Լրահոս

04.08.2014 23:04


Կասպրշիկ. «Մենք հրապարակավ չենք մեկնաբանում ինչպես կոնկրետ դիտարկման ընթացքը, այնպես էլ դրա եզրահանգումները»

Կասպրշիկ. «Մենք հրապարակավ չենք մեկնաբանում ինչպես կոնկրետ դիտարկման ընթացքը, այնպես էլ դրա եզրահանգումները»

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Շփման գծում արձանագրված վերջին միջադեպերի վերաբերյալ տեղեկությունները մտահոգության առիթ են հանդիսանում: Ցանկացած կորուստ ողբերգություն է զոհվածի ընտանիքի անդամների և հարազատների համար: Այս առնչությամբ ԵԱՀԿ գործող նախագահն ու համանախագահներն արդեն արտահայտել են իրենց դիրքորոշումը օգոստոսի 2-ին տարածած հայտարարության մեջ:

Իմ լիազորությունների շրջանակներում շարունակելու եմ կապ պահպանել կողմերի հետ՝ այդ թվում ամենաբարձր մակարդակով՝ նպատակ հետապնդելով թուլացնել լարվածությունը: Ես և իմ ղեկավարած խումբը շարունակելու ենք դիտորդական առաքելությունները, որոնք կազմակերպվում են կողմերի համագործակցությամբ, ինչպես տեղի ունեցավ վերջին անգամ սույն թվականի օգոստոսի 1-ին:

Յուրաքանչյուր դիտարկման ժամանակ իմ թիմի անդամները մոտենում են հայ-ադրբեջանական սահմանին, հրադադարի խախտման դեպքերի վերաբերյալ տեղեկատվություն ստանում համապատասխան կողմերից, ինչպես նաև այլ վայրերում ընդհանուր իրավիճակից, այնուհանդերձ դիտարկումն անցկացվում է մեկ կոնկրետ վայրում: Մենք հնարավորություն ենք ընձեռում նաև տեղի հրամանատարներին բարձրաձայնել երկուստեք մտահոգության առարկա հանդիսացող հարցեր և թուլացնել լարվածությունը:

Դիտարկման վերաբերյալ զեկույցները փոխանցվում են ԵԱՀԿ գործող նախագահին ու Մինսկի խմբի անդամներին: Միջադեպերի վերաբերյալ զեկույցներն իմ գրասենյակի կողմից հանձնվում են նաև ԵԱՀԿ համապատասխան կառույցներին: Մենք հրապարակավ չենք մեկնաբանում ինչպես կոնկրետ դիտարկման ընթացքը, այնպես էլ դրա եզրահանգումները: Նմանօրինակ տեղեկատվություն պարունակող մամուլի հրապարակումները հիմնված չեն իմ գրասենյակի տրամադրած տեղեկատվության վրա»։

Այս խորագրի վերջին նյութերը