Խմբագրական

31.08.2009 16:04


Արթուր Բաղդասարյանն ու երիտկարիերիզմը

Արթուր Բաղդասարյանն  ու երիտկարիերիզմը

Հետանկախական շրջանում երիտկարիերիստների մի հոծ բանակ ձևավորվեց։ Նրանք սովետի ժամանակ էլ կային, բայց նոր իրողությունները նոր մոտեցումներ էին պահանջում։ Եթե նախկինում կար միայն կոմկուս ու դրան քծնելու պարզունակ տեխնոլոգիա, ապա հիմա վիճակը «բարդացել» է։ Այժմ անհրաժեշտություն կա անընդհատ հետևել քաղաքական փոփոխվող քամիներին ու հոտառությամբ որսալ, թե երբ է ՀՀՇ-ի «Շ»-ն դառնում «Կ» և ըստ այդմ գործել։ Մնացած առումներով ամեն ինչ նույնն է։  

Անշո՛ւշտ, Արթուր  Բաղդասարյանին կարելի  է  համարել նորանկախ Հայաստանի երիտկարիերիստների առաջամարտիկներից, ավելին՝ հիմնադիր հայրերից (զգո՞ւմ եք, թե որքա՜ն բազմապիսի հիմնադիրներ կան Հայաստանում)։ ՕԵԿ առաջնորդն, ըստ իս, ներշնչանքի աղբյուր է  և կլինի բոլոր այն երիտասարդների   համար,  ովքեր փորձում են  քծնանքի  հուշ-երեկոների  ու  պնակալեզության միջոցով հասնել պաշտոնների։ Երիտկարիերիստները, լինեն   նրանք  բազեական, միասնական կամ այլական, որպես  մեթոդական ցուցում պետք է դիտարկեն Բաղդասարյանի անցած ուղին,  բայց միշտ հիշեն, որ մի օր այդ ամենը վերջանալու է  ԱԽՔ-ացմամբ։  

Ի  դեպ,  ես այն կարծիքին չեմ,  որ իշխանությանը  հարող  բոլոր  երիտասարդները հոգով Արթուր Բաղդասարյան են։ Ամենևին։ Պարզապես նրանց մեջ շատ են արթուրները։ Ու քանի որ  նրանք  շատ են, ուստի դաժան մրցակցություն է  սպասվում, բայց պետք չէ վհատվել.  «հարգելի՛»  երիտկարիերիստներ, եղեք ավելի՛ քծնող, ավելի՛  պնակալեզ, ավելի՛ Արթուր, և ձեր չարչարանքներին «ապաշխարանք» կլինի։ Մեզ մնում է  միայն աղոթել  ձեզ համար։

Իսկ հիմա «բուն» թեմայով։  «Ով  էշ՝ ես փալան» հայեցակարգով առաջնորդվելով՝ ՕԵԿ առաջնորդը «մագլցեց» մինչև ԱԺ նախագահի աթոռը։ Ճիշտ է, դրանից հետո նրան վտարեցին հայտնի ուղղությամբ, բայց պետության երկրորդ դեմքի մակարդակին հոմ հասա՞վ նա, ինչը «գերազանց» ցուցանիշ է՝ «համարժեք»  Բուբկայի կամ Իսինբայեվայի թռիչք-բարձրությանը։ Հանաք բան չէ. սկսելով Երևանի Շենգավիթի շրջանի ղեկավարի տեղակալի պաշտոնից, անհաջողության մատնվելով ՀՀՇ վարչության անդամ դառնալու գործում՝ Ա. Բաղդասարյանը չհուսահատվեց։ Հետագայում Բաղդասարյանի նպատակասլացությունը նրան հասցրեց մինչև Բաղրամյան փողոց։ Հենա-հենա Բաղրամյան փողոցի վրա գտնվող մեկ այլ պետական շենք էր ճակատագիրը տեղափոխելու նրան 2008-ին, բայց իր քաղաքական «պապաների» մենամարտը Բաղդասարյանի մուրազը փորում թողեց, և,  ինչպես հետագա զարգացումները ցույց տվեցին, Աժ նախագահի աթոռը նրա կարիերայի  գագաթնակետն էր։ Այժմ Բաղդասարյանը վերադարձել է  սերժսարգսյանական օրրան՝ ԱԽՔ-ի  գերպատասխանատու գործառույթն իրականացնելու առաքելությունը շալակած։

Ա. Բաղդասարյանին չէինք անդրադառնա, եթե նա «վաստակած» հանգստի անցած չլիներ ու լուռ չօգտվեր իշխանական կերակրատաշտի իր փայաբաժնից։ Բայց պարզվում է, որ նա հասարակությանը սպառնում է ակտիվանալու և, մի լավ փող աշխատելուց հետո,  մեզ ՕԵԿ-ով ահաբեկելու հեռանկարով։

Այսպես, օգոստոսի 29-ին «Առավոտ» օրաթերթին տված հարցազրույցում  ԱԽՔ-ը մի  շարք   ուշագրավ բաներ է ասել։ Նախ՝ նա շատ ֆունդամենտալ ու, հավանաբար, պրոֆիլակտիկ նկատառումներից ելնելով՝ քծնել է  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին. «Սերժ Սարգսյանը շատ հետաքրքիր նախագահ է: Նա նախագահ է, որը սիրում է կարդալ, որը հապճեպ որոշումներ չի կայացնում, նախագահ է, որն ունի լսելու ընդունակություն և, ինձ համար ամենակարևորը, ունի թիմային աշխատանքի ձգտում: Այս որակները խիստ կարևոր են նախագահի համար: Ինքն աշխատանքից զատ նաև շատ լավ ընկեր է»։ Եվ սա  ասում է մի մարդ, ով 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ Սերժ Սարգսյանին մեղադրում էր իր սպանության պատվեր տալու մեջ։ Փաստորեն,  սպանության պատվիրատուից մինչև լավ ընկեր մի ԱԽՔ-ի հաշիվ  է։

Արթուր Բաղդասարյանը,  հավանաբար,  ողջ և առողջ է մնացել այն պատճառով, որ «Սերժ Սարգսյանի՝ որպես երկրի նախագահի, լավագույն հատկանիշներից մեկն էլ այն է, որ նա երբեք իր որոշումների մեջ չի շտապում»։ Այսինքն, դուրս է գալիս, որ, ենթադրաբար, Սերժ Սարգսյանը 2008-ին չի  շտապել Արթուրին վերացնելու, քանի որ որոշումների մեջ չի շտապում։ Եթե Ա. Բաղդասարյանի ասածները ճիշտ էին Ս. Սարգսյանի՝ իրեն սպանելու ցանկության մասով, ապա դեպքերը, միգուցե, այսպիսի  սցենարով են ընթացել.   բավական լուրջ ձայներ հավաքած՝  պաշտոնապես երրորդ տեղում հայտնված ՕԵԿ առաջնորդն առաջարկել է  օգտագործել իրեն, այլ ոչ թե սպանել, իսկ  որոշումներ ընդունելու  ժամանակ չշտապող Սարգսյանն էլ համաձայնվել  է, և այժմ Բաղդասարյանը լավ-լավ հարցազրույցներ է տալիս։ Այս ամենն, անշուշտ, ենթադրություն է,  բայց կարող է  լրիվ ճշմարտություն լինել։ Ի  դեպ, Բաղդասարյանը կարող է այժմ պարզել, թե իրո՞ք  իրեն ուզում էին  սպանել, թե՞ դա ընդամենը նախընտրական «մուտիլովկա» էր, և որևէ բան ճշտելու խնդիր չկա։ Ինչևէ։

Նկատենք, որ ինչքան էլ հաճելի լինի ՀՀ նախագահին, երբ իրեն քծնում են, այնուամենայնիվ, նա պետք է  զգուշանա։ Փորձը ցույց է տալիս, որ Ա. Բաղդասարյանի քծնանքի օբյեկտները վաղաժամ հեռանում են պաշտոնից։ Ժամանակին Ա. Բաղդասարյանը նույնանման  բառեր  շռայլել է  նաև ՀՀ առաջին նախագահի հասցեին։ Ավելին, գիրք  է  նվիրել  Լևոն  Տեր -Պետրոսյանին։ Իսկ  հիմա   որտե՞ղ  է  Տեր-Պետրոսյանը։ Ճիշտ է, «ուղղիչ աշխատանքային գաղութի» կարգավիճակ ստացած հանրահավաքային տարածքներում։ Չեմ կարծում,  թե Սերժ Սարգսյանն իշխանությունից զրկվելուց հետո հանրահավաքային շարժման մասնակցի և, առավել ևս, առաջնորդի այն, բայց Բաղդասարյանի ներբողներից զգուշանալը չէր խանգարի։ Վատ նշան է։ Սա  հարցազրույցի քծնանքային հատվածի  մասով։ Իսկ ի՞նչ  է ասել ԱԽՔ-ը «քաղաքական» կտրվածքով։ Նա  փաստացի հայտարարել է, որ պատրաստվում է փող հավաքել, որպեսզի հաջորդ ընտրություններում  ինքն էլ պակաս փողատեր չլինի ու կարողանա իր տեղը զբաղեցնել «կոռմուշկայի» մոտ։

«... Ընտրություն կա, բայց ընտրության չափանիշները, ցավոք, փոխվել են: Առաջին պլան է մղվել փողը: Այսօր այն քաղաքական կազմակերպությունը, որը փող չունի, չի կարողանում ընտրություն կազմակերպել, որովհետև գաղափարի փոխարեն առաջին պլան են մղվում փողը, վարչական ռեսուրսները, և հետո միայն գալիս է գաղափարը, կառույցների կազմակերպվածությունը և այլն: Բնականաբար, ֆինանսապես մենք այդ պատրաստվածությունը չունեինք և այդ պատճառով հիմա մտադիր ենք իրականացնել զուտ արտադրատնտեսական բնույթի ծրագրեր»,-ասել  է Ա. Բաղդասարյանն «Առավոտի» լրագրողին։ 

Ստացվում է հետևյալ պատկերը.

1.      Իշխանական կոալիցիայի անդամը պաշտոնապես ընդունում է,  որ իր գործընկերները փողի ու վարչական ռեսուրսի միջոցով են տիրել պաշտոններին։

2.      Ոչ թե քննադատվում է 1-ին կետում նշված երևույթը,  այլ նշվում է, որ իրենք էլ են դա պատրաստվում անել և մտադիր են իրականացնել զուտ արտադրատնտեսական բնույթի ծրագրեր, որպեսզի համապատասխան չափի փող վաստակեն ու մասնակցեն ընտրություններին։

3.       Ա. Բաղդասարյանն իշխանության և բիզնեսի սերտաճման մասին պաշտոնական հայտարարություն է անում։

«Քաղաքականության մեջ առանց փողի հաջողության հասնել  հնարավոր չէ»,- «Առավոտի» էջերում անկեղծացել է  Արթուր Բաղդասարյանը։ Սա  արդեն  ինքնախոստովանական  ցուցմունք է։ Այն, ինչ նա ասել է,  գաղտնիք չէ։ Նույնիսկ  կարելի է ողջունել ՕԵԿ առաջնորդի «ատդուշի» արտահայտվելը։ Փաստորեն, հիմա եկել են «ափաշքարա»  ցինիզմի   ժամանակները, և «գործիչներն» ըստ այդմ են գործում։

Դե ինչ, ասվածը մենք բոլորս  պետք է ընդունենք ի գիտություն, և որոշենք, թե արդյո՞ք այս ամենը հանդուրժվելու է։

Անդրանիկ    Թևանյան   

Այս խորագրի վերջին նյութերը