03.10.2014 09:37


Ընդունել մարտահրավերը

Ընդունել մարտահրավերը

Կառավարությունն արձագանքեց ոչիշխանական ուժերի ներկայացրած 12–կետանոց պահանջին։ Ոչինչ չասող պատասխան։ Ավելի ճիշտ՝ ոչինչ չանելը հիմնավորելու փորձ անող պատասխան։

Բնականաբար, այն չի կարող բավարարել ոչ այդ պահանջները ներկայացնողներին, ոչ էլ, առավել ևս, հանրությանը։ Ապացույցը փոքր և միջին ձեռնարկատերերի՝ Հայաստանի տարբեր քաղաքներում բողոքի գործողություններն են՝ փողոց դուրս գալուց մինչև խանութներն ու կրպակները փակելը։

Թվեր, փաստարկներ ներկայացնելու, երկար-բարակ գրելու կարիք չկա։ Հայաստանի գործող իշխանությունը չի՛ կարող փոխել այսօրվա վիճակը, որովհետև ինքը չի կարող փոխվել։ Ավելին՝ բաց տեքստով հայտարարվեց, որ ոչինչ էլ չսպասեք։

Սուրիկ Խաչատրյանի վերանշանակումը վերջակետ դրեց երկրին օդ ու ջրի պես անհրաժեշտ «փոփոխությունների» վերաբերյալ հայտարարություններին ու խոստումներին։ Միայն մեկ փոփոխության է ուզում գնալ Հայաստանի գործող իշխանությունը՝ Սահմանադրությունը վերափոխելով՝ փորձել պահպանել իր դիրքերը։ Այսինքն, սահմանադրական փոփոխությունները մի քանի հոգու են պետք, այլ ոչ թե հանրությանը։

Սուրիկ Խաչատրյանի վերանշանակմամբ՝ իշխանությունը բացահայտ հայտարարեց նաև, թե ինչ քաղաքական համակարգի է ձգտում։ Այնպես որ, խոսակցությունները, թե խորհրդարանական կառավարման ենք գնում, որպեսզի մարդակենտրոն դառնանք, դատարկ խոսքեր են։

Մի խոսքով, Հայաստանի իշխանությունը մարտահրավերի ձեռնոց է նետել բոլորին, այդ թվում՝ այն ուժերին ու անձանց, ովքեր տարբեր դրդապատճառներով ու նկատառումներով փորձում էին հիմնավորել սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը։

Պետք է, ուրեմն, ընդունել մարտահրավերը։ Թող յուրաքանչյուրն ինքը որոշի՝ ում հետ է, և ինչի համար։

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը