Լրահոս

07.11.2014 17:23


Հայաստանն առաջին անգամ մասնակցել է «Global Sports Mentoring» ծրագրին

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է «Global Sports Mentoring» ծրագրին

2014 թ. սեպտեմբերի 7-ից հոկտեմբերի 9-ը կայացավ «Global Sports Mentoring» ծրագիրը: Աշխարհի 17 երկրների շարքում Հայաստանն առաջին անգամ էր մասնակցում վերոնշյալ ծրագրին: Մեր երկիրը ներկայացնում էր ՀՖՖ Միջազգային բաժնի մասնագետ Նաիրա Աբրամյանը:

Ծրագիրն իրականացվել է espnW-ի, ԱՄՆ Պետքարտուղարության և Թենեսիի համալսարանի Սպորտի, Խաղաղության և Հասարակության հետ կապերի կենտրոնի համագործակցությամբ: Ծրագրի ընթացքում ընտրված 17 մասնակիցները հնարավորություն ունեցան անցնելու չորսշաբաթյա մենթորական պրակտիկա ամերիկյան սպորտի և բիզնեսի ոլորտում ղեկավար պաշտոններ զբաղեցնող կանանց գլխավորությամբ:

Ծրագրի նպատակն էր մշակել գործողությունների ստրատեգիական պլան, որը հնարավորություն կտար մասնակիցներից յուրաքանչյուրին ավելացնել կանանց և աղջիկների դերն ու ներգրավվածությունը իրենց երկրների սպորտային ոլորտում:

16 այլ մասնակիցների հետ միասին անցկացնելով սեմինարներով, բազմապիսի այցելություններով, հաղորդակցությամբ և մենթորական ընդհանուր խորհրդատվությամբ հագեցած արդյունավետ շաբաթ՝ Նաիրա Աբրամյանը միացավ իր մենթորական կազմակերպությանը՝ «Women in Cable Telecommunications»-ին (WICT): Աբրամյանը մասնակցեց Նյու-Յորքում տեղի ունեցած WICT-ի ամենամյա Առաջնորդ Կանանց Կոնֆերանսին, որը փայլուն հնարավորություն էր հանդիպելու կաբելային հեռուստահաղորդակցության ոլորտում ղեկավար պաշտոններ զբաղեցնող կանանց:

Ծրագրի վերջում մասնակիցները ներկայացրին իրենց գործողությունների պլանները, որոնք, չնայած տարբերվում էին միմյանցից իրենց բովանդակությամբ, բայց ունեին մեկ ընդհանուր նպատակ, այն է՝ ստեղծել հավասար հնարավորություններ կանանց և աղջիկների համար իրենց երկրների սպորտային ոլորտում:

Փակման հանդիսավոր արարողության ժամանակ 17 մասնակիցները հանդիպեցին իրենց մենթորների, ինչպես նաև ԱՄՆ Պետքարտուղարի կրթական և մշակութային հարցերով օգնական Էվան Ռայանի և ավագ խորհրդական Միշել Կվանի հետ:

Ներկայումս Նաիրա Աբրամյանը վերադարձել է Հայաստան և կշարունակի համագործակցել Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հետ, որպեսզի կարողանա իրականացնել իր Գործողությունների Պլանը՝ նպաստելով կանանց ֆուտբոլի զարգացմանը և ավելացնելով կանանց և աղջիկների ներգրավվածությունը սպորտում:

Այս խորագրի վերջին նյութերը