Մեկնաբանություն

04.09.2009 18:54


Եթե համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը չչոքեր մեր դուռը...

Եթե համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը չչոքեր մեր դուռը...

Այսօր քչերն են հիշում կամ հիշում են, բայց չեն ցանկանում սովորական քաղաքացիների հիշողությունը թարմացնել, որ ՀՀ վարչապետ եղած ժամանակ  ՀՀ ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանը վստահեցնում էր, որ Հայաստանում աղքատ մարդ չպետք է լինի, որ մարդկանց համար համապատասխան աշխատատեղեր պետք է ստեղծվեն, որ, անշուշտ, պետք է բարձրացվեն կենսաթոշակները և այլն։

«Կենսաթոշակառուների համար 68%-ով, այլ թոշակառուների համար՝ միջին հաշվով՝ 60% աճ ենք ունենալու հունվարի 1-ից, բայց կառավարության ծրագրում նաև ամրագրված է, որ 2012-ին Հայաստանում միջին կենսաթոշակը պետք է կազմի 42 հազ. դրամ: Հիմա շա՞տ է 21 կամ 22 հազարը, շա՞տ է լինելու այդ 42 հազարը, ամբողջովին ապահովելո՞ւ է կենսաթոշակառուի բարեկեցիկ կյանքը, իհարկե՝ ոչ։ Եթե ես շատ միամիտ լինեի, կասեի, որ կենսաթոշակառուն կարող է այդ 21 կամ 22 հազ. դրամով լավ ապրել, բայց մյուս կողմից էլ ակնհայտ է, որ 21 հազարն ավելի լավ է, քան 13 հազարը»,- 15.09.07թ. «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագրի հետ զրույցում ասել էր Սերժ Սարգսյանը՝ ավելացնելով,- եթե հնարավորություն լիներ, անշուշտ, մենք միանգամից կդարձնեինք 200 հազար դրամ և կասեինք՝ խնդիրը լուծվում է: Մենք պետք է դնենք լուծելի խնդիրներ, իրատեսական խնդիրներ, որպեսզի հանկարծ որևէ մեկին հուսախաբ չանենք»:

Այժմ, սակայն, ո՛չ 2012թ.-ն է, ո՛չ էլ ասվել է, որ կենսաթոշակը միանգամից 200 հազ. դրամ է դառնալու, բայց մարդիկ արդեն հիասթափված են, որովհետև հիմա արդեն ոչ էլ «2012-ին Հայաստանում միջին կենսաթոշակը կկազմի 42 հազ. դրամ»-ի մասին են խոսում։ «Մեղավորը», իհարկե, կրկին համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամն է։ «Բախտի բերմամբ, թե պատահմամբ», որտեղից որտեղ, մին էլ՝ ըհը՛, վրա հասավ ճգնաժամը, ու բոլոր «բարի» ծրագրերի մասին խոսակցությունները մոռացվեցին։

Այսօր, օրինակ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Գևորգ Պետրոսյանն ասում է, որ կառավարությունը և դրա անդամները «չեն ուզում ավելորդ լավատեսության արդյունքում ժողովրդին գցել մոլորության մեջ. մենք անում ենք, ասում ենք իրատեսականը, իրականը»։

«Ոչ թե կառավարության մոտ բացակայում է ցանկությունը և ուշադրությունը, պարզապես հանարավորություններն են սահմանափակ։ Եթե համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը չչոքեր մեր դուռը, հաստատ պետք է այդ հարցը նայվեր, լուծում ստանար»,- իր պաշտոնավարման 100 օրն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Գ. Պետրոսյանը՝ անդրադառնալով նվազագույն սպառողական զամբյուղի գումարային ծավալի ավելացմանը, որն, ըստ նախարարի, այսօր «չի ապահովում մարդու կենսամակարդակը»։

«7օր»-ը Գ. Պետրոսյանից հետաքրքրվել է, թե կենսաթոշակները տարեցտարի բարձրացնելու Սերժ Սարգսյանի խոստումն այսօր որքանո՞վ է իրականություն դառնում, ինչին ի պատասխան էլ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն այսպես է ասել.

«Այն, որ մեր հանրապետության նախագահը հետևողական է կենսաթոշակառուների շահերի պաշտպանության գործում, ոչ ոք չի կասկածում, բայց հանրապետության նախագահն այդ ցանկությունն արտահայտելիս չէր կարող նախատեսել, որ մեր երկիրը, ամբողջ աշխարհը հայտնվելու են այդ իրավիճակում։ Այսօր կառավարությունը վճռական է, որ պարբերաբար  վերանայվի կենսաթոշակի չափը, բայց եթե օբյեկտիվ անհնարինության հանգամանքներ կան, մենք անհատներ ենք, և ոչ մեկս չի կարող ազդել համաշխարհային խնդիրների վրա։ Երբ ճգնաժամը մեզանից հեռանա, անպայման կենսաթոշակների ոլորտը վերանայվելու է, կենսաթոշակառուների շահերը մենք սկսելու ենք փորձել պաշտպանել ավելի բարձր գումարներով»։

Տատիկս այստեղ մի լավ խոսք կասեր՝ էշ մի սատկի, գարուն կգա։ Սա՝ իմիջիայլոց։ Իսկ ավելի լուրջ, ցավոք, մեր հասարակությունն այդպես էլ չի իմանա, եթե համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամն իր «սև գործը» չաներ, 2012թ. Հայաստանում միջին կենսաթոշակը 42 հազ. դրամ կկազմե՞ր։

Կամ եթե իրականում ընդունենք, որ «մեղավորը» ֆինանսատնտեսական ճգնաժամն է, ապա այս դեպքում էլ անհասկանալի է, թե ինչո՞ւ 2008թ. նոյեմբեր ամսին նախորդ տարվա համեմատ գրեթե կրկնակի ավելացվեց 2009թ. հավակնոտ պետական բյուջեն, որը հիմնականում ուղղվելու էր սոցիալապես անապահով խավի խնդիրները հոգալուն։ Չէ՞ որ այդ ժամանակ արդեն համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը «գլուխ էր բարձրացնում», և հեռատեսություն էր պետք, չէ՞, ունենալ՝ հասկանալու, որ Հայաստանը նրա հասցրած վնասներից անմասն չի մնա։ Թեև Գ. Պետրոսյանն այսօր էլ հայտարարում է, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամը, սոցիալական առումով, բացարձակապես չի անդրադառնալու ՀՀ քաղաքացիների վրա։

«Այսօր՝ ՀՀ վարչապետի գլխավորությամբ, ՀՀ կառավարությունը հետևողականորեն տարավ և պաշտպանեց այդ գիծը, որ ֆինանսատնտեսական ճգնաժամը բացարձակապես չանդրադառնա սոցիալական ոլորտի վրա։ Եվ ոչ միայն չեն կրճատվել սոցիալական ոլորտի համար նախատեսված պետական բյուջեի միջոցները, այլև 2010թ. այդ միջոցները հնարավորության սահմաններում ավելացվել են»։

Իսկ թե ի՞նչ կլինի 2010-ից հետո...էլի տատիկիս հիշեցի...

Արեգնազ Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը