Լրահոս

03.09.2014 13:54


Գագիկ Ծառուկյանի հանդիպումները Չինաստանում (տեսանյութ)

Գագիկ Ծառուկյանի հանդիպումները Չինաստանում (տեսանյութ)

Կոմունիստական կուսակցության հրավերով ԲՀԿ պատվիրակությունը՝ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, այս օրերին գտնվում է Չինաստանի Ժողովրդավարական Հանրապետությունում: Մայրաքաղաք Պեկինում Գագիկ Ծառուկյանի առաջին հանդիպումը տեղի է ունեցել Սպորտի հարցերի ազգային վարչության ղեկավարի տեղակալ Յան Շուանի հետ: Ողջունելով Գագիկ Ծառուկյանին՝ չին բարձրաստիճան պաշտոնյան նշել է, որ վերջին 22 տարիների ընթացքում Հայաստանի և Չինաստանի միջև ձևավորվել են բարձր մակարդակի հարաբերություններ, որոնց շարունակական զարգացումն ամրապնդում է երկու երկրների ժողովուրդների դարավոր բարեկամական կապը:

«Չինաստանի ազգային օլիմպիական կոմիտեն քաջատեղյակ է սպորտի ոլորտում ձեր կատարած աշխատանքի մասին և շահագրգիռ է սերտորեն համագործակցելու Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրերի իրականացման հարթությունում: Հայաստանն աշխարհին հայտնի է մի շարք մարզաձևերով, և մենք ևս ձեզանից շատ բան ունենք սովորելու»,- ընդգծել է Յան Շուանը:

Նա նաև Գագիկ Ծառուկյանին ջերմորեն շնորհավորել է Նանկինի պատանեկան ամառային օլիմպիական երկրորդ խաղերում մեր հայ մարզիկների տպավորիչ ելույթների ու հաղթանակների կապակցությամբ:

Գագիկ Ծառուկյանն իր հերթին չինացի գործընկերոջ հետ քննարկել է առաջիկա հնարավոր համագործակցության մի շարք նախագծեր, որոնց կենսագործման ուղղությամբ շուտով գործնական քայլեր են իրականացվելու:

Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատվիրակությունը Չինաստան է մեկնել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Կումունիստական կուսակցության հրավերով: Սեպտեմբերի 2-6-ը Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ նախատեսված են մի շարք հանդիպումներ Կոմունիստական կուսակցության քաղբյուրոյի, կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչների, ինչպես նաև գործարար շրջանակների հետ: Պատվիրակության կազմում են պատգամավորներ Վարդան Օսկանյանը, Նաիրա Զոհրաբյանը, Վահե Հովհաննիսյանը, Միքայել Մելքումյանը:

«Էպիկենտրոնի» նկարահանող խումբը ևս գտնվում է Չինաստանում և այցի ավարտին կներկայացնի հանդիպումների մանրամասները:

Այս խորագրի վերջին նյութերը