Կարծիք

30.09.2014 16:47


Ինչպես միշտ, ՀՀԿ-ն գտնվեց իր «բարձունքում»

Ինչպես միշտ, ՀՀԿ-ն գտնվեց իր «բարձունքում»

Ես բավական օբյեկտիվ եմ համարում, երբ որոշ մարդիկ, հանուն փողի ու խոստացված փայլուն ապագայի, հանրապետական են դառնում, աստիճանաբար նմանվում են իրենց ղեկավարներին, բայց երբ հասկանալով ու իմանալով իրականությունը՝ փորձում են գերազանցել նույնիսկ իրենց ավագ սերնդին խաբելու ու կեղծելու հարցում, իշխանափոխության պահանջն է՛լ ավելի հրատապ է դառնում, որովհետև նրանցով իրականացված սերնդափոխությունն ավելի վատ պատկեր է ստեղծելու: Խոսքս, իհարկե, ոչ բոլորին է վերաբերում, որովհետև առավել խելացիները ձեռնպահ են մնում նման պահվածքից ու իրենց հանդեպ ատելության մեծացումից, քանի որ հասկանում են, որ ուրիշների սխալների ու թերությունների համար իրենք պարտավոր չեն պատասխանատվություն կրել ու վարկաբեկվել:
Մի քանի օր առաջ տարածվեց «ԸNTRENQ PAYTSAR APAGA» BHK գրառմամբ ինչ–որ նկար, որը որոշ «խելոքներ» կապեցին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ ու փորձեցին ծաղրի առարկա դարձնել, մինչդեռ ընդամենը 5 րոպե հետո պարզվեց, որ խոսքը նման անվանմամբ բարեգործական հասարակական կազմակերպության մասին է, ինչում կարող եք համոզվել ստորև՝ e-registr.am պաշտոնական կայքից արված նկարը նայելով, որը կուսակցության հետ բացարձակ կապ չուներ:
Սա հատուկ եմ շեշտում, որպեսզի հասկանանք նրանց պրիմիտիվության ու էժանագին քայլերի մակարդակը:
Հիմա անդրադառնամ «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքին, որի շուրջ վերոնշյալները սկսել են առանց մանրամասների տեղեկատվություն տարածել, թե ԲՀԿ-ն դեմ է իր կողմից «կողմ» քվեարկած օրենքին:
Հիմա մանրամասնեմ: Օրենքի նախագծի առաջին ընթերցման ժամանակ ԲՀԿ-ն, հաշվի առնելով հարկային բեռի իջեցումը 3,5%-ից 1%-ի, կողմ է քվեարկել, բայց պայմանով, որ մինչև երկրորդ ընթերցում նախագիծը կենթարկվի փոփոխությունների ու կկրի այն տեսքը, որն այսօր պահանջում են ՓՄՁ ներկայացուցիչներն ԱԺ-ից և Կառավարությունից: Բայց, ինչպես միշտ, ՀՀԿ-ն գտնվեց իր «բարձունքում». ամեն ինչ մնաց այնպես, ինչպես իրենք էին ուզում, ու միանձնյա անցկացրեց օրենքը երկրորդ ընթերցման ժամանակ, որին արդեն հասկանալի պատճառներով ԲՀԿ-ն չմասնակցեց: Ու հիմա փորձում են շահարկել վերոնշյալը էժան դիվիդենտներ հավաքելու համար, չնայած, ինչպես միշտ, այս անգամ էլ իրենց աճեցրած խիարը թարս է բուսնելու, քանի որ հազարավոր մարդիկ գիտեն ճշմարտությունը ու պայքարում են իրենց դեմ, ոչ թե ԲՀԿ-ի:
Գրառումս չեմ անձնավորում ու առանձնապես ցանկություն չունեմ անուղղելի մարդկանց հետ բանավիճելու. պարզապես անկախ կուսակցական պատկանելությունից ու նույնիսկ անձնական շահից՝ զե՛րծ մնացեք ապատեղեկատվություն ու կեղծիք տարածելուց:

Արման Թաթոսյան

Այս խորագրի վերջին նյութերը