Կարծիք

05.12.2014 19:00


Էդվարդ Անտինյան

Էդվարդ Անտինյան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ «ԱՐԵՎՄՏԱՄԵՏՆԵՐԻ» ԷԺԱՆԱԳԻՆ ԽԱՂԸ

Որքան որ աներկբա էր, որ ԱԺ-ում երեկվա քվեարկության արդյունքը կանխորոշված էր, երբ Սարգսյանն այնտեղ մեծամասնություն ունի, նույնքան էլ՝ որ այս որոշման կայացման հիմքում կա լուրջ արտաքին քաղաքական բացթողում, եթե չասենք՝ կոպիտ սխալ: Նկատի ունեմ շուրջ չորս տարի ԵՄ-ի հետ բանակցելուց հետո հապշտապ թռնելը ՌԴ-ի «գիրկը», որով անհուսալի գործընկերոջ համբավ ձեռք բերեցինք ինչպես այդ երկուսի, այնպես էլ ամբողջ աշխարհի աչքում: Ուստի, երեկ խորհրդարանում ներկայացված մնացած ուժերն իրենց քվեարկությամբ ոչ օգնեցին, ոչ էլ խանգարեցին իշխանություններին, այլ իրենց դիրքորոշումն արտահայտեցին այս բարդ իրավիճակում գտնվող մեր երկրի հարցում՝ ով որ խնդիրն է առավել կարևորում:

Ճնշող մեծամասնությունը գտնում է, որ ցեղասպանություն տեսած մեր ժողովրդի համար առաջին հերթին երկրի անվտանգությունն է կարևոր, իսկ այս պահին, երբ Ռուսաստանը ներքաշված է չհայտարարված «սառը պատերազմի» մեջ, այս պարագայում մեր՝ ընդդեմ ՌԴ-ի քայլը կլիներ վտանգավոր ու կառաջացներ կոշտ հակազդեցություն, իսկ մենք դիմակայելու ռեսուրս չունենք:

Երեկ «եռյակը» միասնական դիրքորոշում չարտահայտեց՝ դրանով մեկ անգամ ևս փաստելով, որ իշխանափոխության հարցում աջակցություն չեն ակնկալում ո՛չ Արևմուտքից, ո՛չ Ռուսաստանից, ու նաև՝ այնքան խելամիտ են, որ չեն ցանկանում, որ իրենց պայքարը դիտարկվի Արևուտք-ՌԴ կոնֆլիկտի որևէ կողմի դեմ, որպեսզի նրանց չներքաշենք մեր ներքին խնդիրների մեջ, արդյունքում՝ չհայտնվենք սկիզբ առնող աշխարհաքաղաքական բախման կիզակետում: Ավելին՝ ԱԺ-ում հնչեցված ԲՀԿ տեսակետից ավելի քան ակնառու երևաց, որ երբ շատ ուժեր են օգտագործում հայաստանամետ կամ հայաստանակենտրոն ձևակերպումները, հետագայում տեսնում ենք, թե ինչպես են հույսները դնում դրսի աջակցության վրա, իսկ ԲՀԿ-ի դեպքում այն արդեն ստացել է իրական բովանդակություն ու կշիռ, քանի որ պարզորոշ ցույց են տալիս, որ իրենց ուժերը լիովին բավարար են, որպեսզի գնալով լայն քաղաքական ու հասարակական կոնսոլիցացիայի ճանապարհով՝ իշխանափոխությունը իրականացնեն բացառապես ներսի ուժերով:
Իսկ մեր, այսպես կոչված, արևմտամետ գործիչները, եթե ընդամենը փաստում են, թե ինչ վատ է անդամակցությունը ԵԱՏՄ-ին, մի տեսակ մի տաս տարով հետ են մնացել աշխարհաքաղաքական զարգացումներից:

Ինչո՞ւ հենց 10. քանի որ այդ ժամանակ հեղափոխական ալիքը ոչ միայն թափանցեց հետխորհրդային տարածք, այլ եկավ հասավ Հարավային Կովկաս: Ու կար շանս՝ օգտվելու մեր հյուսիսային հարևանի՝ դեպի Արևմուտք բացած միջանցքից ու նրա հետ համահունչ քայլերով առաջ գնալու: Դա մեր պարագայում տեղի չունեցավ՝ մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով: Բայց չհասցրեցինք ափսոսալ, երբ տեսանք, թե ինչպես Վրաստանը կորցրեց Աբխազիան ու Հարավային Օսիան, իսկ Ուկրաինան՝ Ղրիմը, ու դեռ մյուս տարածքների կորուստի վտանքի առջև է կանգնած: Էլ չեմ խոսում այն մասին, որ արաբական հեղափոխությունները տարբեր երկրներում տարբեր կերպ հանգուցալուծվեցին. մեկում անարյուն անցավ, մյուսում՝ համեմատաբար փոքր կորուստներով, իսկ երրորդում՝ մարդկային հսկայական կորուստների ու ավերածությունների գնով: Իսկ Սիրիան ներքաշվեց քաղաքացիական պատերազմի մեջ, արդյունքում՝ իշխանափոխություն տեղի չունեցավ հենց այն պատճառով, որ դրան կտրուկ դեմ էր ՌԴ-ն: Այսինքն, այս անգամ, բարեբախտաբար, դասեր քաղեցինք ուրիշների օրինակներից:

Եվ հիմա, երբ մեր արևմտամետ գործընկերները չեն ներկայացնում ոչ մի երաշխիք, որ հրաժարվելով ԵԱՏՄ-ին անդամակցությունից՝ չենք վտանգի Ղարաբաղն ու չենք ներքաշվի քաղաքացիական պատերազմի մեջ, ինչպե՞ս են ուզում, որ հասարակական աջակցություն ունենան: Իսկ եթե հաշվարկել են, որ ՌԴ-ն չի դիմանա միջազգային ճնշումներին, ու շուտով կփլվի, ուստի պետք չէ մտնել ԵԱՏՄ ու մնալ փլատակների տակ, ապա պետք է նշեմ, որ եթե իրոք այդքան վստահ են դրանում, ուրեմն ոչ թե պետք է միայն դեմ արտահայտվեն անդամակցությանը, որը կանխել այլևս հնարավոր չէ, այլ պետք է այս ընթացքում կատարեին համախոհների համախմբմանն ուղղված կտրուկ քայլեր, Արևմուտի հետ աշխատանքներ տանեին, որպեսզի փլուզման գործընթացի հարմար պահին հետ քաշվեինք՝ անցնցում ու անարյուն: Իսկ հիմա մեր իշխանություններին չեն վստահում ՌԴ-ում ու մեզ փակել են Կրեմլի «նկուղում», իսկ այս վիճակով հաստատ կմնանք փլատակների տակ: Հատկապես որ մեր «արևտամետներին» էլ Արևմուտքում չեն վստահում, ու համոզված են, որ նրանք խաղում են Բաղրամյան 26-ի խաղը, ուստի առանձնապես իրենց չեն կոտորելու փլուզվող ՌԴ-ի «տակից» Սարգսյանի ղեկավարած Հայաստանը հանելու համար:

Այնպես որ, եթե մինչև օրս կազմակերպված ու հզոր արևմտամետ թիմ չունենք, որը կարող է այլընտրանք առաջարկել, ուրեմն մեր արևմտամետները, մի մասը՝ իր անկազմակերպ գործունեությամբ, մյուսը՝ աններելի անգործությամբ, խաղում են Սարգսյանի խաղը, որի միակ նկատակն է՝ ինչ էլ լինի, թեկուզ աշխարհը փլվի, միայն թե ինքը մնա իր աթոռին:

Եվ եթե ԵԱՏՄ ենք մտնում մեր ապաշնորհ իշխանությունների պատճառով, ապա այնտեղից անվտանգ ու անցնցում դուրս գալու ճանապարհային քարտեզի բացակայության համար պակաս մեղավոր չեն մեր ապաշնորհ արևմտամետ գործիչները: Ու եթե իշխանությունների բարոյական նկարագրին ծանոթ ենք ու առանձնապես սպասելիքներ չունենք նրանցից, ապա մեր «արևմտամետները» տեսեք՝ ինչ վեհ արժեքներից են խոսում, ու ինչ մանր խաղեր խաղում Բաղրամյան 26-ի նվագի տակ, ուստի իրենց պարագայում նման վարքագիծն ուղղակի աններելի է:

https://www.facebook.com/ed.antinyan/posts/10203449545261820?pnref=story

Այս խորագրի վերջին նյութերը