Կարծիք

01.11.2014 00:50


Հաջորդը պետք է լինի արդեն գործնական քայլերի հավաք՝ պայքարի եզրափակիչ փուլ

Հաջորդը պետք է լինի արդեն գործնական քայլերի հավաք՝ պայքարի եզրափակիչ փուլ

Հոկտեմբերի 24-ի հանրահավաքից հետո, բնական է, որ հաջորդը պետք է լինի արդեն գործնական քայլերի հավաք՝ պայքարի եզրափակիչ փուլ:

Ինչ պետք է ասվեր ու ցուցադրվեր 10-ի ու վերջին հանրահավաքներում՝ ասվեց ու ցուցադրվեց, մի բան էլ ավելին:

Մենք տեսանք, որ հասարակական բողոքի ալիքն առավել քան բավարար էր, եթե հաշվի առնենք, որ ընտրությունների հետ դրանք կապված չէին: Էլ չեմ խոսում՝ կազմակերպիչների վճռականության, հանրահավաքներին Ծառուկյանի մասնակցության, նաև նրա ծրագրային ելույթի, մարզային շտաբների ստեղծման մասին, որոնք այսօր ծառայելու են հասարակության մոբիլիզացիային, իսկ վաղը՝ որպես նախընտրական շտաբներ:

Ավելին՝ ամեն օր տեսնում ենք, որ արտախորհրդարանական ուժեր ու հասարակական կազմակերպություններ են հայտարարում «եռյակին» միանալու մասին: Թվում է թե էլ ի՞նչն է՝ պակասում, որ հենց այսօր ավելի ռադիկալ քայլերի չի գնում «եռյակը»:

Այո՛, գուցե ինչ որ բան պակասում է՝ խաղամոլի ազարտը։ Իսկ դա դրական արժանիք է, ոչ թե բացասական, քանզի խաղասեղանին մեր երկրի ճակատագիրն է, որի վրա պետք է դողալ, այլ ոչ թե անհարկի ռիսկի դիմել:

Այսօր առավել քան երբևէ կարևոր է հետևողական քայլերով իշխանությունների վրա օր օրի ճնշումն ուժեղացնելով պարտադրել զիջումներ ու ի վերջո հեռացնել նրանց։
Ինչ խոսք, «եռյակի» անդամ կուսակցություններից յուրաքանչյուրի մոտեցումները շատ հարցերում տարբերվում են, ուստի տարբեր են նաև նրանց ընտրազանգվածները (կարող է կրկնվել միայն՝ ընդդեմ իշխանությունների կայուն ընտրազանգվածը), բայց պետք է հաշվի առնել, որ Գագիկ Ծառուկյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի ու Րաֆֆի Հովհաննիսյանի ղեկավարած կուսակցությունների սոցիալական բազան օբյեկտիվորեն տարբեր է, և նրանց ծրագրերի հասեցատերերն էլ են տարբեր: Ու եթե նրանք համախմբվել են մեկ նպատակի շուրջ՝ իրականացնելու ամբողջական իշխանափոխություն, ապա այս տարբերություններից պետք է վարպետորեն օգտվել, և ուժերն ու ռեսուրսները համադրել, այլ ոչ թե կուլ տալ իշխանությունների խայծը և տարակարծություններից կոմպլեքսավորվել:

Աբսուրդ է, երբ մարդիկ համախմբվել են իշխանափոխության ծրագրի շուրջ, իսկ դու փորձես ասել, թե տեսեք նրանք այս կամ այն հարցի վերաբերյալ տարբեր կարծիքներ ունեն, կամ էլ որոշ հարցերում իրենց տեսակետները համընկնում են իշխանության տեսակետների հետ, այդ դեպքում էլ ի՞նչ իմաստ ունի գնալ իշխանափոխության: Մինչդեռ, եթե նույնիսկ ոչ թե մեկ կամ մի քանի, այլ ամբողջությամբ «եռյակի» ծրագրերը համընկնեին իշխանությունների քայլերի հետ, դարձյալ դա չէր կարող իշխանափոխության մտքից մեզ հետ պահել: Չէ որ, եթե անգամ երկու անձնավորություն ստացել են նույն կրթությունը, ունեն նույնանման աշխատանքային ու կյանքի փորձ՝ մեկը կարող է նույն գործն ավելի լավ անել, քան՝ մյուսը: Եթե այդպես չլիներ, ուրեմն կադրերի մարդկային ու գործնական որակներից ոչինչ կախված չէր լինի, ուրեմն համաշխարհային պատմության անիվը փոխող անհատների մասին չէինք էլ խոսի: Իսկ մեր պարագայում գործ ունենք մեր պատմության անիվի տակ պառկած ու մուշ-մուշ քնած «վերջին բոլշևիկի» հետ, որը երկրի ողջ իշխանությունը ձգտում է կենտրոնացնել իր ձեռքում, որ ցերեկը մեզ հայտնի պատճառով բացակայում է կարևոր միջազգային քննարկումներից, թեպետ ֆիզիկապես ներկա է գտնվում, իսկ գիշերով կայացնում միանձնյա ու կամայական որոշումներ, որոնց տակից ազգովի չենք կարողանում դուրս գալ:

Այս պարագայում ուղղակի օրախնդիր է, որ նման ապաշնորհ կառավարիչը հեռանա կամ հեռացվի, և ազատ, արդար ընտրությունների միջոցով կարողանանք ձևավորել նոր իշխանություններ, որոնց առաջին քայլը պետք է լինի իշխանության ապակենտրոնցումը բոլոր մակարդակներում՝ սկսած ներկուսակցական դեմոկրատիայի հաստատումից, վերջացրած իշխանության թևերի տարանջատումը գործնականում կիրառելի դարձնելը:

Այնպես որ Սերժ Սարգսյանի հեռանալու որոշումը բեկման ենթական չէ։ Ավելի լավ է դատարկ խոսքերը մի կողմ դնել ու լծվել այդ պատասխանատու գործին:

Արմեն Հարությունյան

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1493260364279079&id=100007853887323&pnref=story

Այս խորագրի վերջին նյութերը