Հարցազրույց

10.09.2009 19:01


Հովսեփ Խուրշուդյան

Հովսեփ Խուրշուդյան

Հարցազրույց «Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանի հետ

-Երեկ ուշ երեկոյան ավարտված «Ժառանգություն» կուսակցության վարչության նիստում որոշում է կայացվել կուսակցության շարքերից հեռացնել ԿԸՀ-ում կուսակցության ներկայացուցիչ Զոյա Թադևոսյանին, ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանին և Մովսես Արիստակեսյանին: Ի՞նչ է կատարվում «Ժառանգության» ներսում, և ի՞նչ հիմնավորմամբ են կուսակցությունից հեռացվել  վարչության անդամները։

-Ես կարող եմ ասել, որ այս խնդիրները ծագել են վաղուց։ Ցավոք սրտի, ժամանակին դրանք շատ մեղմ լուծումներ են ստացել, որն, ըստ էության, լուծում չէր։ Այն մարդիկ, ովքեր մասնակցել են կեղծիքներին, մեղմ պատիժներ են ստացել՝ ընդամենը նկատողության և վարչության անդամից հրաժարվելու ձևով։ Վարչության անդամները՝ այն երեք անձինք, ովքեր հեռացվել են կուսակցությունից, ևս խուսափել են պատիժներից, և արդյունքում եղավ այն, ինչ եղավ։ Այսինքն, այդ մարդիկ որոշեցին, որ ամենաթողությունն իրենց համար դառնում է ընդունելի և սկսեցին անհանդուրժելի քայլեր ձեռնարկել, որի վերջին կաթիլը՝ զրպարտություններով լի, թերթերից մեկում հրապարակումն էր։ Եվ կուսակցության վարչությունը ստիպված եղավ ավելի ռադիկալ որոշումների միջոցով լուծել այս հարցը։

-Դուք նշեցիք «Ժառանգության» վարչության անդամների կողմից ընտրակեղծիքներ կատարելու մասին։ Ի՞նչ ընտրակեղծիքների մասին է խոսքը։

-Խոսքը «Ժառանգություն» կուսակցության նախորդ համագումարի ժամանակ (երբ ընտրվել էր վարչության ներկայիս կազմը) ընտրակեղծիքներ անելու փորձի մասին է, որը կանխվել է։ Այդ կեղծարարների ձեռքից բռնել ենք, քվեաթերթիկները վերցրել ենք, այդ ամենն արձանագրվել է, հանձնաժողով է ձևավորվել, որը քննել է այս հարցը։ Արդյունքում վարչությունն ընդամենը սահմանափակվել է փոքր պատիժներով, նկատողություններով, և փորձը ցույց տվեց, որ ավելի խիստ որոշումներ պետք է կայացվեին, որպեսզի այս խժդժություններն ավելի չխորանային։

-Կուսակցությունից հեռացվածներն այս ամենին այլ մեկնաբանություն են տալիս։ Մասնավորապես Մովսես Արիստակեսյանն ասել է, որ Հովսեփ Խուրշուդյանը փորձում է իր դիկտատուրան հաստատել կուսակցությունում, Զոյա Թադևոսյանն ասել է, որ Դուք կուսակցությունում «գորշ կարդինալ» ու ստվերային ղեկավար եք և Ձեր ուզած խաղն եք խաղում։

-Դա աբսուրդ է։ Հովսեփ Խուրշուդյանը «Ժառանգությունում» որևէ պաշտոն չունի։ Ես զբաղեցնում եմ մամլո խոսնակի պաշտոնը, որը նշանակովի է, և ցանկացած պահի կարող են խոսնակի պարտականությունները մեկ այլ անձի վրա դնել։ Ուղղակի մարդիկ ինչ-որ անձնական թշնամանք ունեն իմ հանդեպ, ինչը որ ինձ համար տարօրինակ է։ Ես մշտապես խիստ որոշումների, խիստ պատիժների կողմնակից եմ եղել։ Այդ հարցում թաքցնելու ոչինչ չունեմ։ Եվ ոչ միայն ես. կուսակցությունում կան ինձանից շատ ավելի ազդեցիկ մարդիկ, ովքեր ևս խիստ որոշումների կողմնակից են։ Եվ երևի դրանից իրենք եզրակացրել են, որ հենց դիսցիպլինայի կողմնակիցներին  է պետք թիրախ դարձնել։ Բայց դա արդեն իրենց խնդիրներն են։ Ինձ դա չի վերաբերում։

-Նաև խոսվում է այն մասին, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Ժառանգության» համամասնական ցուցակում վերջին պահին անհասկանալի փոփոխություններ են եղել...

-Ես բազմիցս նշել եմ, որ այն մարդիկ, ովքեր ինչ-որ ձևով ներգրավված են եղել այդ ցուցակի կազմմանը, դրանում բազմաթիվ փոփոխություններ են կատարել։ Դա աշխատանքային գործընթաց է։ Մենք դա արել ենք մեզ, այդ թվում նաև՝ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից տրված լիազորությունների շրջանակներում։ Եվ այստեղ որևէ խնդիր չկա։ Տարօրինակ է, որ այդ մարդիկ երկու տարի սպասելուց հետո հանկարծ հիշեցին այդ խնդրի մասին։

-Այս ոչ հաճելի պատմության մեջ տարբեր ենթատեքստերով նշվում է Հայ ազգային կոնգրեսի անունը։ Այստեղ ի՞նչ խնդիր կա։

-Ես կուզենայի չսևեռվել այս ամենում Հայ ազգային կոնգրեսի ներգրավվածության հարցի վրա։ Ամեն դեպքում, ես կարծում եմ, որ շատ ավելի լուրջ քաղաքական խնդիրներ կան երկրում, որոնց լուծման ուղղությամբ հասարակական պահանջ կա ՀԱԿ-ի, «Ժառանգության» և ՀՅԴ-ի՝ համատեղ որոշակի գործունեություն ծավալելու հարցում։ Եթե նույնիսկ ինչ-որ բան էլ եղել է, ես չեմ սևեռվի դրանց վրա, առավել ևս, որ ՀԱԿ ներկայացուցչի երեկվա հայտարարությունը մեզ հույսեր է ներշնչում, որ մեր հետագա համագործակցությունը հնարավոր է և իրենց կողմից գնահատված։

-Ինչո՞վ էր պայմանավորված կուսակցության վարչության նախագահի փոփոխությունը։

-Անկեղծ ասած, դա Անահիտ Բախշյանի անձնական ցանկությունն էր։ Մենք չէինք ցանկանա, որ նա փոխվեր։ Վարչության անդամները նախ և առաջ վստահության մանդատ են հաստատում, և հենց Անահիտ Բախշյանի պահանջով հաստատվել է նրա վստահության մանդատը, քանի որ նախորդ նիստի ժամանակ այդ խառնակիչների կողմից հարց էր բարձրացվել, որ Անահիտ Բախշյանին վստահություն հայտնվի։ Այդ նիստին իրենք հրավիրված էին, թող գային ու իրենց փաստարկները բերեին։ Իսկ Անահիտ Բախշյանն իր պաշտոնից հրաժարական էր տվել՝ կոչ անելով վարչության նախագահ ընտրել Արմեն Մարտիրոսյանին։

-Այնպիսի տպավորություն է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը անմասն է մնացել «Ժառանգության» ներսում տեղի ունեցողին։ Ինչո՞ւ լսելի չէ նրա ձայնը։

-Այս պահին Րաֆֆի Հովհաննիսյանը հանրապետությունում չէ։ Սակայն ուզում եմ ասել, որ Րաֆֆի Հովհաննիսյանը վարչության անդամ չէ, և շատ դեպքերում մենք փորձում ենք նրան զերծ պահել նման կարգի մանր խնդիրների լուծմանը մասնակցելուց, որովհետև այս ամենը, իրոք, տհաճ պատմություն էր նաև մեզ համար, հատկապես թերթերից մեկում հայտնված այդ կեղտոտ հրապարակումից հետո։ Ամեն դեպքում, նման փուլ անցնում է ցանկացած կուսակցություն, երբ ինքնամաքրման կարիք է լինում։ Մեզ համար գործունեության այս չորս տարիների ընթացքում այդ փուլը հասունացավ։ Ընդամենն ափսոսում եմ, որ այս խնդիրն ավելի վաղ չի լուծվել։

Զրույցը վարեց Վախթանգ Մարգարյանը

Այս խորագրի վերջին նյութերը