական կուսակցություն)»:

Սա հիշեցի այն առիթով, որ մեր ոստիկանապետը կարող էր փորձել միլիցու հոգեբանությամբ իր աշխատակիցներին գոնե ոստիկան դարձնել: Բայց դա իրեն հերիք չէր ու տարիներ շարունակ ապարդյուն ջանքեր էր գործադրում՝ ցույց տալու, թե ոստիկաններից սրբեր է կերտել, ինչի արդյունքում պարզվեց, որ դարձյալ ստացվել է «մենթ» կամ «մուսըռ»: Իսկ սա էլ հիշեցի այն առիթով, որ միայն թուրքը, մենթը կամ մուսըռը կարող է իր մարտական ընկերներին հրավիրել հացի, պահանջել երկիրը լքել, այլապես ֆիզիկապես կվերացնեն նրանց, ու չհամաձայնվելու դեպքում իր թիկնապահներին «քսի» տալ նրանց վրա: Վստահաբար, այս անողը թուրք չէ, քանի որ մեր ոստիկանության համակարգում ազգությամբ թուրք չէր կարող այդքան բարձր պաշտոն զբաղեցնել, կամ էլ լինել մեր ազատամարտիկների մարտական ընկերը: Եվ վերջապես, նրանք թուրքի հրավերքը չէին ընդունի ու հետը սեղան նստի, ուրեմն մնաց թվարկածս երկուսից մեկը:

Այո, վրդովված են բռնության ենթարկված մեր ազատամարտիկները, ինչպես նաև նրանց մարտական ընկերները, բայց, հավատացե՛ք, նրանցից ոչ պակաս վրդովված ենք նաև մենք՝ շարքային քաղաքացիներս: Ու այսօր ոչ միայն պետք է ազգովի սատար կանգնենք մեր ազատամարտիկներին, խաղաղ պայմաններում նրանց պայքարին՝ ի պաշտպանություն նրանց, այլ դարձյալ ի պաշտպանություն մեզ, քանի որ եթե կարողացան նրանց շարքից հանել, մեզ հետ ինչ ուզենան՝ կանեն:

Այո՛, այդ ազատմարտիկները երեկ էլ են մեզ համար կռվել՝ հայ ժողովրդի արժանապատվության համար, այսօր էլ են մեզ համար այս իշխանությունների դեմ կռիվ տալիս: Նրանք ունեն կամք, վճռականություն, արժանապատվություն, քաղաքական աջակցություն. վստահ եմ, որ կունենան. մնում է հասարակական աջակցությունը, որ հասկանան, թե այս անգամ ում համար են կռվում, իսկ մենք էլ գիտակցենք, որ մեր ազատամարտիկների հանդեպ կատարված այս բռնությունները կուլ տալ չի կարելի:

Արամ Մանուկյանին բռնության հետևանքով հասցված ֆիզիկական վնասի չափն «աչքաչափով» չկարողացան որոշել մեր իրավապահները, ուստի համարեցին, որ թեթև են եղել վնասվածքները, ու ստորագրությամբ բաց թողեցին այդ հանցագործությունը կատարած անձին: Բայց եթե հետագայում պարզվի, որ վնասը թեթև էր, նախատեսվում է նաև պատիժ երկամսյա կալանք, իսկ փորձագիտական եզրակացությունը կարող են ստանալ մի քանի օրից: Կնշանակի՝ հանգիստ կարող էին համարել, որ հասցված վնասի համար պատիժն արդեն կրել է, ու բաց թողնեին դատարանի դահլիճից, իսկ եթե ծանր է, ապա կշարունակեր կրել իր պատիժը, մանավանդ որ քննությունը հաստատ երկու ամսից պակաս կտևեր. ինչ մի բարդ քննելու գործ է, որ:

Իսկ հիմա այս կերպ վարվելով՝ մեր իրավապահները խրախուսեցի՞ն բռնությունը, թե՞ կանխարգելեցին: Անկասկած, խրախուսեցին: Սրանով, ինչպես և մեր ազատամարտիկների դեպքում, խրախուսեցին ինքնադատաստանը: Իսկ իշխանության ուզածն էլ հենց դա է, որպեսզի հարձակվեն իրար վրա, վնասեն իրար, անգամ՝ սպանեն, որպեսզի ոստիկանությունը բռնության գործադրմամբ հասարակությանը ճնշելու «հիմնավոր» արդարացում ունենա:

Վստահ եմ, որ մեր ընդդիմադիր ուժերը, առաջին հերթին՝ սկիզբ առած համաժողովրդական շարժումը, կցուցաբերեն մաքսիմալ խոհեմություն ու խելամտորեն այս հարցերը կտեղափոխեն բացառապես քաղաքական հարթություն, որպեսզի խուսափենք արյունահեղությունից, ու ամեն ինչ կանեն, որպեսզի մեր ժողովուրդը հնարավորինս արագ ազատվի այս իշխանություններից:

Արմեն Հարությունյան

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1514159718855810&id=100007853887323&pnref=story

Այս խորագրի վերջին նյութերը