Կարծիք

30.10.2014 13:14


«Իշխանափոխությունը ձեռնտու է առաջին հերթին հենց խոշոր բիզնեսի ներկայացուցիչներին»

«Իշխանափոխությունը ձեռնտու է առաջին հերթին հենց խոշոր բիզնեսի ներկայացուցիչներին»

Անկեղծ ասած` արդեն հոգնել եմ կարդալ Բաղրամյան 26-ի հրահանգով աշխատող կայքերի ու «վերլուծաբանների» հոդվածները էն բանի մասին, իբր թե Գագիկ Ծառուկյանը երբեք գործող իշխանությունների դեմ դուրս չի գա, քանի որ խոշոր բիզնեսի ներկայացուցիչ է: Հարգելինե՛րս, բա՛վ է, թարգե՛ք ժողովրդի մոտ մարգինալ մտածելակերպ ձևավորելու գործը, քանի որ այն դեգրադացնում է ազգը:

Ժողովո՛ւրդ ջան, հասկացե՛ք, որ էսօր մեր երկրում մի էնպիսի իրավիճակ է ստեղծվել, երբ իշխանափոխությունը ձեռնտու է առաջին հերթին հենց խոշոր բիզնեսի ներկայացուցիչներին, քանի որ բոլշևիկյան մոդելում, որը երազում է կառուցել Սերժ Սարգսյանը, չկա բիզնես (ո՛չ մանր, ո՛չ միջին, ոչ էլ խոշոր), չկան շուկայական հարաբերություններ և լիբերալ հիմքերի վրա կառուցված տնտեսություն: Բոլշևիկյան մոդելում երկրի ամբողջ տնտեսությունը կենտրոնացվում է ընդամենը մեկ մարդու ձեռքերում, և էդ մարդը Սերժ Սարգսյանն է: Իսկ հաշվի առնելով էն հանգամանքը, որ մեր երկրում աղքատության մակարդակը հասել է գրեթե 40 տոկոսի, իշխանությունները փոխանակ նպաստեն մանր և միջին բիզնեսի զարգացմանը՝ հակատնտեսական օրենքներ մշակելով ոչ միայն արմատախիլ են անում մանր և միջին բիզնեսը, այլ նաև փորձում են մարդկանց դժգոհությունն ուղղել շուկայական տնտեսության վերջին բեկորի` խոշոր բիզնեսի ներկայացուցիչների դեմ և, օգտվելով պահից, երկրի բոլոր տնտեսական ռեսուրսները մեկ մարդու ձեռքերում կենտրոնացնել: Եվ խոշոր բիզնեսի ներկայացուցիչները, ովքեր, ի դեպ, հանդիսանում են երկրի հիմնական հարկատուներ (ընդ որում, շատ դեպքերում պահանջվում է ոչ միայն օրենքով սահմանված հարկեր վճարել, այլ նաև եկամուտներից ստացած «փայը», որը գնում է մեզ բոլորիս հայտնի անձի և նրա մերձավոր շրջապատի գրպանը), դա շատ լավ հասկանում են:

Չի՛ կարող խոշոր բիզնեսի դեմ հանուն արդարությանը պայքարել մի մարդ, ում եղբայրը բոլորիս հայտնի Սաշիկն է: Սա աբսուրդ է, հասկացե՛ք: Մեզ բոլորիս պարզապես փորձում են օգտագործել սեփական նեղ շահերին հասնելու համար: Իսկ մենք, էմոցիաներով առաջնորդվելով, օգնում ենք իշխանություններին երկրում բոլշևիկյան մոդել կառուցել: Եվ եթե իշխանությունները էս գործում հաջողությանը հասնեն, ապա կարող եք վստահ լինել, որ խանութներում, օրինակի համար, հացի գինը 150-200 դրամից կբարձրանա մինչև 500-600 դրամ, քանի որ մրցակցության բացակայության պարագայում գները որոշվում են ընդամենը մեկ անձի կողմից, պահանջարկն անտեսվում է, և գործի է դրվում, էսպես ասած, տոտալիտար առաջարկը` «ուզում ես` ուզի, չես ուզում` արտագաղթի» կարգախոսով:

Էնպես որ, մի՛ դարձեք իշխանությունների գործիք և ցանկացած քայլ անելուց առաջ մի փոքր մտածեք:

Գրիգոր Աթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը