Քաղաքական

09.10.2014 14:25


«Եռյակի» առաջնորդները հրավիրում են հանրահավաքի (տեսանյութ)

«Եռյակի» առաջնորդները հրավիրում են հանրահավաքի (տեսանյութ)

Քիչ առաջ խորհրդարանում ավարտվել է ոչիշխանական երեք ուժերի՝ ԲՀԿ–ի, ՀԱԿ–ի և «Ժառանգության» աշխատանքային հանդիպումը։ Քննարկվել են 12+1 կետերի գնահատականի, հոկտեմբերի 10–ին Ազատության հրապարակում հրավիրված համապետական հանրահավաքին ԲՀԿ–ի, ՀԱԿ–ի և «Ժառանգության» առաջնորդների մասնակցության և կազմակերպական այլ հարցեր։

Աշխատանքային հանդիպումից հետո «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը լրագրողներին հայտնել է, որ 12+1 կետերի գնահատականն արդեն պատրաստ է, և այն հոկտեմբերի 10–ի հանրահավաքին կհնչի ոչ թե «քառյակի», այլ «եռյակի» անունից։

–Քանի որ երեք քաղաքական ուժերի հանրահավաքն է, կհնչի երե՛ք ուժերի կարծիքը։ Քաղաքական գործընթաց է սկսվում, որն ունի իր հստակ ճանապարհային քարտեզը, և այսօրվա քննարկման արդյունքում որոշվեց, որ պետք է 12 կետերի գնահատականը հնչի «եռյակի» անունից։ Փաստաթուղթն ուղարկվել է նաև ՀՅԴ–ին, նրանք հիմնականում համաձայն են եղել գնահատականների հետ, բայց որոշում կայացվեց, որ այն կհնչի «եռյակի» կողմից։ Ստեղծվել է մի քաղաքական գործընթաց, որտեղ շատ հստակ է, որ 12 կետերը երկրորդ պլան են մղվում, և սկսվում է իշխանափոխության գործընթացը,–ընդգծել է Ռ. Հակոբյանը։

Նա նաև հայտնել է, որ հոկտեմբերի 10–ի համապետական հանրահավաքին մասնակցելու են նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ՀԱԿ նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը և «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը։

–Սա կլինի վերջին տարիների թերևս ամենաբազմամարդ հանրահավաքը։ Գոնե վերջին հանրահավաքների ժամանակ հայտարարվեց, որ այս համախմբումը, եռամիասնության քաղաքական օրակարգն ամբողջական իշխանափոխությունն է։ Ընդգրկուն օրակարգ կլինի. ոչ միայն կներկայանանք, կասենք իշխանափոխություն և վերջ։ Անդրադարձ կլինի նաև սահմանադրական փոփոխություններին և 12 կետերին։ Բայց բոլոր քաղաքական ուժերն իրենց օրակարգում ունեն ամբողջական իշխանափոխության հարցը։ Վաղը կհնչեցվի նաև մեր հետագա գործողությունների ճանապարհային քարտեզը։ Հանրահավաքից հետո լինելու է նաև երթ՝ Ազատության հրապարակ–Մաշտոցի պողոտա–Ամիրյան–Ազատության հրապարակ։ Այն, որ սա շարունակական գործընթաց է լինելու, և վաղվա օրով չի ավարտվելու, հստակ է, բայց ճանապարհային քարտեզը կհրապարակենք վաղը,–ավելացրել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը։

Որոշվել է նաև, որ վաղն առավոտվանից «եռյակի» քարոզչական հանձնախմբում գործելու է թեժ գիծ, որտեղ անմիջապես կարձագանքեն ճանապարհները փակելու և այլ խոչընդոտների մասին բոլոր ահազանգերին։

–Օպերատիվ արձագանք կլինի։ Արդեն իսկ ունենք 5-6 թիմ, որոնք կլինեն տեղերում։ Պատգամավորներ են լինելու, տեսախցիկներ, լրագրողներ։ Ունենալով նախորդ տարիների դառը փորձը՝ նախապատրաստվել ենք, և անմիջապես կարձագանքենք ահազանգերին,–ասել է Ռ. Հակոբյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը